Առցանց դաշտը պետք է կարգավորել. իշխանությունների՞ օգնությամբ

1296

Այս հրապարակումը տեղ է գտել Ստեփանակերտի ԱՆԱԼԻՏԻԿՈՆ հանդեսի 2016-ի օգոստոսյան համարում

****

Հունիսին հայաստանյան 15 լրատվամիջոցների խմբագիրներ տարածեցին համատեղ հաղորդագրություն, որը միանշանակ չընդունվեց առաջին հերթին հայկական լրատվական աշխարհում: Խմբագիրները հայտարարում են, որ իրենք պատրաստվում են սկսել լրատվադաշտի առողջացման գործնական փուլ, իսկ օրենսդիրներին առաջարկում “կարգավորել առցանց լրատվամիջոցների դաշտը”, փաստացի՝ հայկական տիրույթում միակ տեղը, որը դեռևս անհասանելի է իշխանությունների տարատեսակ սահմանափակումներից և ճնշումներից:

15 լրատվամիջոցների խմբագիրները, մասնավորապես նշում են, որ “զանգվածային լրատվության դաշտում պրոֆեսիոնալիզմի, բարեխղճության, պատասխանատվության խնդիրներն այսօր ավելի քան կարևոր են, մամուլում ծագած լրջագույն խնդիրների լուծման համար խմբագիրների և մի խումբ լրագրողների բարի կամքն այլևս բավարար չէ”։

“Մի կողմից թերթերը կորցնում են վաճառքից ստացվող եկամտի ավանդական աղբյուրները, մյուս կողմից չեն կարողանում մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ, որոնց մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս և անարգել, անվճար օգտվում է թերթերի աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը: Մեծ թվով կայքեր իրենց այցելուների մի հսկայական զանգված ապահովում են թերթերի մամուլի տեսությունների, այլ լրատվամիջոցներից գողացված տեղեկությունների և հոդվածների շնորհիվ։ Իսկ գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ներին, վնասում մեր հեղինակությանը”,- նշում են նրանք:

15 լրատվամիջոցների խմբագիրները արձանագրում են, որ ինտերնետային շատ կայքեր չունեն իրավական կարգավիճակ, լրատվության հետ կապ չունեն և իրենց գործունեությամբ աղտոտում են լրատվական դաշտը, այդ կայքարը ստեղծվել են կամ արագորեն վերածվում են գործիքի տարբեր անձերի և ուժերի ձեռքին՝ նրանց մրցակիցների, երբեմն նաև իրենց համար անցանկալի լրատվամիջոցների ու նրանց ղեկավարների դեմ:

Այս ամենը հաշվի առնելով, խմբագիրները երեք առաջարկ են արել.

Առաջին. Պատկան մարմիններին՝ փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաև լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետևանքներով:

Երկրորդ. Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության և գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ:

Երրորդ. Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել:

Նախաձեռնության հեղինակները տարբեր քննարկումներում և հարցազրույցներում նշում են նաև, որ իրենց նպատակը բոլոր լրատվամիջոցների համար հավասար պայմաններ ստեղծելն է և այդ հարցում իշխանությունները՝ օրենսդիր մարմինը, պարտավոր է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, պայմաններ, որոնց դեպքում չեն ոտնահարվի լրատվամիջոցների առևտրային շահերը:

Մի շարք առցանց լրատվամիջոցներ՝ կայքեր, չունեն իրավաբանական կարգավիճակ, հետևաբար՝ հարկային պարտավորություններ չեն կատարում, այսպիսով՝ նրանք անհավասար մրցակցության մեջ են այն լրատվամիջոցների հետ, որոնք ունեն իրավաբանական կարգավիճակ և հարկ են վճարում:

Ի՞նչ հակափաստարկներ են բերում 15-ի նախաձեռնության քննադատողները:

Առաջին. անթույլատրելի է լրատվամիջոցների առաջ կանգնած խնդիրները կարգավորել իշխանությունների միջոցով, քանի որ այդ իշխանությունները, օգտվելով առիթից, փորձելու են գրաքննություն և սահմանափակումներ մտցնել, ինչը, ի դեպ, հաջողությամբ արել են հեռարձակվող լրատվամիջոցների՝ հեռուստաընկերությունների դեպքում:

Փաստացի, միակ անկախ և իշխանությունների կողմից չվերահսկվող Ա1Պլյուս հեռուստաընկերությունը եթերից զրկվեց 2002-ին, իսկ մեկ այլ չվերհսկվող հեռուստաընկերություն՝ Գյումրիի ԳԱԼԱ-ն, ենթարկվեց աննախադեպ հարկային գրոհի:

Երկրորդ. անթույլատրելի է Հայաստանի կոռումպացված կառույցներից մեկին՝ Հարկայինին, ուղղորդել դեպի առցանց լրատվամիջոցները, որպեսզի նրանք հսկողություն սահմանեն:

Երրորդ. ինչո՞ւ են նախաձեռնության հեղինակները պետական կառույցներին ուղղորդում, որ վերջիններս իրենց միջոցառումների լուսաբանման համար չհավատարմագրեն “գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներին ու լրատվական հարթակներին”: Արդյո՞ք դա նրանց իրավասությունների մեջ է մտնում:

Չորրորդ. ազատ խոսքը չի կարող սահմանափակվել վերևից, հատկապես, երբ այդ վերևները բարեկամաբար չեն տրամադրված ինչպես ազատ խոսքի, այնպես էլ իրենց կողմից չվերահսկվող լրատվամիջոցների նկատմամբ:

Այս ամենով հանդերձ, ակնհայտ է, որ առցանց լրատվադաշտում, ինչպես նաև լրատվադաշտում ընդհանրապես, առկա են խնդիրներ: Մենք կարող ենք համաձայն լինել 15 լրատվամիջոցների նախաձեռնության հետ կամ քննադատել նրանց, սակայն ակնհայտ է, որ խնդիրներն ակնառու են և դրանք պետք է լուծել:

Եվ կրկին հարց է առաջ գալիս՝ այս գործում պե՞տք է ներգրավվեն իշխանությունները, այն իշխանությունները, որոնք հուլիսի 29-ին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենց թշնամիների շարքում նաև լրատվամիջոցներն են: Մեզ՝ լրագրողներիս ու լրատվամիջոցներին, պետք է առավել սթափեցնի հուլիսի 29-ի վայրագությունը և Սերժ Սարգսյանի հորդորը լրագրողներին՝ մոռանալ կատարվածը:

***** 

15-ի նախաձեռնության հետ կապված մենք հարց ուղղեցինք հինգ լրագրողների, որոնցից երկուսը միացել են հայտարարությանը:

 

Ես առավել կարեւորում եմ, որ իրականանա մեր կոչերից հատկապես այս մեկը. «Փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում»:

Հայտնի է, որ կայքերի զգալի մեծամասնության վերաբերյալ չկա նման բացարձակապես ոչ մի տվյալ: Լրատվական դաշտում այս առումով երկակի վիճակ է՝ ԶԼՄ-ների մի մասին կարելի է պատասխանատվության կանչել իրենց հրապարակումների համար, մյուսներին՝ ոչ, մի մասը հարկեր են վճարում ու աշխատակազմ պահում, իսկ մյուս մասն ուղղակի յուրացնելով այլոց արտադրանքը՝ ընդամենը վաստակում է:

Ինչպե՞ս է հնարավոր այս խնդիրը կարգավորել, եթե ոչ օրենքով, եւ արդյոք կա՞ որեւէ այլ օրենսդիր մարմին, քան մեր խորհրդարանն է, որին մաս են կազմում ինչպես լրագրողներին ծեծելու միջոցով ապացույցները ոչնչացնել փորձողների համար քաղաքական պատասխանատվություն կրողները, այնպես էլ գործիչներ, որոնք այդ ամենի հետ ոչ մի առնչություն չունեն:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Aravot.am կայքի խմբագիր

 

Անշուշտ, Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության և դրա խախտման մեծաթիվ դեպքերը խիստ մտահոգիչ են: Իրավիճակը լուրջ բարդություններ է առաջացնում թե՛ համացանցային, թե՛ հատկապես տպագիր ԶԼՄ-ների համար, մանավանդ որ թերթերի համար ֆինանսապես և այլ առումներով գոյատևելը Հայաստանում ավելի ու ավելի է բարդանում:

Չնայած այսօրինակ իրավիճակին՝ ես պակաս մտահոգիչ չեմ համարում ՀՀ իշխանություններին համացանցի ոլորտը կարգավորելու իրավունք և հնարավորություն տալը: Համացանցը Հայաստանում հիմա ամենաազատ և չվերահսվող ոլորտն է: Իհարկե, այն լրագրության համար նաև մասնագիտական լուրջ խնդիրներ է առաջացնում թե՛ հղման սկզբունքի, թե՛ հեղինակային իրավունքի պահպանման, թե՛ պրոֆեսիոնալիզմի առումով:

Սակայն չպետք է տրվել գայթակղությանը և իշխանություններինց պահանջել կարգավորել ոլորտը: Այն էլ՝ հայաստանյան ավտորիտար իշխանություններից, ովքեր եթե մի անգամ մտան համացանցի տիրույթ կարգավորման գործառույթներով, ապա այլևս երբեք դուրս չեն գա այնտեղից: Նրանք  կարող են ավերել ամեն ինչ:

Կարծում եմ, խնդիրը պետք է լուծել ինքնակարգավորմամբ, մասնագիտական քննարկումների արդյունքում: Ինձ համար դա միակ ընդունելի տարբերակն է:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մամուլի ազգային ակոււմբի նախագահ

 

Խմբագիրների հայտարարության միակ նպատակը բոլոր ԶԼՄ-ների համար հավասար պայմաններ ստեղծելն է։ Այսօր ունենք իրավիճակ, երբ կայքերի մի մասը գրանցված է որպես ԶԼՄ եւ կատարում է օրենքի բոլոր պահանջները, այդ թվում՝ նշում կոնտակտային տվյալներ, կատարում հարկային պարտավորություններ, ստեղծում ցանցային բովանդակություն, իսկ մյուս մասը զբաղված է գրագողությամբ եւ կեղծարարությամբ, իր մասին որեւէ տվյալ չի հայտնում, իսկ ֆինանսական հոսքերը ստվերում են։

Բնականաբար, դա անհավասար պայմաններ է առաջացրել, ինչն էլ բերել է առաջին խմբի կայքերի խմբագիրների խոր դժգոհության եւ հարցը կարգավորելու վճռականության։ Այն կարող է լուծվել երկու ճանապարհով՝ ինքնակարգավորման կամ օրենսդրական փոփոխությունների։

Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման արդյունավետության ցուցանիշը գրեթե զրոյական է, այդ իսկ պատճառով որոշվել է շարժվել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, որի շրջանակում էլ խմբագիրները դիմել են օրենսդիր իշխանությանը՝ դաշտում օրենքով հավասար պայմաններ սահմանելու պահանջով։

Այս պահին աշխատանքային խումբն ուսումնասիրում է առաջադեմ միջազգային փորձը, որից հետո հանդես կգա կոնկրետ առաջարկներով, որոնք կներկայացվեն լայն մասնագիտական եւ փորձագիտական շրջանակների քննարկման, ապա՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով խորհրդարանի հաստատման։

Ասեմ նաեւ, որ մենք՝ հայտարարությունը ստորագրողներս, կանխատեսում էինք մեր առաջարկներին կատաղի դիմադրություն, սակայն չէինք սպասում, որ մեզ քննադատողների թվում կհայտնվեն մեր այն գործընկերները, ովքեր տասնամյակներ շարունակ մեր կողքին են եւ շատ լավ գիտեն, թե ով ով է։ Անկեղծ ասած, դա մեզ համար հարված էր թիկունքից…

ԴԱՎԻԹ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր

 

Հայտարարությունը ինքնին տարօրինակ չէր: Մեդիան ընդվզում է մի երևույթի դեմ, որի պատճառով կորցնում է եկամուտներ, լսարան, ի վերջո հեղինակություն՝ հենց իրենց՝ լրատվամիջոցների հավաստմամբ. «Շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ները»:

Ընդվզելով նշված երևույթների դեմ, հայտարարության հեղինակները առաջին հերթին բողոքը ուղղում էին, հավաքական իմաստով, առցանց լրատվամիջոցների դեմ: Վերջիններս օգտագործում են իրենց` ավանդական  լրատվամիջոցների հոդվածները, նյութերը, արտատպում են և չեն վՃարում, ենթադրաբար՝ հարստանալով: Այսինքն, խոսքը գնում էր գրագողության երևույթի մասին:

Շատ արդար պահանջ է, ցավոք և ցավոք՝ իրական խնդիր: Լրատվամիջոցների ցուցակում ընդգրկվել էին դաշտի հայտնի, տարիների պատմություն և փորձ ունեցող բազմաթիվ լրատվամիջոցներ՝ հիմնականում նրանք, ովքեր իրենց ավանդական ընդունելով, հրապարակվում են նաև առցանց հարթակում։ Բայց զարմանալին սա չէր:

Տարօրինակը՝ այդ լրատվամիջոցների համադրությունն էր՝ չափազանց տարբեր համոզմունքներ և արժեքներ: Նաև պահանջի ուղղվածությունը՝ առաջարկելով փոփոխություններ լրատվամիջոցների մասին օրենքում, հայտարարությունը ստորագրած խմբագիրները միաժամանակ պահանջում էին «Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության և գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ»։ Եվ այստեղ հարցերի տարափ է ծագում:

Արդյո՞ք հայտարարության հեղինակները պատրաստ են նաև իրենց գործունեության թափանցիկությանը և ամբողջական հաշվետվողականությանը իրենց լսարանի առջև: Տարիներ առաջ, երբ քննարկվում և ընդունվում էր այսօր գործող օրենսդրությունը, որը պահանջի հեղինակները այսօր կոչ են անում փոխել, այդպիսի առաջարկ հնչել է տարբեր կողմերից: Սակայն հենց լրատվամիջոցներն են դեմ հանդիս եկել ֆինանսական թափանցիկության սզբունքին, ասելով, որ այն սահմանափակում է իրենց ազատությունը:

