Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի. Սերժ Սարգսյան

1554

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է: Քառորդ դար առաջ արցախահայությունը կատարեց իր անբեկանելի ընտրությունը: Այդ բախտորոշ քայլը գիտակցված էր և իմաստավորված: Այդ ընտրությամբ, այդ կամքով ու վճռականությամբ ստույգ մահվան անդունդի եզրից դեպի կյանք և դեպի ազատություն վերադարձավ հայության ամենավտանգված հատվածը՝ արցախահայությունը:

Դուք կռվեցիք և հաղթեցիք անհավասար պատերազմում: Դուք կառուցեցիք մի պետություն և հասարակություն, որն ազատ է ինչպես երբևէ: Դուք ստեղծեցիք բանակ, որն ամուր է և մարտունակ ինչպես երբևէ: Դուք ավերակներից բարձրացրիք մի երկրամաս, որ երբևէ այսքան խնամված ու գեղեցիկ չի եղել: Դուք ապացուցեցիք ինքներդ ձեզ, ողջ հայությանը և աշխարհին, որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ:

Իհարկե, այդ ներուժը դեռ ամբողջությամբ չի իրացվել: Իհարկե, դեռ շատ անելիքներ ունենք և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Եվ իհարկե, անելու ենք մեր անելիքը: Անելու ենք համայն հայության ջանքերով: Անելու ենք ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների:

Անցած ապրիլի ռազմական գործողությունները ևս մեկ անգամ, կարելի է ասել՝ մի ավելորդ անգամ, ապացուցեցին, որ թշնամին մեծ կորուստներով հետ է շպրտվելու, եթե փորձի ռազմական ճանապարհով հարց լուծել: Ապացուցեցին, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծող ուժ աշխարհում գոյություն չունի: Գոյություն չունի, որովհետև դուք կաք, որովհետև դուք հավատարիմ եք 25 տարի առաջ կատարած ձեր ընտրությանը: Չկա՛ ռազմական ճանապարհ: Կա քաղաքակա՛ն ճանապարհ:

Այսօր՝ այս նվիրական օրը, կրկին ասում եմ ձեզ. ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դու՛ք եք որոշում ձեր ճակատագիրը: Արցախի լուսավոր ապագայի նկատմամբ մենք կասկածներ չունենք:

Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը:

Կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: