Սրաշեն. Կապանի գյուղաշխարհը

2039

Սրաշենը Հայաստանի հանրապետության գեղատեսիլ գյուղերից է, գտնվում է Կապանից 14 կմ հվ-արլ, անտառի եզրին: Գյուղը վաղուց հայտնի է իր պտղատու այգիներով: Այստեղ սակավ է թե խմելու և թե ոռոգման ջուրը: Գյուղում հարգի է եղել շերամապահությունը, որով զբաղվում էին նախախորհրդային շրջանում:

Ավանդության համաձայն սրաշենցիները Խուդափիրինի կամրջով անցել են Պարսկաստան և այնտեղից գյուղ բերել թթենու տնկիներ և շերամ: Լավագույն շերամապահը այս կողմերում համարվել է Սրաշեն գյուղացի Մկրտիչը:

1980-ական թթ. սկզբին Սոսիների պուրակի տարածքում կառուցված պոմպակայանից ջուրը մղվեց Սրաշենի ընդարձակ վարելահողերը, որը օգնեց վարելահողերի և այգիների ոռոգմանը, և տարիներ շարունակ ստացվում էր առատ բերք: Խորհրդային Միության փլուզումից հետո պոմպակայանը ջրատարի հետ միասին դուրս եկավ շարքից, և մեր օրերում գրեթե ամբողջ վարելահողը անջրդի է:

Միշտ թվացել է, թե Սրաշեն անունը վերջերս է լույս աշխարհ եկել: Բայց երկու կարևոր աղբյուր գալիս բացում են մեր աչքերը փոքրիկ գյուղի խորհրդավոր անցյալի վերաբերյալ:

Առաջինը. Մեր հայրենակից Սերգեյ Ջհանգիրյանը, որը վերջերս հրատարակել է «Ղարադաղ – Սևասար. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» արժեքավոր գիրքը, այժմ ուսումնասիրում է Սյունիքի, մասնավորապես Կապանի գրչության կենտրոնները, Մատենադարանի ձեռագիր մատյաններում հայտնաբերում է մեր գյուղերին վերաբերող մեզ անհայտ էջեր, անուններ, պատմական իրադարձությունների արձագանքներ:

Սերգեյ Ջհանգիրյանը գրում է. «Տաթևից սկիզբ առած անապատական շարժումը ողջ XVII դարը վերածեց Սյունյաց գրչության ծաղկման դարաշրջանի: Հիշյալ ժամանակաշրջանում Սրաշենը հիշատակվել է Տաշտունում արտագրված մի ավետարանի հիշատակարաններից մեկում: Այդ ավետարանը ներկայումս պահպանվում է Մաշտոցի անվան մատենադարանում՝ 319 համարի տակ: Այն արտագրվել է 1661 թվականին Եսայի Բարկուշատցի գրչի կողմից և իրենից ներկայացնում է կաշվեպատ, երկսյուն բոլորագիր, 229 թերթանոց 18,3×13,8 չափի ձեռագիր՝ զարդարված Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների պատկերազարդ մանրանկարներով: Ավետարանը պարունակում է երեք հիշատակարան՝ թվագրված 1661, 1671 և 1726 թվականներով. «…ի թուականիս Հայոց ՌՃԺ (1661), ընդ հովանեաւ նորաշէն սուրբ եկեղեցւոյ, ի յերկրէն Ղապանայ, ի գեղջէն Տաշտօնոյ, ի հայրենին եւ ծնունդն իմ Բարկուշատ, զհայրապետութիւն տեառն Յակովբի, առաջնորդ Ստաթէի աթոռոյս տէր Յովհաննէս վարդապետին, զթագաւորութիւնն Պարսից ազգին Փոքր Շահ- Ապազին, եւ այլն ընդ նմայ»:

Երկրորդ հիշատակարանը նկարագրում է մորեխի կողմից ողջ տարածաշրջանին հասցված վնասը. «Ո՛վ մանկունք սուրբ եկեղեց[ե] այց, յիշատակարան ծրման թուականիս ՌՃԻ (1671) ամի, ի յորդորիլ տէր Հայրապետիս, ձեռամբ Աւէտ քահանայիս Եսայի` աշակերտ զիմս: Վասն մեր մեղացս ՌՃԺԸ (1669) թվիս պատուհաս մարախ եկեալ մինչ ՌՃԻ (1671) թուականն, եւ՛ յառաջն, եւ՛ յետն չիմացեալ: Բազում երկիրներ ապականեաց եւ սովալըլուկ արար Թփլիզոյ մինչեւ Շահաստան, եւս բազմաւերութիւն եղեւ Բարկուշատ, Ղափանաստան, Հիգարի, Դիզախ, Վարանտայ, Խաչին, Չարաբերդ: … Այսպիսի չար ու դառն պատուհասէ չհանդիպիք: Ով կամենայ արքայութիւն մըտանել, սուրբ Աւետարանիս պատուիրանն պինդ պահէ, սրբասէր եւ առաքինի կենայ»: 1726 թվականին, երբ տարածաշրջանում ընթանում էր դավիթբեկյան ազատագրական պատերազմը և Կապանի տարածաշրջան էին ներխուժել Օսմանյան զորքերը, այս ավետարանը ձեռք է բերել սրաշենցի Անդրեասը: Վերջինս հավանաբար մելիքական կամ առևտրական-խոջայական ընտանիքի ներկայացուցիչ էր. «Յիշատակ է կենսաբեր, փրկագործ սուրբ Աւետարանս Սրաշնեցի Անդրէասին եւ ծնողաց, հօրն` Պալասանին եւ մօյրն` Հեղինարին, եւ պապն իմ Ասլանին եւ հօրեղբայրն իմ Ալիքսանին եւ կողակցին իմոյ` Հուրիխանին, եւ արեւշատ որդին իմոյ` Պալասանին: Եւս զանբիտան վերւոյգրեալ Անդրէաս առայ զայս սուրբ Ավետարանս ի դառն եւ ի նեղ ժամանակիս, որ 0սմանլուն եկաւ առաւ յերկիրս Պարսից, եւ եղեւ աւերումն Պարսից քաղաքաց եւ գեղորէից, եւ եղեւ կերութիւն եւ սրածութիւն քրիստոնէից. եւ այսպիսի վշտապատում ժամանակիս առայ: Յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր, եւ դուք` յիշօղտ յիշեալք լիջիք ի Քրիստոսէ յոյսն մերմէ. ամէն: ՌՃՀԵ (1726) թվին յունվարի Ժ:»:

Եվ երկրորդը՝ Կապանի գյուղերը անկում ապրեցին Դավիթ Բեկի ապստամբության պարտությունից հետո: Վախենալով խաների ու բեկերի վրեժխնդրությունից, սյունեցիները գաղթեցին երկրամասից: Վկայություններ կան այս մասին, որոնցից են Զմյուռնիայի և շրջակայքի բնակավայրերի հայկական գերեզմանատները: Բազմաթիվ են կապանցիների գերեզմանները, որոնց վիմագիր տապանաքարերը հիշեցնում են ոչ միայն մեր օրերում գոյատևող, այլև վաղուց մոռացված, դարավոր անտառի տակ թաղված, գյուղատեղիների վերածված երբեմնի գյուղերի գոյության մասին: Մի շարք տապանաքարերի վրա հիշատակված է՝ «Այս է տապան Ղափանի ՍԵՐԱՇԵՆ գյուղացի…» և այլն:

Ցարական կամերալ նկարագրություններում այս գյուղը հայտնի է նաև Քիլիսաքենդ անունով: Քիլիսա թուրքերենից թարգմանաբար նշանակում է եկեղեցի, իսկ քենդը՝ գյուղ, այսինքն՝ Եկեղեցու գյուղ: Անշուշտ խոսքը վերաբերում է գյուղի ծայրին կառուցված Սբ Հռիփսիմե եկեղեցուն (17-րդ դար): Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում Սրաշեն անունը գոյություն չունի: Հավանաբար սա նախկին Պողոսի վանք գյուղն է եղել: Ըստ ցարական կամերալ (ծխական) նկարագրությունների Սրաշեն գյուղը 1832 թվականին ուներ 16 ծուխ՝ 97 բնակիչ: 1897-ին Սրաշենն ունեցել է 235, 1926-ին՝ 470, 1939-ին՝ 414, 1959-ին՝ 245, 1970-ին՝ 171, 1979-ին՝ 114:

1965 թվականին Սրաշենի կոլտնտեսությունը միավորվել է Շիկահողի պետական տնտեսության հետ: Հիմնական զբաղմունքն էր անասնապահությունը, ծխախոտագործությունը, պղտղաբուծությունը, հացահատիկի արտադրությունը:

1991 թվականին, հողի սեփականաշնորհումից հետո գյուղն անցավ մասնավոր տնտեսավարման:

1989-ին և Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում գյուղն ուներ 108 բնակիչ, որը չխանգարեց Սրաշենին լինել սահմանամերձ ամենահերոսական գյուղերից մեկը: Բազմաթիվ սրաշենցիներ , ինչպես նաև դրսից օգնության հասած կամավորներ իրենց կյանքը տվեցին գյուղի պաշտպանության համար:

Գյուղից ներքև, Փշոնց կոչվող տարածքում հայտնաբերվել են դամբարանադաշտեր: Հս-արևմուտքում, Ճանճապտուկ լեռան արլ լանջին գտնվում է Սղնախատեղ ավերակ գյուղատեղին: Մոտակայքում կան նաև միջնադարյան ամրոցի ավերակներ: Գյուղից արևելք, Շիկահող գետի ափին կան պղնձահանքի պաշարներ, որոնք, անկասկած, արդյունահանվել են վաղ անցյալում։

Սրաշենցիների մի մասը տեղաբնիկ է: Մյուս մասը, տարեցների վկայությամբ, այստեղ է տեղափոխվել Ղարադաղից, Ողջի գետի աջ ափի Ասկուլում գյուղից, իսկ հետագայում նաև Ըռոտմանց (Ղուրղուլու) գյուղից: Սրաշենցիները բնավորությամբ կամեցող են, հանդուրժող, համեստ, աշխատասեր: Նրանք հումորի բարձր զգացում ունեն:

Ցավոք գյուղը զգալիորեն տուժել է կոլեկտիվացման տարիներին, այսպես կոչված՝ բանդիտիզմի շրջանում, Ղարաբաղյան պատերազմում:

ՍԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

2018 թվականին «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպությունը հանձն առավ վերականգնել Սրաշենի Սբ Հռիփսիմե եկեղեցին, որին նախորդեցին հնագիտական պեղումները: Ճարտարապետ, երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանի կարծիքով ուշ միջնադարի ժամանակաշրջանի գոհարներից է այն. «Եռանավ, բազիլիկ հորինվածքի շինությունը կառուցված է անմշակ գլաքարերից: Ունի հիմքեր ու խաչքարեր, որոնք մի փոքր ուշ շրջանի են թվագրվում, եզրակացնում ենք, որ այդտեղ ավելի հին սրբատեղի է եղել, որի հիմքի վրա է կառուցվել եկեղեցին»:

Նախքան վերականգնումը այստեղ պեղումներ է կատարում հնագետ Արման Նալբանդյանը: Եկեղեցու արլ կողմում հայտնաբերվել են ուշ և զարգացած միջնադարի բազմաթիվ թաղումներ: Հայտնաբերվել են նաև քարարկղային թաղումներ, խաչքարեր: Հնագետը վկայում է. «Սուրբ Հռիփսիմեի հարավային ավանդատան պեղման ընթացքում բացվեց թաղում, որ իր տեսակով բացառություն էր, քանի որ դեռևս չորրորդ դարից սկսած եկեղեցիներում հատուկ կանոնով սահմանված թաղումները թույլատրելի չէին, այն հնարավոր էր միայն բացառիկ դեպքերում: Կամ եկեղեցին կառուցվել է այդ երևելի մարդու դամբարանի վրա, կամ հետագայում այդ մարդն այնքան երևելի է եղել, որ նրան թաղել են ավանդատան մեջ»։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև մետաղադրամներ, կապտականաչավուն ուլունք, կավե ճրագամաններ:

Սբ Հռիփսիմեն կանգուն է եղել մինչև 1930-ականների սկիզբը: Այդ ժամանակ Սրաշենում կառուցվում էր կոլխոզային պահեստ, գյուղական խորհրդի և կոլխոզի նախագահի գրասենյակներ: Մի պահ շինարարությունը կանգ առավ քարի բացակայության պատճառով: Իսկապես Սրաշենում դժվար է քար գտնել: Այն պետք է բերվեր հեռու գետափից, որը պահանջում էր աշխատուժ և ծախսեր: Այդ ժամանակ է, որ տեղական որոշ աստվածամերժներ մատնացույց արեցին Սբ Հռիփսիմեն, որը շատ մոտ էր շինհրապարակին: Կոլխոզի ղեկավարությունը եկեղեցին պայթեցնելու որոշում կայացրեց, քանի որ քլունգներով քար պոկելն անհնարին էր: Երկար ժամանակ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ եկեղեցուն: Ի վերջո այդ <<գործը >> հանձն առան սրաշենցիներ Արիստակեսը, Մուշեղը, Սեդրակը, Մելիքը:

Նրանք սկսեցին ծակծկել թաղն ու արևմտյան պատը: Լիցքավորեցին հանքերից բերած դինամիտով: Պայթեցման պահին մարդկանց հանեցին գյուղից: Առանձնապես ոգևորված էին կոմսոմոլները: Հավատացյալ ժողովուրդը լաց էր լինում: Կային մարդիկ, որ հույս ունեին ավերակների մեջ գանձ գտնել: « Սար ու ձոր որոտացին, բայց հիասթափությունը պատեց վանդալներին՝ տաճարից միայն քարեր էին պոկվել: Լիցքավորեցին երկրորդ անգամ: Պատերը ճաքեր տվեցին: Երրորդ պայթյունից հետո արևմտյան պատն ու թաղի մի մասը տապալվեցին:

….Սրաշենի հիշողությունից չես ջնջի չորս հերոստրատների անունները, որոնք, ժողովրդի ասելով, անեծքի տակ ընկան: Մուշեղն ու Մելիքը պատերազմում մնացին: Սեդրակը պատից ընկավ ու մահացավ, Արիստակեսը ՝ կուրացավ»։

( Ըստ Գ.Սմբատյանի «Երկաթե վարագույրից այս կողմ » գրքի:)

ՍՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԸ

Սրաշեն գյուղի ծխական դպրոցի մասին հիշատակություն կա 1908 թվականի Կովկասի հայ ՝բարեգործական ընկերության նպաստառու դպրոցների ցուցակում: Խորհրդային ժամանակներում գործել է տարրական դպրոց: Սրաշենցի երեխաները միջնակարգ կրթություն ստանում էին Շիկահողի և Կապան քաղաքի միջնակարգ դպրոցներում: Այս գյուղի թե դպրոցի և թե պատմության վերաբերյալ սակավ են վավերագրերը: ՀՀ ազգային արխիվում պահպանվում է սրաշենցիների մի խնդրագիրը Գևորգ 5-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ գյուղում եկեղեցական – ծխական դպրոց բացելու մասին: Ստորև ներկայացվող փաստաթուղթը վկայում է, որ ամենասոսկալի տարիներին փոքրիկ այս գյուղը մտածում էր դպրոց ունենալու մասին:

«Ղափանի Սրաշէն գիւղի հասարակութեան խնդրագիրը Գէորգ Ե կաթողիկոսին իրենց գյուղում եկեղեցական ծխական դպրոց բաց անելու մասին

3 դեկտեմբերի 1917թ.

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹԻԻՆ Տ. Տ. ԳԵՈՐԳ Ե. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԱՄԵՆԱԽՈՆԱՐՀ ԽՆԴԻՐ ՂԱՓԱՆԻ ՍՐԱՇԷՆ ԳԻԻՂԻ ԾԽԱԿԱՆՆԵՐԻՑ

Վեհափառ Տէր

Ղափանի շրջանի Սրաշէն գիւղի Ս.Հռիփսիմէ եկեղեցու բոլոր յիսուներկու (52) իրավասու ծխականներս անսալով թեմական տեսուչ պ.Յովհ. Գեորգբէկեանի յորդորներին եւ գիտակցելով ուսման ու դաստիարակութեան վեհ, բարձր նշանակութիւնը, սոյն թւի նոյեմբերի 1-ից հիմնել ենք եկեղեցական – ծխական դպրոց, ուստի ամենախոնարհ որդիական ակնածութեամբ թախանձում ենք Սրբատառ կոնդակով հաստատեք նրա բացումը եւ առաքեք Ձեր հայրական շնորհաբաշխ օրհնութիւնը:

Յուսապատար զգացումներով առլեցուն հաւատացած ենք, որ Ձերդ Ս. Օծութիւնը բարեհաճ ուշադրութեամբ կվերաբերւի մեր ամենախոնարհ խնդրին ու չի մերժիլ:

Ղազար Բաղդասարեանց

Բաբաջան Գալուստեան

Արզուման Աւանեսեան»:

(Աղբյուրը՝ Վավերագրեր հայ եկեղեցու պատմության, գիրք ԺԳ, Գեորգ Ե Վշտալի Սուրենէանց կաթողիկոս ամենայն հայոց (1847-1930), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կազմող՝ Սանդրո Բեհբուդյան,Երևան, 2005, 15 468, հմմտ. Հ Ա Ա, ֆ. 48, ց.1 գ. 490, թ. 1)

ՍԻՐՈ ՀԱՃԱՐԵՆԻՆ՝ ԱՄՈՎՍԻ ԾԱՌԸ

Սրաշենից մոտ 2 կմ վեր՝ դեպի հարավ, անտառի խորքում գոյություն ունի եզակի մի պուրակ, որն այս կողմերի համար անսովոր է: Դա Հաճարկուտն է, այսինքն հաճարենու պուրակը: Պուրակի կենտրոնում վեր է բարձրանում հնամենի ու հաստաբուն մի հաճարենի, որի շուրջը տարածվում են երիտասարդ հաճարենիներ և այլ ծառատեսակներ: Հաստաբուն հաճարենու վրա նշմարվում են հարթաքանդակի և փորագիր տառերի հետքեր: Դրանք սիրո և նվիրվածության վաղեմի պատմության լուռ վկաներ են: Դրանք արդեն ոչինչ չեն կարող պատմել, փոխարենը մեզ օգնության են հասնում մարդկային հիշողությունները:

Սկսվել էր Մեծ հայրենականը: Սրաշեն գյուղից երիտասարդ Ամովսը սիրահարվում է իրենց գյուղ եկած ճակատենցի Նատալիային՝ գեղեցկուհի մի աղջկա: Տղան մտածում էր սիրո խոստովանություն անել, բայց նրան են հանձնում ռազմաճակատ մեկնելու ծանուցագիրը: Եվ Ամովսը ռազմաճակատ է մեկնում առանց սեր խոստովանելու: Պատերազմն ավարտվում է, և ճակատից վերադառնում են զինվորները: Տուն է վերադառնում նաև Ամովսը, բայց հաշմանդամ. նա ճակատամարտում կորցրել էր թևը:

1945-ին կռնատ զինվորը գալիս և հանդիպում է սիրած աղջկան, ու մի օր համարձակվում է սիրո և ամուսնության առաջարկություն անել Նատալիային: Աղջիկը սակայն մերժում է՝ ակնարկելով նրա հաշմանդամ լինելը: Վիրավորված երիտասարդը թողնում է տուն ու տեղ ու հեռանում անտառ: Գիշեր-ցերեկ նա թափառում է անտառներում, մտորում իր թերարժեք լինել-չլինելու մասին:

Պատահեց այնպես, որ մի օր միթևանի զինվորը կռիվ տվեց արջի հետ:

Օրերից մի օր Ամովսը կանգ առավ Հաճարկուտում: Նա ընտրեց ամենամեծ ծառը և մտածեց իր մտքերը պատկերել ծառի բնին: Պիտի քանդակեր, փորագրեր, և այդ ամենը՝ մեկ ձեռքով: Հաճարենու բունը օրեցօր փոխում էր իր տեսքը: Շուտով երևաց քանդակված սիրտ՝ վրան ուղված հրացանի փող: Վերևում տղայի և աղջկա հարթաքանդակներ էին և իրենց անունների սկզբնատառերը:

Լուրը գյուղ հասավ, մարդիկ տեսան Ամովսի գործը, չթաքցրին իրենց հիացմունքը: Ասում են, մի օր ընկերուհու հետ Հաճարկուտ է բարձրացել Նատալիան: Ինչ որ բան փոխվեց աղջկա սրտում և հոգում այդ պահին: Աղջիկը մտածեց մենակ չթողնել զինվորին ու մի հանդիպման ժամանակ ընդունեց ամուսնության առաջարկը: 1946 թվականին նրանք ամուսնացան, ծնվեցին չորս գեղեցիկ զավակներ: Բայց ռազմաճակատային վերքերը ժամանակի ընթացքում զգացնել տվին: 1955 թվականին Ամովսը մահացավ:

Մեր օրերում պահպանվում է Սիրո հաճարենին, միայն թե արդեն աղավաղվել են պատկերներն ու տառերը: Բայց շրջակա գյուղերում անգամ նոր սերունդը գիտե Ամովսի մեծ սիրո պատմությունը:

(Այս պատմությունը մեզ ներկայացրել են Ամովսի և Նատալիայի դուստրը՝ Ալվարդը և Սրաշեն գյուղից 90-ամյա Լիդա Մուսայելյանը:)

ՍՐԱՇԵՆՑԻ ԶՈՀՎԱԾ ՏՂԱՆԵՐԻ ԲԼԻՆԴԱԺԸ

1992 թվականի ապրիլին սահմանամերձ այս տարածքում հնչում էին կրակոցներ, ադրբեջանցիները իրականացնում էին դիվերսիաներ: Ապրիլի 24-ից հետո ադրբեջանցիների կողմից Կապան-Ծավ ճանապարհի մի հատվածի գրավման պատճառով Շիկահողի ենթաշրջանի գյուղերը հայտնվեցին շրջափակման մեջ: Գյուղերում սկսվեցին փորել խրամատներ, կառուցել դիտակետեր ու բլինդաժներ:

Ապրիլի 30-ին Սրաշենից Ծավ տանող ճանապարհի բարձունքում, որտեղից երևում էին ադրբեջանական դիրքերն ու գյուղերը, սկսվեց դիտակետերի և բլինդաժի կառուցումը: Ապրիլի 30-ին ձյուն տեղաց: Դա չխանգարեց, որ վաղ առավոտյան սրաշենցիները ձյան ու ցեխի մեջ կաղնի ծառեր կտրեին բլինդաժի շինարարության համար:

Մի քանի օր հետո ամրությունները պատրաստ էին, և սահմանվեց ամուր հերթապահություն: Այստեղից հսկողության տակ էր առնված ադրբեջանցիների շարժումը, հարկ եղած դեպքում նրանց կրակոցներին պատասխանում էին <<Ալազան>> կոչվող կայանից արձակված փոքրիկ հռթիռներով:

Իրադրությունը այս կողմերում լարվեց օգոստոսի 21-ից սկսած: Թշնամին անընդհատ հրետակոծության տակ էր պահում մեր դիրքերն ու գյուղերը: Մերոնք պատասխանում էին միակ տանկի և հրետանու կրակոցներով: Օգոստոսի 24-ին, ժամը 11-ին թշնամին սաստիկ հրետակոծության և հրթիռակոծության (գրադ կայանքներ) ենթարկեց բնակավայրերը: Մեկ ժամ հետո ադրբեջանական դիվերսանտներին հաջողվեց անցնել թիկունք և բարձունքից ուղիղ նշանառության տակ առնել բլինդաժը: Զոհվեցին դիրքապահ սրաշենցի չորս տղաները՝ Հենրիկ Գրիգորյանը, Միշիկ Սարգսյանը, Հենրիկ Հարությունյանը, Ռուբեն Բաբայանը: Մարտական դիրքում կանգնած տղաներից հինգերորդը ՝Ռաֆիկ Հայրապետյանը, փրկվեց հրաշքով: Օգնության հասած երկրապահ ուժերն ու մյուս կամավորականները կրակի տակ առան դիվերսանտներից մի երկուսին, որոնք, իրենց հետ քարշ տալով վիրավորներին, իջան ադրբեջանական Քյոլլու գյուղը: Երկրապահը պատրաստվում էր մարտի , սակայն ռացիան հայտնեց, որ զինադադար է:

2002 թվականի օգոստոսի 24-ին այս ողբերգական իրադարձության 10-րդ տարելիցի առթիվ վերականգնվեց բլինդաժը, տեղադրված հուշաքարին գրվեցին տղաների անունները, մոտակայքում կանգնեցվեց խաչքար: Այդ օրը սրաշենցիները, շրջակա գյուղերի բնակիչները և բազմաթիվ կապանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակների հիշատակին:

Սրաշեն գյուղը զոհեր ունեցավ նաև 1993 թվականի ապրիլի 10-ին՝ թշնամու մասսայական հարձակման հետևանքով: Օգոստոսի 24-ը և ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության ամենահերոսական գյուղերից մեկում՝ Սրաշենում, հիշատակի և խնկարկության օրեր են:

(Աղբյուրը՝ Գ.Սմբատյանի <<Հարյուրամյա պատերազմ. Օրեր և մարդիկ>> գրքից )

ՍՐԱՇԵՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

  1. Միջնադարյան գյուղատեղի Սղնաշեն (Սխնախատեղ), գտնվում է գյուղից 2 կմ հս-արմ: Պահպանվել են ավերակները:
  2. Սրաշենի հին գերեզմանոց
  3. Միջնադարյան ամրոցի ավերակներ
  4. Ջրաղաց (Բաբուն ճեղաց՝ Շիկահող գետի վրա)
  5. Սբ Հռիփսիմե եկեղեցի՝ 17-րդ դար, գտնվում է գյուղի եզրին, եռանավ բազիլիկ
  6. Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հուշարձան` 1967 թ., գտնվում է գյուղամեջում, եկեղեցու մոտ:
  7. Խաչքար՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմում զոհվածներին
  8. Բլինդաժ՝ 1992 թվականի ամառային ռազմական գործողությունների ժամանակների (վերականգնված)

ՍՐԱՇԵՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

  1. Գետ Ավերաձոր
  2. Ղաժաղբյուր
  3. Հոտած աղբյուր
  4. Աղիաղբյուր (Շոռաղբյուր)
  5. Հանքային ջուր Շիկահող գետի աջ ափին, Սրաշեն գյուղի սահմանում
  6. Հաճարկուտ

Արմինե Հովհաննիսյան

«Տավերս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր

Լուսանկարը՝ Գրիշա Սմբատյանի