Ռուսերէնն ու թուրքերէնը գալիս են խեղդելու իմ հայերէնը. «Ազգ և Հայրենիք»

1558

Հատվածաբար շարունակում ենք ներկայացնել Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» գործը

kadjaznuni-azgcover

Կեանքի անբարեհաջող պայմանները, արտաքին ոյժերն ու ճնշումները կարող են կաշկանդել կամ դժուարացնել մարդու ազատ ընտրութիւնը, մղել նրան՝ հակառակ իր կամքի, այս կամ այն կողմը:

Ես ուզում եմ հայախօս մնալ՝ սա է իմ ցանկութիւնը, ընտրութիւնը, պահանջը: Բայց ինձ ասում են. եթէ ուզում ես պետական պաշտօն ստանալ, պէտք է լաւ ռուսերէն գիտենաս. կամ՝ եթէ ուզում ես ապրանք ծախել ինձ, պէտք է ընտիր թուրքերէն խօսես հետս:

Ռուսերէնն ու թուրքերէնը գալիս են խեղդելու իմ հայերէնը:

Ի՞նչ անեմ ես, ի՞նչ դիրք բռնեմ՝ պայքարե՞մ թէ տեղի տամ:

Պայքարը պահանջում է ոյժերի լարում ու սպառում, հարկադրում է զրկանքների ու զոհաբերութիւնների… Յանուն ինչի՞ դժուարացնեմ իմ կեանքը կամ վտանգեմ բարեկեցութիւնս:

Յիշեցնեմ, որ ազգութեան դէմ արտայայտուողների սովորական առարկութիւններից մէկն էլ այն է, որ ազգերի անջատ գոյութիւնը պատճառ է դառնում մշտական ու անվերջ պայքարների:

Անշուշտ այդպէս է, քանի կան տարբեր ազգեր, անհրաժեշտօրէն պիտի լինի նաեւ ազգային պայքար: Բայց մի՞թէ լուրջ առարկութիւն է սա:

Որպէսզի հետագայում հարկադրուած չլինեմ վերադառնալու նոյն խնդրին, այստեղ եւեթ ասեմ մի քանի խօսք պայքարի մասին:

Եթէ ուզենանք վերացնել ասպարէզից պայքարը, պէտք է վերացնենք կեանքը առհասարակ, որովհետեւ ինքը ուրիշ բան չէ, քան անընդհատ պայքար: Կենսական բոլոր երեւոյթները ըստ էութեան պայքարի երեւոյթներ են: Պայքարը կեանքի հիմնական ու անհրաժեշտ պայմանն է. առանց պայքարի չկայ կեանք ու մանաւանդ առաջադիմութիւն: Անպայքար գոյութիւնը գերեզմանումն է (ու այն էլ մարդու համար միայն, որովհետեւ գերեզմանի խորքերումն էլ շարունակւում է պայքարը, թէեւ պայքարողը մարդը չէ այլեւս):

Ընկերային, կենսաբանական ու նոյնիսկ ոչ օրգանական կեանքի ամէն մի երեւոյթ՝ պայքարի արդիւնք է ու նոր պայքարի աղբիւր, պայքարի առարկայ ու պայքարի ենթակայ:

Ծովը մշտական պայքարի մէջ է ցամաքի հետ, քամին՝ անձրեւի հետ, այսինչ բջիջը, այսինչ բոյսը, այսինչ կենդանին ու այսինչ հաւաքականութիւնը՝ այնինչ բջիջի, այնինչ բոյսի, այնինչ կենդանու եւ այնինչ հաւաքականութեան հետ:

Բայց ոչ ոք մտքով չի անցկացնում թէ լա՛ւ կը լինէր, որ ծովն ու ցամաքը անջատ գոյութիւն չունենային ու այդպիսով վերացուէր նրանց պայքարը. չէ՞ որ ծովը աշխատում է քանդել իր ափերի ժայռերը, լայնանալ ու մեծանալ ցամաքի հաշուին, իսկ ցամաքը՝ գետերի օգնութեամբ, աշխատում է լեցնել աւազով ծովի խորութիւնը, նուաճել ջրային տարածութիւններ: Ոչ ոք մտքով չի անցկացնում, թէ լա՛ւ կը լինէր, որ անտառի մէջ գոյութիւն չունենային՝ կողք-կողքի, մայրին ու կաղնին, չէ՞ որ սրանք պայքարում են իրար հետ, աշխատում են գրաւել աւելի ու աւելի ընդարձակ տեղ, լոյս ու ջերմութիւն՝ իրենց սերունդը աճեցնելու համար: Ոչ ոք չի ասում, թէ լաւ կը լինէր, որ գոյութիւն չունենային մարմնամարզական ընկերութիւնները. չէ՞ որ սրանք պայքարում են ֆիլհարմոնիական ընկերութիւնների հետ, աշխատում են շատացնել իրենց անդամների թիւը՝ ի հաշիւ երաժշտասէրների…

Ոչ ոք չի ասում, որովհետեւ դա կը նշանակէր ժխտել ու բացասել կեանքը առհասարակ:

Ազգը, պայքարի տեսակէտից, բացառութիւն չի կազմում կենսական միւս երեւոյթների շարքում:

Կարելի է ու պէ՛տք է ըմբոստանալ պայքարի այս կամ այն ձեւի, այս կամ այն արտայայտութեան դէմ (խօսքս ընկերային երեւոյթների մասին է, ի հարկէ, միւս կարգի երեւոյթները ենթակայ չէն մարդու կամքին ու ընտրութեան), բայց ոչ պայքարի դէմ առհասարակ: Մտքի կատարեալ շփոթութիւն կը լինէր՝ դատապարտելի յայտարարել այս կամ այն երեւոյթը այն պատճառով միայն, որ նա ծնունդ է տալիս պայքարի:

Ճիշդ է, ազգերի պայքարը կարող է ստանալ այնպիսի ձեւեր, որ կորստաբեր են թէ՛ պայքարող ազգութիւնների եւ թէ՛ ամբողջ մարդկութեան համար, բայց սա պատճառ չէ, որ դատապարտուի ազգ-երեւոյթը ինքստինքեան կամ ազգային պայքարը ընդհանրապէս:

Օջախի կրակը կարող է հրդեհի վերածուել ու այրել, ոչնչացնել մի ամբողջ քաղաք: Մարդիկ օրէնքներ են սահմանում ու միջոցներ ձեռնարկում՝ հրդեհի առաջն առնելու կամ նրա դէմ կռուելու համար: Սա հասկանալի է, նպատակայարմար ու անհրաժեշտ: Բայց ոչ ոք մտքով չի անցկացնում՝ հրդեհի երկիւղից, հանգցնել օջախների կրակը կամ դժգոհել, որ կրակը այրելու ընդունակութիւն ունի. չէ՞ որ այրելու ընդունակութիւնը նոյն տաքացնելու ընդունակութիւնն է, որ այնքան արժէքաւոր, այնքան անհարժեշտ է մարդու համար:

Իթթիհատական Թիւրքիան բնաջինջ արաւ կամ երկրից դուրս քշեց արեւելյան վիլայէթների ամբողջ հայ ազգաբնակութիւնը: Ահա՛ ազգային պայքարի մի արտայայտութիւն, պայքարելու մի ձեւ, որի որակումը վէճ չի վերցնում:

Բայց ահա եւ մի ուրիշ արտայայտութիւն. Վանի մէջ գերմանական միսիոնարները հիմնեցին, ամերիկեան շատ լաւ դպրոցի կողքին, իրենց սեփական, աւելի եւս լաւ դպրոցը, հաւաքեցին հայ մանուկներին եւ հայերէն լեզուի ու ուրիշ գիտութիւնների շարքում սովորեցրին նաեւ գերմաներէն կարդալ-գրել ու մի քիչ խօսել: Սա եւս ազգային պայքար է. գերմանական լեզուն եկել է Վան պայքարելու անգլիական լեզուի դէմ, նոր նուաճումներ անելու, լայնացնելու իր տարածման սահմանները:

Մի այլ օրինակ. ռուսական թատրոնը պայքարում է այսօր ֆրանսիական թատրոնի դէմ, բեմադրում է նոյնիսկ  Փարիզի բեմերի վրայ իր երկերն ու իր արտիստները, խաղալու ձեւը, ուրոյն ձեւը, ուրոյն ոճը եւ գեղարուեստական արտայայտութեան այնպիսի միջոցներ, որ խորթ ու անծանօթ են եղել ֆրանսիական թատրոնին:

Արդ՝ իթթիհատականների գործը ցնցեց ամբողջ մարդկութիւնը, ընդհանուր զզուանք ու զայրոյթ առաջ բերեց, բայց ոչ ոք չբողոքեց գերմանական միսիոնարների կամ Ստանիսլավսկու թատրոնի դէմ, թէեւ երեքի արածն էլ նոյն ազգային պայքարի արտայայտութիւններն են:

Ինչո՞վ բացատրել այս տարբերութիւնը:

Պատասխանը պարզ է. որովհետեւ իթթիհատականները ոչնչացրին արժէքներ (մարդկային կեանք ու տնտեսութիւն), մինչդեռ գերմանական միսիոնաներն ու ռուս արտիստները նոր արժէքներ ստեղծեցին:

Ջարդերը Թիւրքահայաստանում զրկեցին կեանքից մի քանի հարիւր հազար մարդ եւ ուրիշ հարիւր հազարներին տնաւեր ու տնազուրկ արին, դժբախտացրին. ապա՝ զրկեցին Մերձաւոր Արեւելքը. ուրեմն եւ ամբողջ մարդկութիւնը՝ աշխատաւոր ձեռներից ու քաղաքակրթական տարրերից:

Կործանարար գործ էր սա:

Բայց ամերիկեան ու գերմանական միսիոնարները՝ պայքարելով Վանում իրար դէմ, սովորեցրին հայ մանուկներին գերմաներէն ու անգլիերէն լեզու, մի քիչ աւելի քաղաքակրթութիւն մտցրին երկրի մէջ, մի քիչ աւելի կապեցին Վանայ հայութիւնը Եւրոպայի ու Ամերիկայի հետ, հեշտացրին հաղորդակցելու ու աշխատակցելու միջոցները:

Շինարար էր այս գործը:

Շինարար է նոյնպէս ռուսական թատրոնի պայքարը ֆրանսիականի դէմ:

Ֆրանսիացուն պէտք է, որ ռուսը իր ռուսական խօսքն ասի ու հակադրի ֆրանսիականին: Ֆրանսիական թատրոնը՝ ռուսականի ազդեցութեան տակ չի ռուսանայ, ի հարկէ, չի մոռանայ Մոլիերից, Տալմայից ու Ռաշելից ժառանգած աւանդութիւնները, կը մնայ ֆրանսիական: Բայց մոսկուացիների ասպարէզ գալը նոր հեռանկարներ կը ցուցադրի, նոր ճանապարհներ կը բանայ, կեանք ու աշխոյժ կը ներշնչի, կը հարկադրի ստեղծագործելու, որոնելու ու գտնելու գեղարուեստական նոր ձեւեր, չի թողնի, որ քարանայ մէկ անգամ մշակուած ձեւերի մէջ, ինչպէս քարացած էր դարեր շարունակ չինական գեղարուեստն ու արհեստը:

Այս պայքարից շահում է ե՛ւ ֆրանսիացին, ե՛ւ ռուսը, ե՛ւ ես, որ ոչ ֆրանսիացի եմ, ոչ էլ ռուս, բայց որոշ չափով մասնակից եմ համամարդկային կեանքին, վայելում եմ քաղաքակրթութեան բարիքները:

Աւելորդ եմ համարում երկարացնել այս ուղղութեամբ: Պայքարի փաստը ինքնըստինքեան՝ առարկութիւն չէ ազգերի դէմ, պայքարը կարող է լինել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական (աւելի դրական, քան բացասական): Պէտք է ուրեմն որոնել ուրիշ հիմնաւորումներ ազգ-երեւոյթը գնահատելու համար:

Վերեւում փորձ արի ուրուագծելու, թէ ի՛նչ ճանապարհներով ամրապնդւում է, ինքնահաստատւում կամ հակառակը՝ կազմալուծւում, ապազգայնանում ոեւէ ազգ:

Պէ՞տք է արդեօք աւելացնել, որ իմ գծածը՝ սխեմաներ են միայն եւ ոչ կենսական ծրագրեր: Իրականութեան մէջ կարելի չէ եւ ոչ էլ պէտք կայ հետեւել բառացիօրէն այդ զտուած ու խիստ միակողմանի սխեմաներին:

Հասկանալի է, որ իմ տղին աստիճանաբար թուրքացնելու կամ թուրքանալու ճամբին վրայ դնելու համար անհրաժեշտ չէ, որ անունը անպատճառ Մահմէդ դնեմ (Արամը նոյնպէս կարող է թուրքանալ) եւ ռուսացնելու համար բնաւ կարիք չկայ, որ ծննդեան տօնը անպատճառ Դեկտ. 25ին տօնել տամ (Սուրբ Սարգիսի պասը պահողն էլ կարող է ռուսանալ): Միւս կողմից, հայ մնալու համար անհրաժեշտ չէ, ոչ էլ նպատակայարմար, որ շուրջս չինական պարիսպ քաշեմ, զրկեմ ինձ ու իմ ազգակիցներին Նասրեդդին Հոջայի այնքա՛ն համով զրոյցներից ու Շալեապինի այնքա՛ն գեղեցիկ երգերից:

Ասի արդէն, որ Հասանի ու Իվանի հետ կենակցելն ու գործակցելը ոչ միայն անխուսափելի, այլեւ շա՛տ կարեւոր բան է հենց իր՝ Արամի համար: Այդ չէ խնդիրը: Ամբողջ խնդիրը նրանումն է, թէ այդ միջազգային, հանուր մարդկային կենակցութեան մէջ ո՞րը պէտք է համարել հիմնական, կեանքին ուղղութիւն ու բովանդակութիւն տուող եւ ո՞րը՝ օժանդակող, լրացուցիչ:

Այստե՛ղ է ահա, որ կարող են բաժանուել ճանապարհները եւ այստե՛ղ է, որ պէտք է ընտրութիւն անել (իսկ ընտրութեան հետ միասին՝ նաեւ պայքարել):

Ազգը՝ պատմական երեւոյթ է ու ազգերի գոյութիւնը՝ անհերքելի փաստ…

Այո՛, բայց ամէն մի պատմական երեւոյթ ու ամէն մի իրական փաստ սրբութիւն հօ չէ՞ ինձ համար:

Եթե այդպէս լինէր, ես պիտի հրաժարուէի որեւէ գնահատումից առհասարակ ու խոնարհուէի ամէն մի իրականութեան առջեւ ընդհանրապէս, որովհետեւ չկայ մի երեւոյթ, որ չունենայ իր պատճառները անցեալում ու չանրադառնայ ներկայի վրայ:

Պատճա՞ռ է սա, որ ես ցանկալի համարեմ այդ երեւոյթները, պաշտպան կանգնեմ դասակարգին ու պետութեան, պայքարեմ նրանց գոյութիւնը յաւերժացնելու համար:

Իմ պատասխանը այդ հարցին բացասական է:

Երբ ես իմ մտքի մէջ պատկերացնում եմ լաւագոյն կազմակերպութիւն հանուր-մարդկային համակենակցութեան համար, ոչ դասակարգային եւ ոչ էլ պետական բաժանումները տեղ չեն գտնում այդ կազմակերպութեան մէջ: Ի՛նչ էլ եղած լինի սրանց դերը անցեալում եւ որքան էլ անխուսափելի ու նոյնիսկ անհրաժեշտ լինի գոյութիւնը ներկայում, ես ցանկանում եմ ու նախատեսնում այն շատ լաւ օրը, երբ մարդկութիւնը ի վիճակի կը լինի ազատագրուելու դասակարգերից (որ կազմակերպուած շահագործութիւն է) ու պետութիւններից (որ կազմակերպուած բռնութիւն է):

Ես հարկադրուած եմ հաշուի առնել դասակարգերի ու պետութիւնների մէջ գոյութեան փաստը: Տուեալ պայմանների մէջ ու որոշ նկատումներով կարող եմ հանդուրժել նրանց գոյութիւնը՝ իբրեւ ժամանակաւոր ու անցողակի, բայց անխուսափելի չարիք. կարող եմ այսօր չկռուել կամ սահմանափակել կռիւս յարձակումներով, վերապահելով ընդհանուր գրոհը ապագային, երբ աւելի լաւ զինուած լինեմ. վերջապէս, այս կամ այն դէպքում կարող եմ նոյն իսկ պաշտպանել գոյութիւն ունեցող չարիքը, աւելի վատթար չարիքները կանխելու համար… Բայց եւ այնպէս՝ իմ գնահատումն ու վերաբերումը կը մնան բացասական:

Ի՞նչ կը կորցնեն մարդ-անհատն ու ամբողջ մարդկութիւնը՝ իբրեւ մարդ-անհատների մի մեծ հաւաքականութիւն, եթէ սոցիալ-տնտեսական փոխ-յարաբերութիւնները ձեւեւորուեն այնպէս, որ ասպարէզից վերանան ի սպառ դասակարգային բաժանումները, ժողովուրդները ապադասակարգայնանան կամ, ուրիշ խօսքերով՝ կազմեն մի հատիկ աշխատաւոր դասակարգ: Իմ խորին համոզումով՝ ոչինչ չեն կորցնի ու շատ բան կը շահեն:

Ի՞նչ կը կորցնեն մարդ-անհատն ու մարդկութիւնը՝ իբրեւ հաւաքականութիւն, եթէ հնարաւորութիւն գտնուի կազմակերպել քաղաքական կեանքը այնպէս, որ վերանան ասպարէզից բոլոր պետական բաժանումները, բոլոր պետութիւնները՝ իրենց կենտրոնացած բարդ մեքանիզմներով, օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններով (պարլամենտներով ու կառաւարութիւններով), իրենց բանակներով, դատարաններով, ոստիկանութիւններով ու բանտերով եւ տեղի տան ինքնաւար համայնքների մի ընդարձակ Դաշնակցութեան: Իմ խորին համոզումով՝ ոչինչ չեն կորցնի ու շա՛տ բան կը շահեն:

Կարո՞ղ եմ ասել նոյնը եւ ազգերի վերաբերմամբ:

Կարո՞ղ եմ ասել, թէ ազգային բաժանումները նոյնպէս չարիք են, թերեւս՝ անխուսափելի ու նոյնիսկ անհրաժեշտ պատմական որոշ պայմանների մէջ, բայց եւ այնպէս՝ չարիք:

Կարո՞ղ եմ ասել, թէ մարդ-անհատն ու մարդկութիւնը ոչինչ չեն կորցնի ու դեռ մի բան շահած կը լինեն, եթէ վերանան բոլոր ազգային բաժանումները ու ամբողջ մարդկութիւնը ձուլուի մի հատիկ ազատութեան մէջ, այսինքն՝ կլանուի մի տիպի մշակոյթի մէջ

Այդ ես չեմ կարող ասել: Պէտք է ասեմ ճիշդ հակառակը. այն, որ, իմ խոր համոզումով, մարդ-անհատն ու մարդկութիւնը այդ դէպքում շա՛տ բան կորցրած կը լինեն ու ոչինչ՝ շահած:

Թողնեմ վերացական դատողութիւնները եւ խնդիրը լուսաբանելու համար փորձեմ խօսել կենդանի օրինակներով:

Ահա երկու ինքնատիպ, լրիւ արտայայտուած ու որոշակի կաղապարուած մեծ ազգեր՝ անգլիականն ու ֆրանսիականը:

Ի՞նչ շահած կամ կորցրած կը լինէին իրենք ֆրանսիացիներն ու անգլիացիները եւ ես, որ ոչ անգլիացի եմ, ոչ ֆրանսիացի, եթէ անցեալում գոյութիւն ունեցած չլինէր կամ ապագայում դադարէր գոյութիւն ունենալուց այս երկու ազգերից մէկը կամ միւսը:

Մօտ քառասուն միլիոն ֆրանսիացի կազմում են այսօր ֆրանսիական ազգը, մօտ քառասուն միլիոն անգլիացի (բարդութիւնները վերացնելու համար հաշուի եմ առնում միայն բուն Անգլիան ու կլորացնում եմ թուերը) կազմում են անգլիական ազգը: Ի՞նչ կը լինէր, եթէ,  փոխանակ այդ երկու անջատ ազգերի, գոյութիւն ունենար մէկը միայն առանց միւսի՝ ութսուն միլիոնանոց մի անգլիական ազգ (առանց ֆրանսիականի) կամ ութսուն միլիոնանոց ֆրանսիական ազգ ( առանց անգլիականի):

Կարելի է ասել առանց վերապահումների ու տատանումների, որ ամբողջ քաղաքակրթութիւնը կ’ունենար ուրիշ կերպարանք, քան ունի այսօր. այդ երկու ազգերից մէկի պակասը խորապէս անրադարձած կը լինի հոգեկան ու նոյնիսկ նիւթական մշակոյթի բոլոր երեւոյթների վրայ:  Ընդգծում եմ՝ բոլոր երեւոյթների: Բայց իմ թէզը հիմնաւորելու համար բաւական եմ համարում մատնանիշ անել այստեղ մի հատիկ պակասը միայն՝ լեզուներից մէկի պակասը:

Պարզ է, որ եթէ պակասէր ազգերից մէկը, պակասած պիտի լինէր նաեւ լեզուներից մէկը. չէր լինի ե՛ւ անգլերէնը, ե՛ւ ֆրանսերէնը, այլ կը լինէր կամ միայն անգլերէնը (կրկնակի ծաւալով, բայց առանց ֆրանսերէնի), կամ միայն ֆրանսերէնը (դարձեալ կրկնակի ծաւալով, բայց դարձեալ առանց անգլերէնի):

Եթէ պակասէր լեզուներից մէկը, պակասած կը լինէր նաեւ գրականութիւններից մէկը. մարդկութիւնը չէր ունենայ ե՛ւ անգլիական, ե՛ւ ֆրանսիական գրականութիւն, ոչ միայն անգլիական առանց ֆրանսիականի կամ միայն ֆրանսիական՝ առանց անգլիականի:

Հեղինակների թիւը ու հրատարակուած գրքերի քանակը կը մնային նոյնը, բայց երկու տարբեր գրականութիւնների, այսինքն՝ երկու տարբեր մշակութային արժէքների փոխարէն կ’ունենայինք մէկը միայն: Տարակոյս չկայ, որ այդպէս կը լինէր, որովհետեւ ծաւալով կրկնապատկուած անգլիական գրականութիւնը կը մնար այնուամենայնիւ անգլիական ու ծաւալով կրկնապատկուած ֆրանսիականը՝ այնուամենայնիւ ֆրանսիական:

Չէինք ունենայ Չօսեր ու Ռաբլէ, Շէքսպիր ու Մոլիեր, Սվիֆթ ու Վոլտեր, Բայրըն ու Լամարտին, Շելլի ու Բերանժէ, Վալտեր Սկոտ ու Հիւգօ, Դիկկենս ու Բալզակ, Ուալդ ու Մոպասան… այլ կ’ունենայինք երկու Չօսեր (առանց Ռաբլէի), երկու Շէքսպիր (առանց Մոլիերի) եւայլն, կամ՝ հակառակը՝ երկու  Ռաբլէ (առանց Չօսերի), երկու Մոլիեր (առանց Շէքսպիրի) եւայլն:

Իմ գրադարանի մէջ ես ունեմ այսօր մի պատմական վէպ՝ «Քվենտին Դորվարդ», որ գրել է անգլիացի Սկոտը եւ մի ուրիշ պատմական վէպ՝ «Փարիզի Աստվածամայրը», որ գրել է ֆրանսիացի Հիւգոն: Եթէ ֆրանսիական ազգը գոյութիւն չունենար (օրինակ՝ լուծուած լինէր անգլիականի մէջ), ես չէի ունենայ Հիւգայի «Աստւածամայրը», այլ կ’ունենայի մի երկրորդ «Դորվարդ», որ գրած կը լինէր մի երկրորդ Սկոտ: Իսկ եթէ գոյութիւն չունենար անգլիական ազգը (օրինակ՝ լուծուած լինէր ֆրանսիականի մէջ), ես չէի ունենայ «Քվենտին Դորվարդը», այլ կ’ունենայի մի ուրիշ «Փարիզի Աստվածամայրը», որ գրած կը լինէր մի ուրիշ Հիւգօ (ասենք՝ մի Մերիմէ գրած կը լինէր մի «Քրոնիկոն Շարլ 9րդի ժամանակներից»):

Բայց երկրորդ «Դորվարդը» (ինչ անուն էլ կրի նա) երբեք չի կարող լրացնել «Աստուածամօր» պակասը, ինչպէս եւ երկրորդ «Աստուածամայրը» (ասենք՝ Մերիմէի «Քրոնիկոնը») երբեք չի կարող փոխարինել բացակայող «Դորվարդը»: Չի կարող, որովհետեւ տարբեր տիպի գրական երկեր են սրանք:

Ուշադրութիւն դարձրէք այս խիստ կարեւոր հանգամանքի վրայ:

Ֆրանսիական վէպը՝ անկախ հեղինակից, նոյնը չէ, ինչ որ է անգլիականը. ֆրանսիական վէպը՝ ե՛րբ եւ ո՛ւմ ձեռքով էլ գրուած լինի, մնում է միշտ ֆրանսիական ու միայն ֆրանսիական:

Հնարաւորութիւն չունեմ ապացուցանելու այս ճշմարտութիւնը եւ ոչ էլ կարիք, քանի որ նա վաղուց արդէն ճանաչուած ու հաստատուած է: Կասկածողներին խորհուրդ եմ տալիս թերթել գրականութեան պատմութիւնն ուսուցանող առաջի պատահած ձեռնարկը կամ, որ աւելի լաւ է,  յիշել, քննութեան առնել ու վերլուծել սեփական տպաւորութիւնները: Յիշեցէք ձեզ ծանօթ ֆրանսիական ու անգլիական հեղինակները, յիշեցէք նրանց երկերը (խօսքս մեծ հեղինակների ու գրական բարձր արժէք ունեցող երկերի մասին է, հարկաւ), համեմատութեան դրէք ձեր գիտցածը եւ կը տեսնէնք, վստահ եմ, թէ կը տեսնէնք, որ կայ մի ուրոյն գիծ, մի առանձին համ ու հոտ, որ կապում է մի ամբողջ անգլիական գրականութիւնը եւ որոշակի բաժանում է ֆրանսիականից:

Կորնելն ու Մոլիերը, Ռուսոն ու Վոլտերը, Լը Սաժն ու Բօմարշէն, Շատօբրիանն ու Հիւգոն, Ստենդալն ու Բալզակը, Ֆլորերն ու Զոլան, Ռոստանն ու Ֆրանսը տարբեր ժամանակների, տարբեր «դպրոցների», տարբեր տաղանդների ու տարբեր անհատականութիւնների վարպետներ են. բոլորն էլ սակայն ֆրանսիացի են, բոլորն էլ գրել են ֆրանսերէն լեզուով եւ այս իսկ պատճառով բոլորի երկերն էլ որոշակի դրոշմուած են նոյն ֆրանսիական ազգային դրոշմով: Տեսէ՛ք. նոյն յստակ կանոնաւորութիւնը կառուցուածքի մէջ, այսինքն՝ նոյն արհեստականութիւնն ու «վարպետութիւնը» նիւթի դասաւորման, գործողութեան զարգացման, հոգեբանական հիմնաւորումների ու նկարագրերի մէջ. ձեւի ու համաչափութեան նոյն խիստ պահանջը, անխորտակելի բնազդը. նոյն վերացական, զուտ ուղեղային տրամաբանութիւնը, միշտ արթուն bon sensը եւ սուր, փայլուն espritն, ապա՝ կանոն, հաշիւ ու արհեստ՝ փոխարէն ազատ ու անզուսպ ստեղծագործութեան, վարպետական ձեւաւորում՝ փոխարէն կեանքի տարերային անկանոնութեան, ակադեմիական գեղեցկութիւն փոխարէն գեղանկարի, սրամտութիւն ու սրախօսութիւն փոխարէն կոմիզմի, կոմիզմի փոխարէն հումորի, հռետորական պաթոս փոխարէն հոգու աղաղակի…

Ի՛նչ խօսք, որ այս հիմնական գծերը արտահայտւում են շատ տարբեր ձեւերով տարբեր հեղինակների գործերի մէջ (ժամանակը, դպրոցը ու հեղինակի անհատականութիւնը գունաւորում են իրենց յատուկ գոյներով ազգային տիպը), բայց էականն այն է, որ տիպը կայ եւ ընդհանուր է բոլորի համար: Ուշադրութիւն դարձրէք, որ մեծ ռոմանտիկ Հիւգոն՝ ռոմանտիկական պարոքսիզմի գագաթնակէտին իսկ մնում է հոգու խորքում նոյնքան զգաստ ու սառն որքան զգաստ ու սառն են դասական Կորնելն ու naturaliste (բնութապաշտ) Զոլան:

Ի՜նչ մեծ ու բնորոշ տարբերութիւն, եթէ համեմատութեան դնէնք անգլիական գրուածքների հետ… Նոյնքան բնորոշ ու մեծ, որքան է տարբերութիւնը Վերսայլի պալատի ու Վինձորի ամրոցի միջեւ կամ Տիւլըրիի պարտէզի ու Լոնդոնի Հայդ-պարքի միջեւ:

Անգլիացին ու ֆրանսիացին տարբեր աչքերով են տեսնում բնութիւնն ու կեանքը, տարբեր տեղեր են որոնում ու տարբեր ձեւերի մէջ գտնում գեղեցկութիւնը: Վոլտերի համար Շէքսպիրը «վայրենի» է. իսկ Շէքսպիրը (եթէ ապրէր մինչեւ «Զայիր»ի օրերը), անշուշտ կը յայտարարէր Վոլտերի ողբերգութիւնները մտացածին ու շինծու, անկենդան ու տաղտկալի:

Անգլիացին ունի զգալու, ըմբռնելու, ու արտայայտելու մի ուրոյն եղանակ, որ յատուկ է իրեն միայն ու խորթ է՝ համարեա անմատչելի ֆրանսիացուն: Եւ հակառակը:

Ապա՝ անգլիացու ազգային մտայնութիւնը անդրադարձել է իր լեզուի վրայ եւ անգլիերէնը  միակ լեզուն է, որ ընդունակ է լրիւ ու հարազատօրէն արտայայտել անգլիացու ուրոյն մտայնութիւնը:

«Պիկվիկի արկածները» կարելի էր գրել միայն անգլիացին ու միայն անգլիերէն լեզուով, ինչպէս եւ «Սիրանօ դը Բերժերակ»ը կարելի էր գրել միայն ֆրանսիացին ու միայն ֆրանսերէն լեզուով:

Ազգային հանճարների ինքնատիպ արտայայտութիւններ են սրանք, որ օրգանապէս կապուած են ազգային լեզուների հետ:

Ոչ միայն գրական երկի մէջ, այլ եւ ընդհանրապէս լեզուն անբաժանելի է մտքից: Գիտէ՞ք, որ մարդը ոչ միայն արտայայտւում, այլ եւ մտածում է լեզուով եւ որ լեզուն՝ խոշոր չափերով՝ կաղապարում է միտքը: Պարադոքս չէր լինի ասել, թէ Օգիւստ Կոնտը, Հանրի Պուանկարէն ու Բերգսոնը մտածել են ֆրանսերէն, իսկ Միլլը, Սպենսերը կամ Լորդ Կելվինը՝ անգլիերէն… Ի՜նչ հրաշալի գործիք էր Կոնտի ձեռքին բիւրեղի պէս յստակ ու ածելիի չափ սրած-յղկած ֆրանսերէնը՝ իր վերացական պոզիտւիւիզմը  ձեւակերպելու համար. եւ ո՞վ կարող է ասել, թէ այդ գործիքը ինքը ուղղութիւն չի տուել ուսուցչի մտքին: Մի քիչ վերապահօրէն եմ ասում, բայց կարծում եմ, որ միտքը իսկապէս գիտակցում է ու ամբողջանում այն ժամանակ միայն, երբ գտնում է համապատասխան խօսքը. խօսքի մէջ չձեւաւորուած միտքը. կէս միտք է միայն, մտքի սաղմ, պոտենցիա, բայց ոչ ինքը միտքը:

Լեզուն՝ ազգային անհատականութեան այդ գերագոյն արտայայտութիւնը՝ դնում է իր անջնջելի դրոշմը մարդու մտքի վրայ ընդհանրապէս, իսկ գեղարուեստական խօսքի վրայ, յատկապէս ու առանձնապէս:

Մարդկային խօսքը ալջեբրայական կամ քիմիական ֆորմիւլ չէ, հնչիւնների մի պայմանական դասաւորում չէ այս կամ այն վերացական գաղափարը նշանակելու համար: Խօսքը հոգեկան կեանքի մի շատ նուրբ արտայայտութիւն է, թրթռուն ու զգայուն: Խօսքը ծնւում է մտքի հետ միասին, նրա հետ զուգընթացաբար զարգանում է, հասունանում, զօրեղանում:

Գիտեմ, հարկաւ, որ ամէնից աւելի զարգացած լեզուն անգամ շատ թերի, շատ անկատար միջոց է հաղորդակցուելու, մտքեր ու ապրումներ փոխանակելու, հասկանալու եւ հասկացնելու համար: Բայց լեզուն անկատար է ճիշդ այնչափ, որչափ անկատար է  ինքը միտքը. խօսքը տարտամ է ու անստոյգ այն պատճառով միայն, որ տարտամ ու անորոշ է իրեն ծնունդ տուող միտքը: Երբ միտքը գիտակցուած է պարզօրէն ու ամբողջովին, նա գտնում է կամ յօրինում հարկաւոր խօսքը, աւելի ճիշդ՝ այդ խօսքի մէջ է, որ գտնում է իր պարզումն ու ամբողջացումը:

 

Լեզուն հաւաքական ստեղծագործութիւն է եւ ստեղծագործող հաւաքականութիւնը ազգն է:

Հաւաքականօրէն ստեղծագործելու համար բաւական չէ սոսկ մեքանիքական կապակցութիւն (օրինակ՝ կենակցութիւնն նոյն պետական կազմի մէջ). պէտք են օրգանական կապեր, հոգեկան միութիւն: Հաւաքական կեանքը (կեանքը, եւ ոչ սոսկ կենակցութիւնը) երկար դարերի ընթացքում, սերունդից սերունդ ժառանգօրէն փոխանցուած հոգեկան տիպը, զգալու եւ մտածելու ուրոյն եղանակը՝ սա՛ է, որ կազմում է  ազգը եւ սա է, որ ծնունդ է տալիս լեզուներին: Լեզուները չեն շինւում գործարաններում անկենդան նիւթերից, ինչպէս շինւում է գրամոֆոնը եւ չեն յօրինւում գիտնականների խուցերում, ինչպէս յօրինւում է համր-խուլերի այբբենը: Ոչ, լեզունները ծնւում են կենդանի օրգանիզմներից, ազգ մարմիններից, ինչպէս ծնւում է ամէն մի կենդանի էակ:

Էսպերանտոն (միջազգային, արհեստականօրէն շինուած, պայմանական լեզուն) լեզու չէ եւ երբեք չի կարող լինել, երբեք չի կարող փոխարինել կենդանի լեզուները:

Չեմ ուզում ասել, թէ՝ ուրեմն, աւելորդ բան է էսպերանտոն: Ոչ, նրա մեծ օգտակարութիւնը ու նոյնիսկ բացարձակ անհրաժեշտութիւնը ակներեւ է այնտեղ, բայց այնտեղ միայն, ուր տարբեր լեզուների մարդիկ հաղորդակցութեան մէջ են մտնում՝ բովանդակութեամբ պարզ ու գունաւորումներից զուրկ մտքեր փոխանակելու համար:

Եթէ ես ափ եմ իջել Նագասակի նաւահանգստում ու պէտք է հարցնեմ ճափոն ոստիկանից «Նիպոն» պանդոկի ճամբան, պարզ է, որ էսպերանտոն մեծ ծառայութիւն կարող է մատուցանել ե՛ւ ինձ, եւ ճափոն քաղաքապահին: Եթէ ես տեղեկութիւն պիտի առնեմ Բուէնոս-Այրէսից, թէ ի՞նչ գնի է ցորենը այնտեղի շուկայում. եթէ Քվեբեկի մետէորոլոգիական կայանը (ենթադրում եմ թէ այդպիսի մի հիմնարկութիւն պիտի լինի Կանադայի մայրաքաղաքում) նախազգուշացնելու է Ատլանտեան ովկիանում գտնուող բոլոր ազգի նաւերը, թէ Գրենլանդիայի ափերից, հիւսիս արեւելեան ուղղութեամբ, առաջանում է մի ահարկու փոթորիկ, եթէ Էյֆելեան աշտարակի գագաթից լուր պէտք է տալ աշխարհի չորս կողմը, թէ Վերսայլում կնքուեց խաղաղութեան դաշն Գերմանիայի հետ, եթէ գերման վիճակագիրները ուզում են հովացնել իրենց հայրենակիցների այրուած սրտերը, յայտարարելով ի գիտութիւն ամէնքի, որ ծննդաբերութիւնը Ֆրանսիայում 1922 թուականին կէս տոկոսով պակաս է եղել, քան նախորդ տարին, եթէ… Այս «եթէ»ների շարքը ընթերցողը ինքը կարող է երկարացնել՝ յօգուտ էսպերանտոյի, որքան կամենայ: Ակներեւ է ու անհերքելի, որ այս կարգի պէտքերի համար էսպերանտոն միանգամայն բաւարար ու շատ նպատակայարմար միջոց է հաղորդակցութեան:

Բայց ակներեւ է այն, որ որքան էլ երկարացուի շարքը, այնուամենայնիւ դուրսը կը մնայ ապրումների մի ամբողջ աշխարհ, հաղորդակցւելու մի ծով-կարիք, որի հանդէպ անզօր է էսպերանտոն:

Կարո՞ղ էր Գրիգոր Նարեկացին ուղղել Աստծուն իր սրտի ողբը էսպերանտո լեզուով: Մեր շատ սիրելի սըր Ջօն Ֆալստաֆը կարո՞ղ էր պատմել այդ լեզուով իր քաջագործութիւնները եւ ի՞նչ կը մնար խեղճ Ֆալստաֆից, եթէ նա ներկայանար ընթերցողին էսպերանտիստների բառարանից քաշած, անգիր արած բառերով: Կարո՞ղ էր Հայնէն գրել իր այնքա՜ն սրտառուչ, այնքան գողտրիկ երգերը էսպերանտո լեզուով: Այդ միջազգայնականի շինծու բառերը ու արհեստականօրէն կազմուած քերականութիւնը կարո՞ղ էին արտայայտել բանաստեղծի յուզումը, մտքի նրբութիւնները, պատկերների գունաւորումը ու արթնացնել մտքերի եւ պատկերների այն բարդ շաղկապումները, որոնց մէջն է խօսքի ոյժն ու ազդելու կարողութիւնը…

Մի՛ ասէք, թէ սրանք բանաստեղծներ են ու իրենց խօսքը բանստեղծական է:

Կենդանի խօսքը բանաստեղծական է առհասարակ ու ամէն մի մարդ խօսելիս բանաստեղծում է անգիտակցաբար, աւելի կամ պակաս չափով (նայած խառնուածքին): Բանաստեղծօրէն արտայայտելու կարիքն ու ընդունակութիւնը հիմնական յատկութիւններից մէկն է մարդու, նոյնիսկ չոր գիտնականների ու տրամաբանող փիլիսոփաների՝ մի թուլութիւն, եթէ ուզում էք, որից ազատ չեն նոյնիսկ ատամնաբոյժերը: Խօսքը պարունակում է իր մէջ ոչ միայն վերացական գաղափար, այլ նաեւ կենդանի պատկեր ու հոգեկան ապրում. յուզմունքի ծնունդ է խօսքը ու յուզմունքի աղբիւր:

Ահա մի երիտասարդ մայր, որ սեղմել է կուրծքին հիւանդ զավակի գլուխը ու, աչքերը լի արտասուքով, աշխատում է մեղմացնել փոքրիկի ցաւը իր մայրական գուրգուրանքներով. կարող է այս կինը փոխ առնել էսպերանտօ բառարանից այն մտերիմ, այն անվերջ նուրբ, հոգուց պոկած խօսքը, որ արտայայտէր իր անհուն սէրը, վիշտն ու կարեկցութիւնը:

Մի ուրիշ երիտասարդ, այս անգամ մի այր մարդ, համբուրելու տենչից բռնկուած, երկինք ու երկիր վկայ է կանչում, որ սիրում է մի քիչ տատանուող օրիորդին աւելի, քան կարող են սիրել «քառասուն հազար եղբայրներ» միասին վերցրած եւ այդպէս սիրելու է մինչեւ վերջին շունչը… Կը հաւատա՞յ օրիորդը, թո՛ղ որ Գրեթխենի չափ պարզամիտ ու Ջուլլետայի պէս բռնկուող լինի նա. կ’ապաւինի՞ այս երդման, եթէ երկինքն ու երկիրը, սէրն ու վերջին շունչը էսպերանտո լեզուով են ասուած:

Զօրավարը պատերազմի դաշտում, վճռական ժամին կոչ է ուղղում զինուորականներին՝ կանգուն մնալ, յաղթել կամ մեռնել հայրենիքի համար: Էսպերանտոն կարո՞ղ է ասել այդ խօսքը, որ պիտի զարնէ մարդկանց սրտերին ու մոռացնել տայ ապրելու անխորտակելի բնազդը:

Շիրակի գիւղացին կռւում է հարեւանի հետ, որ աւերել է իր արտը կամ զարկել, կոտրել է եզի ոտը. կռւում է ու թեթեւացնում սիրտը հոյակապ յիշոցներով՝ մէկը միւսից պատկերաւոր, մէկը միւսից շշմեցուցիչ: Կարո՞ղ է այս կատաղած մարդը յիշել իր տունը քանդողի հօրն ու մօրը, ու եօթը պորտը էսպերանտո լեզուով…

Ծայրայեղ յուզումների արտայայտութիւններ են սրանք, այո՛: Բայց, կրկնում եմ, ո՞րն է այն խօսքը, որ չունի իր մէջ, աւելի կամ պակաս չափով, յուզման տարր: Կեանքը լի է մանր ու խոշոր յուզումներով, հետեւապէս՝ յուզումնալի է ու պիտի լինի՝ նաեւ խօսքը: Պատկերներն են ու սրանց շաղկապումը, որ տալիս են խօսքին յուզելու կարողութիւն եւ արտայայտելու թափ:

Կրկնում եմ դարձեալ, սա այսպէս է ոչ միայն բանաստեղծական երկի կամ մեծ յուզումների, այլ եւ սովորական, հանգիստ խօսակցութեան մէջ: Ահաւասիկ՝ մի քանի տեղ վերեւ՝ ես գրեցի «իր տունը քանդող» ու «եօթը պորտ» խօսքերը: Չգիտեմ, թէ իմ տեղը ինչպէ՞ս կ’արտայայտուեր էսպերանտիստը: Բայց գիտեմ հաստատ, որ ինչպէս էլ գրելու լինէր, նրա խօսքը՝ ինձ ու իմ ընթերցողի համար, բնաւ չէր լինի այն, ինչ որ է հայերէն «տուն քանդողը» ու «եօթը պորթը»:

Էսպերանտոն, որքան էլ կատարելագործւի ու որքան էլ տարածուի, չի կարող փոխարինել կենդանի լեզուները:

Եւ մի կենդանի լեզու, որքան էլ հարուստ ու ճկուն լինի այն, չի կարող փոխարինել մի ուրիշ կենդանի լեզու:

Շարունակելի