Հայաստանի նե՛րսը պիտի հետաքրքրի Սփյուռքի լրատվամիջոցներին

1541

Երեկ ծանոթացա Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի օրակարգին. ովքե՞ր են մասնակցում, ովքե՞ր են ելույթ ունենալու, ի՞նչ թեմաներով, ո՞ր պաշտոնյաների հետ են նախատեսված հանդիպումներ:

Միանգամից ասեմ, որ այսօր մեկնարկած համաժողովը ներկայացուցչական է, ինչպես նախորդները, ընդգրկում է Սփյուռքի գրեթե ողջ լրատվադաշտը՝ շուրջ երեք տասնյակ երկրներից ավելի քան 100 լրագրողներ:

Կասկած չկա, որ այս համաժողովները, որոնք անց են կացվում Սփյուռքի նախարարության հովանու ներքո, կարևոր են: Ոչ միայն այն իմաստով, որ դրանց ընթացքում քննարկվում են հայկական աշխարհի լրատվամիջոցների առաջ կանգնած խնդիրներ ու մարտահրավերներ, այլ որովհետև համաժողովը մեկտեղում է և միմյանց կապում Սփյուռքի լրատվամիջոցներին, կապեր ստեղծում և ամրապնդում լրագրողների միջև:

Շատ լավ է, որ համաժողովի մի մասը անց է կացվում Արցախում: Դա հնարավորություն է տալիս Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներին լինել նաև շփման գծում:

Սակայն շատ վատ է, որ Հայաստանի ներքին խնդիրները երբեք չեն դառնում Լրագրողների համահայկական համաժողովների քննարկումների նյութ: Թերթե՛ք բոլոր ութ համաժողովների օրակարգերը և չեք գտնի ծանրակշիռ ելույթներ Հայաստանի և Սփյուռքի համար այնքան կենսական մարտահրավերների մասին, ինչպես կոռուպցիան է, անարդար ու կեղծվող համապետական ընտրությունները, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները, Հայաստանը մաշող ու արյունաքամ անող արտագաղթը:

Քար անտարբերություն Հայաստանում մարդու իրավունքների խախտումների, ապօրինությունների, ժողովրդավարության պակասի ու բազմաթիվ այլ սպառնալիքների ու մարտահրավերների մասին, որոնք պետք է հետաքրքրեն սփյուռքահայ մամուլին:

Թուրքիան, Ադրբեջանը, Հայոց ցեղասպանությունը, Հայ դատը շարունակում են զբաղեցնել Լրագրողների համահայկական համաժողովների օրակարգի մեծ մասը:

Այս համաժողովի շրջանակներում ևս լրագրողները հանդիպելու են Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Էդվարդ Նալբանդյան, Բակո Սահակյան:

Սա էլ լավ է:

Բայց լավ չէ, երբ սփյուռքահայ լրագրողները չեն ցանկանում կամ չեն հետաքրքրվում հանդիպելու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների, անկախ, ոչ իշխանական  քաղաքագետների ու տնտեսագետների հետ: Դա անհրաժեշտ է Հայաստանում տիրող իրավիճակը ամբողջությամբ, բոլոր գույներով ընկալելու համար:

Տպավորություն է ստեղծվում, որ սփյուռքյան լրատվամիջոցներին հետաքրքրում է Հայաստանի և Արցախի իրականության միայն իշխանական մասը:

Հուսանք, որ Լրագրողների համահայկական հաջորդ՝ 9-րդ համաժողովի օրակարգը կծածկի նաև Հայաստանի ոչ իշխանական կեսը, իսկ զեկուցաբերների շարքում կլինեն նաև այդ ոչ իշխանական կեսի ներկայացուցիչներ:

Ամենաթունդ և հայրենասիրական կենացների պահին անգամ սթափ ձայնը օգտակար է:

Թաթուլ Հակոբյան