Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք»-ը՝ վաճառքում

1849

Այսօրվանից՝ հոկտեմբերի 24-ից, Երևանի գրախանութներում վաճառքի է հանվել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» աշխատությունը: Այն հրատարակության է պատրաստել Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը: 

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս բացառիկ աշխատությունը առաջին անգամ հատվածաբար տպագրվել է ՀՅԴ ՀԱՅՐԵՆԻՔ (Բոստոն, ԱՄՆ) ամսագրում՝ 1923-1924 թվականներին, բացառությամբ վերջին երկու հատվածների:

ՀՅԴ-ի շարքերը լքելուց հետո Քաջազնունին խզել է աշխատակցությունը ՀԱՅՐԵՆԻՔ-ի հետ, և հոդվածաշարը մնացել է անավարտ, գրում է նրա մոտ բարեկամներից Սիմոն Վրացյանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետը:

Քաջազնունու անտիպ թողած ձեռագիրների մեջ մնացել է նաև «Ազգ և Հայրենիք»-ի վերջին մասը՝ երկու գլուխ, որոնք և ավելացվել են հատորին, երբ այն առաջին անգամ լույս է տեսել Սփյուռքում:

Վրացյանը ենթադրում է, որ վերջին երկու գլուխները Քաջազնունին գրել է Դաշնակցությունից հեռանալուց հետո:

“Քաջազնունին առաջ էլ իրեն համարում էր համայնավարական, գրեթէ անիշխանական, փիլիսոփայութեան հետեւող: Իր եզրակացութիւնները ազգի մասին տարբեր չէին նրա համար առաջ էլ”, գրում է Վրացյանը:

ԱՆԻ կենտրոնի ինչպես վերջին հրատարակությունները, այնպես էլ «Ազգ և Հայրենիք»-ը տպագրվել է “Լուսակն” տպարանում: Հատորը լույս է տեսել արևելահայերեն՝ մեսրոպյան ուղղագրությամբ, ինչպես հրապարակվել է ՀԱՅՐԵՆԻՔ-ում:

Գրքի հրատարակությունը հովանավորել է Սարգիս Պուտագեանը Բեյրութից: Գրքի առաջին շնորհանդեսը կկայանա Բեյրութում՝ հոկտեմբերի 28-ին՝ Հայ գրքի 37-րդ տոնավաճառում, և նոյեմբերի 1-ին՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում:

«Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի: Նրա այս հատորը շատ ծանոթ չէ Հայաստանի ընթերցողին: Եվ որպես պետական-քաղաքական գործիչ, և որպես գրող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնը իր համեստ լուման է ներդնում այս խոշոր հային, այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար», ասել է Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հակոբյանը հատուկ շնորհակալություն է հայտնել բարերար Սարգիս Պուտագեանին և հայագետ Արթուր Լազարյանին, ով սիրահոժար կերպով իր օգնությունն է բերել այս կարևոր աշխատության խմբագրման ու սրբագրման աշխատանքներում:

Երկու տարիների ընթացքում ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է հետևյալ հատորները.

Եղիշէ Քաջունի – «Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը»,

Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան – «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ.Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի»,

Հովհաննես Քաջազնունի – «Ազգ և Հայրենիք»:

Այժմ ԱՆԻ կենտրոնը հրատարակության է պատրաստում միանգամից երկու աշխատություններ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետներից Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային հատորը և Հնչակյան առաջնորդներից Ստեփան Սապահ-Գուլյանի «Պատասխանատուները»:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն