Տեր-Պետրոսյանին վերագրվող խոսքեր. «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»

2717

Նախորդող օրերին բանավեճ էր ծավալվել Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի և Հրապարակ պարբերականի միջև: Վերջինս իր էջերում տպագրել էր գրող, հրապարակախոս Ստեփան Թոփչյանի «Ցխել, թե չցխել. սա է խնդիրը» հոդվածը, որում հեղինակը Հայաստանի առաջին նախագահին էր վերագրել «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է» միտքը:

Ի պատասխան, Մուսինյանը առաջարկել էր ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանի որևէ բանավոր կամ գրավոր ելույթ, ձայնագրություն կամ տեսագրություն, որում առաջին նախագահն այդպիսի նախադասություն արտասանած լինի:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ունի Հայաստանի մոտիկ անցյալի պատմության մասին բավականին հարուստ պահոց՝ արխիվ: Մենք փորձրեցինք այդ պահոցը, սակայն նման նախադասություն չգտանք:

Եթե խոսքը վերաբերում է Տեր-Պետրոսյանի՝ ռուսական Նեզավիսիմայա գազետա թերթին տված հարցազրույցին՝ 19 հունիսի, 1992 թվական, թիվ 154, ապա ըստ մեր պահոցի, առաջին նախագահը բառացիորեն ասել է հետևյալը.

“Հայաստանի գոյատևման անվտանգության ամենահուսալի երաշխիքը ոչ թե նրա տնտեսական կամ ռազմական հզորությունն է, այլ բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերությունները: Այդ սկզբունքն էլ հենց ընկած է մեր արտաքին քաղաքական դոկտրինայի հիմքում”:

Առաջիկայում ևս մենք կքրքրենք մեր պահոցը՝ փորձելու հասկանալ, արդյոք կա՞ որևէ աղբյուր, որ հաստատի մինչև այժմ չհաստատված, սակայն բազմիցս Տեր-Պետրոսյանին վերագրված խոսքերը. «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն