Chatham House-ի զեկույցը՝ Ապրիլյան պատերազմի մասին

3329

Chatham House ReportԲրիտանական Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնը հրապարակել է Լոուրենս Բրոյերսի (Laurence Broers) հեղինակած զեկույցը Ղարաբաղյան  հակամարտության մասին, որում ուսումնասիրվել են Ապրիլյան քառօրյա պատերազմի համատեքստը, դինամիկան և հետևանքները՝ շեշտադրելով տեղական գործոնները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. շարժվելով դեպի պատերազմ» խորագրով զեկույցը փորձում է պատասխանել երեք հարցի.

  • Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա անվտանգության և միջնորդական համակարգերը թուլացել այն աստիճանի, որ բռնության բռնկումները դարձել են պարբերական և մեծապես լայնամասշտաբ:
  • Արդյոք կա՞ր որևէ նոր բան ապրիլի 2-5-ի բախումներում:
  • Դրանից հետո ի՞նչ կարող է կամ պետք է արվի՝ նվազեցնելու ապագայում բռնության հնարավորությունն ու վերահաստատելու միջնորդական գործընթացի իրավականությունը:

ԼՂ հակամարտությունը՝ եվրասիական աշխարհաքաղաքական ձևանմուշներից դուրս

«Չնայած պարբերական նախազգուշացումներին՝ աշխարհն, այդուհանդերձ, զարմացած էր 2016թ. ապրիլի 2-5-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության բռնկմամբ: Շեղված լինելով այլ հակամարտություններով և պատվաստված՝ «սառեցված հակամարտություն» եզրով՝ տարածաշրջանային և համաշխարհային ուժերը աչքաթող արեցին մի վեճ, որը կարող է նրանց բոլորին ներքաշել նոր, ավելի մեծ պատերազմի մեջ»,- գրում է Բրոյերսը՝ հավելելով, որ աշխարհագրորեն հեռու լինելու փաստը ԼՂ հակամարտությունը դարձնում է «հայեցակարգային և ռազմավարական առումով ծայրամասային»:

«Հետխորհրդային տարածքային վեճերը գրավում են Արևմուտքի քաղաքականություն մշակողների ուշադրությունը գերազանցապես որպես Ռուսաստան-Արևմուտք հակամարտության փոքրացված մոդել: Մինչդեռ ԼՂ հակամարտությունը դուրս է այս կարծրատիպից … ԼՂ հակամարտության՝ եվրասիական աշխարհաքաղաքականության ձևանմուշներին չհամապատասխանելու փաստն արտացոլված է քաղաքական արձագանքներում:

Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում արևմտյան քաղաքականություն մշակողները անվերապահորեն սատարում են արևմտամետ մայր պետությունների տարածքային ամբողջականությունը՝ ընդդեմ ռուսամետ դե ֆակտո պետությունների: Ի հիասթափություն Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտության հարցում Արևմուտքի մոտեցումները չեն բնութագրվում նման հստակ միջամտության ռազմավարությամբ: Չնայած պետություններն ու միջկառավարական կազմակերպությունները պաշտոնապես սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրանք ներգրավում են նաև Հայաստանին՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հովանավոր պետությանը՝ հիմնականում առանց վերապահումների»,- գրում է Chatham House-ի վերլուծաբանը՝ հղման մեջ պարզաբանելով, որ կան որոշ բացառություններ, օրինակ՝ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, իսկ Պակիստանը չի ճանաչում այն:

Բանակցությունները շարունակում են փակուղում մնալ՝ առանց կողմերի դիրքորոշումներում հիմնարար փոփոխության

Զեկույցի հեղինակները հակված են մտածելու, որ ԼՂ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային և, առհասարակ, եվրոպական անվտանգությանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են անվտանգության վտանգավոր վակուումի մեջ, որը պետք է լցվի միջազգային բազմակողմ գործողություններով: Ստորև հեղինակների եզրահանգումները, որոնք ներկայացված են զեկույցի համառոտագրության մեջ.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որում ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, մեծապես սպառնում է տարածաշրջանային և եվրոպական անվտանգությանը: Ապրիլի սկզբին բռնության բռնկումից հետո միջազգային ուժերը փխրուն զինադադարի կայունացումից անցել են պատերազմի կանխարգելման:
  • Բանակցությունները շարունակում են փակուղում մնալ՝ առանց կողմերի դիրքորոշումներում հիմնարար փոփոխության՝ սկսած 1990-ականների սկզբից: Որպես հետևանք՝ ավելի զայրացած և վերազինված Ադրրբեջանը շփման գծում ռազմական գործողությունները դիտարկում է որպես ազդեցության իր միակ լծակը, որի միջոցով կարող է դիմակայել «սառեցված հակամարտության» անորոշ ձգձգմանը:
  • Ադրբեջանը ապրիլի 2–5-ի իր գործողությունները ներկայացնում է որպես մարտավարական հաղթանակ և հոգեբանական ճեղքում: Չնայած 1994-ից ի վեր առաջին անգամ մի կողմից մյուսին չնչին տարածքներ են անցել, տեղում ռազմավարական նշանակության առումով քիչ բան է փոխվել:
  • 1990-ականների կեսին ԵԱՀԿ-ին տրված՝ զինադադարի պահպանմանը հետևելու մանդատը սահմանափակ է և հնացած:
  • Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են անվտանգության վտանգավոր վակուումի մեջ, որը պետք է լցվի միջազգային բազմակողմ գործողություններով:
  • Ինստիտուցիոնալ և ընթացակարգային անգործությունը, աշխարհաքաղաքական մրցակցությունը հարևան տարածքներում, կողմերի ցինիզմն ու խոր անվստահությունը միմյանց նկատմամբ, չբարեփոխված վերնախավերի կողմից խորհրդանշական ազգայնականությունից շահաբաժիններ ստանալը շարունակում են լինել ստատուս քվոյի բանակցային այլընտրանքի լուրջ խոչընդոտ:

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը

ՍիվիլՆեթ, http://civilnet.am/2016/07/14/chatham-house-paper-karabakh-april-war/#.V4dhYNJ97IU