Սերժ Սարգսյանը չգիտի Լիբանանի տեղը և չի գիտակցում, թե ինչ է կարդում

9076

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Բաղրամյան 26-ում: Նրա ելույթի մի հատվածը պարզապես վիրավորանք է Լիբանանի հասցեին, թեև ակնհայտ է, որ ոչ Սարգսյանը, ոչ էլ այն մարդը, ով գրել է տեքստը և տվել նրա ձեռքը, չեն գիտակցել, որ վիրավորանք են հասցնում արաբական աշխարհում մեր թիվ մեկ դաշնակցի հասցեին:

Լիբանանը միակ երկիրն է, որ Արցախի հարցով ադրբեջանական նախաձեռնություններում չի աջակցում Բաքվին: Առնվազն պահպանում է չեզոքություն: Հայոց ցեղասպանության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցերում աջակցում է Երևանին: Այս երկիրը երկու անգամ խորհրդարանի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Սերժ Սարգսյանը կարդացել է.

“Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու: Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից”:

Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր հայտարարում են Հայաստանի Լիբանանացման կամ Բեյրութացման վտանգի կամ անթույլատրելիության մասին, գիտակցում ե՞ն, թե ինչ վիրավորանք է Լիբանանի հասցեին:

Ուրեմն ի՞նչ, մյուս անգամ էլ խոսելու եք թուրքմենացման, կիրգիզացման մասի՞ն:

Իսկ գուցե ղազախացման մասի՞ն:

Բայց հիշե՛ք, որ Ձեզ Նազարբաևը առնվազն մեկ անգամ հրապարակավ նվաստացրել և ստորացրել է:

Թե մտածում եք՝ Լիբանանը անգլուխ երկիր է:

Այո՞: Հասկանում ե՞ք Ձեր ասածները: Լավ, ձեր մեջ մի դիվանագետ չկա՞:

Բայց Սերժ Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր խոսում են Լիբանանացման կամ Բեյրութացման վտանգի մասին, ցավոք, նաև անգետ են ու տգետ, քանի որ Լիբանանը իր ցուցանիշներով, այդ թվում՝ ժողովրդավարական, Հայաստանից առաջ է:

Դուք դա գիտե՞ք, թե ո՞չ:

Թաթուլ Հակոբյան