Յովհաննէս Քաջազնունի. «Ազգ և Հայրենիք» (մաս հինգերորդ)

971

ԾԱՆՈԹ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը: Այսօր ներկայացնում ենք աշխատության հինգերորդ մասը (մասերի բաժանումը պայմանական է):

Kadjaznuni Azgcover

Գ.

Այսպէս ուրեմն, ոչ առարկայական տուեալները (ցեղ, լեզու, դաւանանք, պետութիւն, պատմական անցեալ, աշխարհագրական միութիւն, ընդհանուր կենցաղ) եւ ոչ էլ ենթակայական տւեալը (ինքնագիտակցութեան փաստը) չեն կարող լրիւ ու գոհացուցիչ պատասխան տալ ազգութեան երեւոյթին, չեն կարող ճշդօրէն սահմանել «ազգ» գաղափարը:

Կանգ առնենք այստեղ եւ ենթադրենք, թէ ուրիշ, աւելի գոհացուցիչ բացատրութիւն չունենք տալու:

Պէ՞տք է արդեօք եզրակացնենք, թէ ուրեմն ազգ անուանած հաւաքականութիւն իրօք գոյութիւն չունի, թէ «ազգը» ցնորք է, նախապաշարմունք կամ մտածածին, արհեստականօրէն հնարուած ու արհեստականօրէն շրջանառութեան մէջ դրուած մի գաղափար:

Ի հարկէ, ոչ: Երեւոյթների իրականութիւնը մի բան է, իսկ նրանց էութիւնը բացատրելու մեր կարողութիւնը՝ ուրիշ բան: Սրանք կախում չունեն միմեանցից ու առաջինը չի պայմանաւորուած վերջինով:

Լեւ Տոլստոյը մի շատ հետաքրքրական գիրք ունի գրած գեղարուեստի մասին:

«Ի՞նչ է գեղարուեստը», հարցնում է մեծ գեղարուեստագէտը եւ բաւարար պատասխան չի գտնում ոչ մի գեղեցկագիտական տեսութեան մէջ: Քննադատութեան է առնում մի առ մի բոլոր առաջադրուած մեկնութիւնները եւ մի առ մի ցոյց է տալիս նրանց միակողմանիութիւնը, պակասաւորութիւնը, անճշդութիւնը կամ բացարձակ սխալը: Եւ ընթերցողը համոզւում է, որ իրօք այդպէս է, որովհետեւ հանճարեղ ծերունու վերլուծումը ջախջախիչ է, անողորմ, անընդդիմադրելի: Ապա Լեւ Տոլստոյը ինքը ձեւակերպում է իր սեփական տեսակետը: Եւ այստեղ ընթերցողը տեսնում է, մեծ զարմանքով եւ մեծ հիասթափումով, որ այս նոր ֆորմիւլը նոյնքան անզօրէ, նոյնքան վիճելի ու նոյնքան անընդունելի, որքան եւ բոլոր նախորդները: Մինչեւ Տոլստոյի միջամտումը դուք չունէիք գեղարուեստը սահմանող անվիճելի մի ֆորմիւլ. չունեցաք նաեւ այդ միջամտութիւնից յետոյ: Հարցը մնաց հարց:

Այս այդպէս լինելով հանդերձ, կարո՞ղ էք ասել, թէ ուրեմն՝ գեղարուեստը՝ գեղարուեստական ստեղծագործութիւնը եւ գեղարուեստական երկը, գոյութիւն չունեն իրականութեան մէջ:

Չէք կարող, ի հարկէ:

Դուք կարող էք տարբեր գաղափար ունենալ գեղարուեստի էութեան ու ծաւալման (սահմանների) մասին, նրա ծագման ու աղբիւրների, զարգացման օրէնքների ու հանրային արժէքի մասին. բայց նրանց գոյութիւնը չէք կարող հերքել: Կարող էք, օրինակ, վիճել թէ գեղարուե՞ստ է արդեօք պաստառները գունաւորելու կամ ճաշի սեղանը ծաղիկներով զարդարելու արհեստը: Բայց չէք կարող հերքել, թէ կան գործունէութիւններ, օրինակ՝ երգ յօրինելը կամ արձան քանդակելը, որոնց գեղարուեստական լինելը անվիճելի է: Կարող էք վիճել՝ գեղարուեստակա՞ն գործ պէտք է համարել թէ՞ գիտական Միշլէի գրած «Ֆրանսիայի պատմութիւնը» կամ Նիցշէի փիլիսոփայական որոնումները: Բայց չէք կարող ժխտել, որ Միքէլ Անջելոյի քանդակները, Շեքսպիրի դրամաները, Ռամպրանտի նկարները, Բեթհովէնի սիմֆոնիաներն ու Տոլստոյի վէպերը՝ գեղարուեստական երկեր են (թո՛ղ որ «վատ», վնասակար գեղարուեստի երկեր լինեն, ինչպէս որակում է ինքը Տոլստոյը):

Ամէն կասկածից դուրս է, որ գեղարուեստական գործունեութիւնն ու նրա արդիւնքը՝ գեղարուեստական երկերը, գոյութիւն ունեն, թէկուզ մենք չկարողանանք հասկանալ ու ճշդօրէն սահմանել գեղարուեստի էութիւնը:

Մենք յաճախ չէնք կարողանում սպառող կամ գէթ գոհացուցիչ բացատրութիւն տալ նոյնիսկ մեզ լաւ ծանօթ ֆիզիքական երեւոյթներին, որ ի հարկէ շատ աւելի տարրական են, պարզ ու դիւրըմբռնելի, քան ընկերային կարգի երեւոյթները: Օրինակ, մենք չենք կարող բացատրել, թէ ի՞նչ է ելեկտրականութիւնը, բայց գիտենք ու չենք կասկածում, որ ելեկտրական ոյժը գոյութիւն ունի: Գիտենք ու չենք կասկածում, որովհետեւ ամէն օր տեսնում ենք նրա բազմազան արտայայտութիւնները, գործ ունենք հետը եւ նոյնիսկ կարողանում ենք ծառայեցնել մեր օգտին:

Անգլիական ազգը գոյութիւն ունի: Սա մի փաստ է, որ անկարելի է հերքել, միանգամայն անկախ նրանից, թէ որքան լրիւ է, բաւարար ու գոհացուցիչ մեր ունեցած հասկացողութիւնը ազգութեան մասին: Կարելի է կասկածի ու վէճի առարկայ անել, թէ գոյութիւն ունե՞ն քուրդական, բրետոնական, բոշայական կամ հրէական ազգեր, այսինքն՝ կազմո՞ւմ են արդեօք քուրդերը, բրետոնները, բոշանները կամ հրեաները այն ուրոյն հաւաքականութիւնները, որ «ազգ» է անուանւում: Այստեղ կարող են հանդէս գալ հասկացողութիւնների խոշոր տարբերութիւններ, բայց անգլիական ազգի գոյութիւնը անվիճելի է: Կարելի է հարցնել, թէ պէ՞տք է արդեօք հաշուել անգլիական ազգի մէջ նաեւ սկովտիացիներին ու հիւսիս-ամերիկեան եանկիներին, սպանական ազգի մէջ՝ բասկերին, ֆրանսիականի մէջ՝ բրետոններին, ռուսականի մէջ՝ ուկրայինացիներին… Ուրիշ խօսքով, կարելի է հարցնել, թէ որո՞նք են անգլիական, սպանական, ֆրանսիական, ռուսական ազգերի ազգային սահմանները, բայց այս հարցի վերաբերեալ կասկածները կամ տարաձայնութիւնները չեն կարող վիճելի դարձնել այդ ազգերի գոյութիւնը:

Ազգերի գոյութիւնը արտայայտւում է ազգային բնոյթ ունեցող բազմազան երեւոյթների մէջ: Ճիշդ է, որ այդ երեւոյթները յաճախ այնքան բարդացած, այնքան խառնուած են լինում կողմնակի տարրերի հետ, որ իրաւացիօրէն կասկածի տակ են դնում նրանց ազգային էութիւնը: Բայց անհերքելի է եւ այն, որ բազմաթիւ են նաեւ այնպիսիները, որոնց վերաբերմամբ այլեւս ոչ մի կասկած չի կարող տեղի ունենալ: Կարելի է, օրինակ, վիճել, թէ որչա՞փ ազգային է եղել գերմանական մանր պետութիւնների միացումը մի զօրեղ կայսրութեան մէջ, Նորվեգիայի բաժանումը Շուէդիայից, հրէական ջարդերը հարաւ-արեւմտեան Ռուսիայում, հայ-թաթարական ընդհարումները Անդրկովկասում: Բայց անկարելի է չտեսնել, որ գերազանցօրէն ազգային բնոյթ ունեն այնպիսի երեւոյթներ, ինչպէս են, օրինակ, սին-ֆէյներական շարժումները Իրլանդիայում, հայկական շարժումները Թիւրքիայում, պայքարը, որ ծաւալւում է այսօր Գենտ քաղաքի համալսարանի շուրջը վալլոնների ու ֆլամանդների միջեւ, ռուսահայերի ըմբոստացումը եկեղեցական կալուածների գրաւման դէմ…

Այս կարգի երեւոյթները գալիս են ապացուցանելու, որ ազգութիւնները, իբրեւ այդպիսիներ, ու անկախ՝ բարդացնող օտար տարրերից, գոյութիւն ունեն իրականութեան մէջ: Եւ եթէ մենք, այնու ամենայնիւ, չենք կարողանում գտնել «ազգ» գաղափարը սահմանող մի անվիճելի ֆորմիւլա, դրա պատճառը ազգի իրականութիւնը չէ, այլ պարզապէս մեր տգիտութիւնը, հասկանալու եւ բացատրելու ընդունակութեան պակասութիւնը:

Դ.

Բայց արդեօ՞ք այդ աստիճան անզօր ենք փաստերի առջեւ:

Ոչ, այդքան էլ անզօր չենք: Եթէ չենք կարող սահմանել «ազգ» գաղափարը մի կարճ, կուռ ու սպառող ֆորմիւլով (ինչպէս սահմանում ենք, օրինակ, մատեմատիկական հասկացողութիւնները), կարող ենք յամենայն դէպս նկարագրել երեւոյթը, հասկանալ ու բացատրել բաւարար չափերով:

Իսկապէս, միայն մատեմատիկական, զուտ վերացական հասկացողութիւնները կամ ֆիզիքօմեքանիական տարրական երեւոյթներն են որ կարող են ամփոփուել ֆորմիւլների մէջ: Ընկերային կեանքի բարդ երեւոյթները՝ գիտական մտքի այսօրուայ կարողութեան շրջանակներում, չեն հանդուրժում ֆորմիւլներ: Նրանք կարող են նկարագրուել ու բացատրուել, բայց չեն կարող սահմանուել: Եւ այս վերապահումներով, «ազգ»ի մեկնութիւնը չի ներկայացնում որեւէ բացառիկ դժուարութիւն. «ազգ»ը անսահմանելի է ճիշդ այն մտքով ու այնչափ, ինչ մտքով ու որչափ անսահմանելի են նաեւ ուրիշ ընկերային երեւոյթները, օրինակ՝ դասակարգը: «Ազգ»ը պակաս ըմբռնելի կամ պակաս բացատրելի գաղափար չէ, քան դասակարգը:

Մարդկային միտքը առանց մեծ դժուարութիւնների կարող է ըմբռնել ու բացատրել «ազգ»ի էութիւնը, կազմող տարրերը, սրանց փոխադարձ կապն ու գումարումը: Բացատրութիւնը կը լինի մի քիչ բարդ ու երկար, ոչ անվիճելի իր բոլոր մանրամասնութիւնների մէջ՝ բայց, վերջի հաշուին՝ միանգամայն բաւարար:

Որո՞նք են «ազգ» կազմող տարրերը:

Ճիշդ այն, որ քննեցինք ու ժխտեցինք նախորդ էջերում: Հարկաւոր է միայն գնահատման առնել ոչ թէ ամէն մի տարրը անջատօրէն, այլ բոլորը միասին, իբրեւ մի բարդ ամբողջութիւն: Ամէն մի ազգային տարր, առանձնապէս վերցրած, չի կարող բնորոշել ազգը: Բայց նրանց գումարումը՝ ազգ է արդէն: Ջրածինը ջուր չէ, ոչ էլ թթուածինը: Բայց երկու մասնիկ ջրածնի քիմիական գումարումը մի մասնիկ թթուածնի հետ՝ ջուր է արդէն:

Խնդիրը պարզելու համար պէտք է վերաքննութեան առնենք այն, որ մի անգամ քննել ու ժխտել ենք արդէն եւ փորձենք գտնել մասնակի «այո»ներ այնտեղ, ուր տեսել ենք ու արձանագրել միայն «ոչ»եր:

Գիտեմ, որ այս վերադարձը մի քիչ տաղտկալի պիտի լինի, բայց ուրիշ ճանապարհ չունեմ հետագայ եզրակացութիւններս հիմնաւորելու համար:

Շարունակելի