Անգելա Մերկելը՝ Գալուստ Գյուլբենկյան Մարդասիրություն մրցանակի ժյուրիի նախագահ. «ԱԶԳ»

5825

Գերմանիայի նախկին կանցլեր 67-ամյա Անգելա Մերկելը նոր պաշտոն ունի՝ նա համաձայնել է աշնանը ստանձնել Գալուստ Գյուլբենկյան մարդասիրության համար տրվող մրցանակի ժյուրիի նախագահությունը:

Գերմանական dpa գործակալության հարցին ի պատասխան Մերկելի խոսնակը հաստատել է տեղեկատվությունը: Լրատվության տեղեկանքում հետեւյալ անդրադարձը կա. հայազգի նավթային մագնատ եւ արվեստի հավաքորդ Գալուստ Գյուլբենկյանի անվամբ 1956-ին Պորտուգալիայում հիմնված հաստատությունը նպատակ ուներ մարդկանց կյանքի որակը բարելավել արվեստի, բարեգործության, գիտության եւ կրթության միջոցով:

1 միլիոն եվրո պարգեւավճար կազմող Մարդասիրության մրցանակը Գյուլբենկյան հիմնադրամը կյանքի է կոչել 2020 թվականին՝ առաջինը պարգեւատրելով կլիմայի պահպանության պատանի ակտիվիստ շվեդուհի Գրետա Թունբերգին: 2021-ին մրցանակակիր է դարձել Organisation Global Covenant of Mayors խոշորագույն միությունը, որ 6 մայրցամաքների 142 երկրների 11 500 քաղաքների տեղական կառավարողներին միավորում է կլիմայական փոփոխությունների եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու ծրագրերում:

2022 թվականի մրցանակակրի անունը հայտնի կդառնա հուլիսին:

Անահիտ Հովսեփյան

Ազգ, 1 հուլիսի, 2022թ