Հարց երկրորդ. արդյո՞ք ստորագրող մեր գործընկերները համոզված են, որ հետխորհրդային  տարածքում ամենալիբերալ օրենքում փոփոխություններ կատարելիս չեն մաղվի հենց այդ լիբերալ միտումները. խոսքը, իհարկե, փաստաթղթի մասին է, ոչ պրակտիկայի: Ինչո՞ւ են այսպիսի մասնագիտական հարցերի լուծման համար լրատվամիջոցները դիմում պետական մարմիններին, այլ ոչ թե երկրում գոյություն ունեցող ինքնակարգավորման նախաձեռնությւններին, որոնց անդամ և մասնակից են ստորագրյալներից շատերը:

Եվ սրանից բխող ամենակարևոր հարցը. արդյոք վստահելի՞ են այն իշխանությունները, որոնք չեն դադարում օգտագործել տարբեր գործիքներ լրագորղների և լրատվամիջոցների վրա ճնշումներ գործադրելու համար՝ փակելու, տուգանքներ բարդելու, լիցենզիայից զրկելու, ի վերջո՝ ծեծելու: Վերջին շաբաթների դեպքերը դրա վառ ապացույցն են:

Մի զգացողությունից չեմ կարողանում ազատվել: Թվում է, այս հայտարարությունը հենց նրա համար է, որպիսի փոփոխվի լրատվական դաշտի օրենսդրական հիմքերը, ապա՝ ազատականացնել այն, զուգահեռ՝ անհիմն ֆինանսական ստուգումների ենթարկել որոշ լրատվամիջոցներին՝ հերթական անգամ օգտագործելով դա որպես ճնշման ընդունված ձև:

Նաև՝ հեղինակազրկել ինքնակարգավորման առկա գործընթացը։ Ստորագրածներից ոմանք առաջին անգամ են միանում այսպիսի հայտարարությանը, փաստատթղթի տեքստը հնարավոր է ոմանք չեն կարդացել, մտածելով որ լավ գործի համար է: Բայց հենց իրենք էլ կարող են տուժողների ցանկում հայտնվել, եթե հանկարծ պահանջը գործ դառնա։ Նայած, թե ինչ քարտ է խաղացվելու: Առջևում ընտրություններ են:

ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

 

Ինչ վերաբերում է 15 լրատվամիջոցների կոնկրետ առաջարկներին, ապա դրանցից մեկը արդեն իսկ  արտացոլված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում: Այն է՝ «կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները»:

Հակառակ նախաձեռնողների պատկերացումների, օրենքի այս պահանջը վերաբերում է ոչ միայն տպագիր մամուլին: Խնդիրը մեկնաբանման ու կիրառման մեջ է: Առցանց ռեսուրսները պիտի ազատություն ունենան որոշելու, ցանկանում են ընկալվել որպես ԶԼՄ, թե ոչ: Եթե այո, ապա պիտի տեղադրեն համապատասխան տեղեկություններ ու պաշտոնական կառույցներում հավատարմագրման, ինչպես նաև տարբեր միջոցառումներ լուսաբանելու նպատակով համապատասխան պայմաններով ապահովված լինելու համար իրավումք ստանան: Եթե ոչ, ապա կարող են իրենց լրատվական գործունեությունը ծավալել առանց հատուկ կարգավիճակի:

Ինչ վերաբերում է երկրորդ առաջարկին՝ «Հարկային մարմիններին՝ հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ», ապա, կարծում եմ, ֆիսկալ հսկողության համար բոլորը հավասար պայմաններում պիտի լինեն ու հարկային մարմինների այդպիսի ուղորդումը ինձ համար տարօրինակ է:

Ես կողմնակից կլինեի, որպեսզի օրենքում բոլոր լրատվամիջոցների համար վերականգվի տարեկան հրապարակային ֆինանսական հաշվետվության պահանջը: Որպես հանրային առաքելություն իրականացնող ինստիտուտ ԶԼՄ-ները պետք է թափանցիկ լինեն քաղաքացիների առջեւ: Չհրապարակելը, ինչպես եւ առաջին դեպքում, պիտի դիտարկվի որպես հատուկ կարգավիճակից կամավոր հրաժարում:

 ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երևանի մամուլի ակումբի նախագահ

 ******

15 լրատվամիջոցները և խմբագիրները, ովքեր նախաձեռնել կամ միացել են հայտարարությանը

«Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան,

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

Առցանց Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյան

«168 ժամ» թերթի և 168.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան

«Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան

«Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան

«Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան

yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան

panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյան

A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան

 

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգողն է և Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբանը: Նա “Կանաչ ու սև. Արցախյան օրագիր” և “Հայացք Արարատից. հայերը և թուրքերը” գրքերի հեղինակն է: