Հող չե՛ք զիջում. իսկ ի՞նչ եք բանակցում

1410
????????????????????????????????????

Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում հայկական կողմը տվեց 100-ից ավելի զոհ և կորցրեց 800 հեկտար հող,  Հայաստանի իշխանական շրջանակները և իշխող Հանրապետական կուսակցության տարբեր խոսնակներ սկսեցին հրապարակային հայտարարել Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին:

Առաջինը Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն էր, ով 4-օրյա պատերազմից ընդամենը երկու շաբաթ անց բացատրեց.  «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»:

Հուլիսին Լեհաստանում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հուլիսին ասուլիսում ասաց,  որ «կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել՝ ԼՂՀ անկախության դիմաց»: «Եթե օրինակ Աղդամը տանք, ու անկախություն լինի, ի՞նչ է եղել որ, տանք»,- ասաց Սերժ Սարգսյանի կուսակիցը:

Վերջերս ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ սոցհարցում անցկացվեց Արցախում, որն անցկացրել էր IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով: Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը ասոցացվում է Սերժ Սարգսյանի հայտնի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ:

Ռուսական իշխանամերձ մամուլը ևս գրում է, որ ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավորման մի տարբերակ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, բացառությամբ Լաչինի և գուցե՝ մեկ այլ շրջանի:

Այս տեղեկատվությունը անսպասելի չէր, և չպետք է անակնկալ լինի, քանի որ ղարաբաղյան կարգավորման բանակցային ողջ գործընթացի տարիներին քննարկվել է տարածքներ զիջելու տարբերակը: Ավելի հստակ՝ տարածքների հարցը եղել է կարգավորման չորս հիմնական սկզբունքներից մեկը: Մյուս երեքն են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այդ թվում՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող շրջանի կամ միջանցքի կարգավիճակը, փախստականների ու անվտանգության խնդիրները:

Որևէ գաղտնիք չկա: Կարդացեք 1997թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության երեք կողմերին ներկայացված փաթեթային, ապա փուլային, 1998թ. ընդհանուր պետության առաջարկները և կտեսնեք, որ Երևանն ու Ստեփանակերտը, բանակցել են նաև տարածքներ զիջելու շուրջ: Բոլոր երեք առաջարկներով նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ին հարակից, պատերազմի տարիներին զբաղեցված յոթ շրջաններից վեցը, բացառությամբ Լաչինի:

Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաև դրանից առաջ բանակցված Քի Վեսթի փաստաթուղթը, ևս ենթադրում են տարածքների վերադարձ: Կազանի փաստաթուղթը, որը, ինչպես ապրիլին Բլումբերգի հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանը, անընդունելի է եղել Ադրբեջանի համար, մինչդեռ Հայաստանը այո է ասել: Կազանյան փաստաթուղթը ևս ենթադրում է առնվազն 5 շրջանի զիջում Ադրբեջանին: Կազանյան փաստաթղթից հետո ռուսները նոր առաջարկներ են արել, որոնք նույնպես ենթադրում են 5 շրջանի վերադարձ Ադրբեջանին, որի դիմաց Արցախին առաջարկվում է միջանկայլ կարգավիճակ:

Հայաստանի բոլոր երեք նախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կարգավորումը ենթադրում է նաև տարածքային զիջումներ:

Այդ մասին հրապարակավ խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի մամուլի ասուլիսում (26 սեպտեմբեր, 1997թ.) և շատ ավելի հայտնի հոդվածում («Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», 1 նոյեմբեր, 1997թ.):

Ռոբերտ Քոչարյանը 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանը 2010թ. մարտի 22-ին սիրիական «Ալ Վաթան» թերթի հետ զրույցում ասել է. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»:

Ավելին, հենց Սերժ Սարգսյանին են պատկանում Աղդամի մասին նշանավոր խոսքերը, որ նա հնչեցրել է 2001-ի գարնանը Հայաստանի խորհրդարանում. «Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»:

Եթե երկու-երեք ամիս առաջ Հայաստանի իշխանական շրջանակները և իշխող Հանրապետական կուսակցության տարբեր խոսնակներ հրապարակավ հայտարարում էին Ադրբեջանին տարածքներ զիջելու մասին, ապա այսօր խոսում են ոչ մի թիզ հող չզիջելու մասին: Անշուշտ, լավ է, որ ոչ մի թիզ հող չեք զիջելու կամ չեք ուզում զիջել: Պարզապես, լավ կլինի նաև հանրությանը տեղեկացնեք, թե, այդ դեպքում, Պուտինի ներկայությամբ ու միջնորդությամբ, Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում: Վատ չէր լինի նաև տեղյակ պահեիք, թե ինչպես է հաջողվում հիմարի տեղ դնել Իլհամ Ալիևին ու ձեր սիրելի Պուտինին:

Եվ վերջում՝ այնպես չստացվի, որ մի գիշերում ստիպված լինեք թուղթ ստորագրել ու հայտարարել, որ մի գիշերում չէիք կարող հայ ժողովրդի կարծիքը հարցնել:

Թաթուլ Հակոբյան