Ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը

3173

Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում, հատվածաբար, վերջում տեսանյութը՝ ամբողջությամբ

12 փետրվար, 2015 թվական

Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են:

Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:

Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:

Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:

Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:

Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:

1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:

2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:

4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:

Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և գործարարի, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը: