Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը

2312

Թուրքիան հերթական անգամ պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը կարծում է, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, քանի որ այն սպառնում է դառնալ հերթական Չեռնոբիլ:

«Եթե նույնիսկ յուրաքանչյուր երկիր ձեռնարկի անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ կապված իր ատոմակայանի հետ, մենք չենք կարող անտեսել մեր սահմաններին առկա վտանգները: Մենք պետք է գործենք միասին պոտենցիալ սպառնալիքների հարցում: Այս տեսանկյունից Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի», ասել է Ալբայրաքը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 60-րդ գլխավոր համաժողովին:

Թուրք նախարարը միևնույն ժամանակ իր ելույթում տեղեկացրել է, որ Անկարան ներկայում մտադիր է կառուցել երեք ատոմակայան, յուրաքանչյուրը՝ չորս ռեակտորով. ներկայում նպատակահարմարության ուսումնասիրություն է ընթանում:

Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույուն», կառուցում է Ռուսաստանը, երկրորդը՝ «Սինոփը», ֆրանս-ճապոնական համատեղ կոսնորցիումը:

Ալբայրաքը վստահեցրել է, որ ատոմակայանները համապատասխանելու են ԱԷՄԳ անվտանգության չափորոշիչներին:

Պաշտոնական Անկարայի այս պահանջը առաջին անգամ չէ հնչեցվել. տարիներ շարունակ Թուրքիան, ինչպես և Ադրբեջանը հանդես են գալիս հայկական ատոմակայանի փակման կոչերով՝ պնդելով, որ այն չի համապատասխանում սեյսմիկ անվտանգության ժամանակակից պահանջներին, հետևաբար՝ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը: Մեծամորի փակման պահանջներով պարբերաբար հանդես է գալիս նաև Եվրամիությունը՝ որպես փաստարկ բերելով դրա՝ միջուկային ահաբեկչության համար հեշտ թիրախ լինելը:

«Թուրքիայի մտահոգությունը Մեծամորը չէ»

«Թուրքիայի մտահոգությունը Մեծամորը չէ»,- դեռ 2012-ին գրել է լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի շուրթերով հնչեցված Անկարայի հերթական պահանջը՝ փակել Մեծամորը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ թուրքերը մտահոգվում են Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդրով»,- գրել է Հակոբյանը՝ հավելելով, որ «մտահոգությունը անկեղծ կլիներ, և դրան կարելի էր հավատալ, եթե Թուրքիան նման մտահոգություններով հանդես չգար պարբերաբար»:

«Մեծամորի ատոմակայանը փակվեց 1989թ.՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, քանի որ Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի իշխանությունները մտահոգված էին, որ նոր երկրաշարժերի դեպքում ատոմակայանը կարող է աղետ հասցնել Հայաստանին և ողջ տարածաշրջանին: Այդ օրերին դեռ թարմ էր Չեռնոբիլի հիշողությունը:

Թուրքիան պիտի լավ իմանա, թե ինչու փակված ատոմակայանը կրկին շահագործվեց: Որովհետև Թուրքիան և Ադրբեջանը շրջափակման մեջ էին պահում և այսօր էլ շարունակում են նույն թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին այլ ելք չի մնում, քան իր էներգետիկ անվտանգությունը ապահովել Մեծամորի ատոմակայանի աշխատանքի երկարաձգման հաշվին:

1995թ. հոկտեմբերի 27-ին պաշտոնապես վերաբացվեց, իսկ նոյեմբերի 5-ին էլեկտրաէներգիայի առաջին կիլովատտ ժամը տվեց Մեծամորի ատոմակայանի վերանորոգված երկրորդ էներգաբլոկը: Թուրքիան Հայաստանին հորդորեց չգործարկել ՀԱԷԿ-ը և թուրք մասնագետներին թույլ տալ քննության ենթարկել այն՝ պատճառաբանելով, թե ատոմակայանը կառուցվել է խորհրդային շրջանում, հետևաբար «հուսալիությունը վիճելի է»:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունն արձագանքեց՝ հիշեցնելով, որ Թուրքիան միշտ դեմ է եղել ՀԱԷԿ-ի վերագործարկմանը: Ավելին՝ Թուրքիան ՄԱԳԱՏԷ-ի անդամ է, իսկ վերջինիս մասնագետների ու փորձագետների բազում այցելությունների արդյունքում ձևավորված եզրակացությունն այն է, որ ՀԱԷԿ-ն ավելի անվտանգ է, քան այլ երկրներում գործող նմանատիպ շատ կայաններ: Այսինքն՝ Թուրքիան վիճարկում է ՄԱԳԱՏԷ-ի [ԱԷՄԳ – ՍիվիլՆեթ] եզրակացությունը, որի անդամ է ինքը:

Այն ժամանակ Ժիրայր Լիպարիտյանը, ի պատասխան թուրքական անհիմն պնդումների, հայտարարեց. «Ատոմակայանի վերագործարկումը Հայաստանին դարձնելու է է՛լ ավելի անկախ: Հենց դա էլ մտահոգում է Ադրբեջանին և Թուրքիային: Ատոմակայանի վերագործարկումը շրջափակումը թուլացնելու լավագույն միջոցառումներից մեկն է»:

Ամիսներ անց՝ 1996թ., Թուրքիայի վարչապետ Մեսութ Յըլմազը խոստացավ Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել, եթե Հայաստանը փակի Մեծամորի ատոմակայանը»,- նշել է վերլուծաբանը:

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