Քազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է` հանրաքուէի հեռանկարով

1295

2011 թուականի յունիսին Քազանում Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակուայ առաջնորդ Տմիթրի Մետվետեւի կողմից առաջարկուած փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիեւը, իր փիլիսոփայութեամբ յիշեցնում է 1997-ի փուլային առաջարկը:

Այսօր էլ Հայաստանի ղեկավարութիւնը համաձայն է ղարաբաղեան կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին այդ փաստաթղթի հետ (գոնէ հրապարակաւ յայտարարում է), որը ենթադրում է հետեւեալ քայլերը` ըստ հերթականութեան.

Առաջին. հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից (աւելի քան 4 հազար քառակուսի քիլոմեթր):

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպէս նաեւ Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակաւոր անցումային միջանկեալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները, միջանկեալ ժամկէտի ընթացքում, մինչեւ իրաւական վերջնական կարգավիճակի յստակեցումը, կ՛իրականացնեն օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւն, ստանալ արտասահմանեան երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների ֆինանսական օժանդակութիւն:

Երրորդ. Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանուած անձինք: Ստեղծուած նոր սթաթիւս քուոյի պայմաններում Ղարաբաղ-Ազրպէյճան սահմաններում տեղակայւում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից յետոյ, երբ անց է կացւում քուէարկութիւն` որոշելու Լեռնային Ղարաբաղի իրաւական վերջնական կարգավիճակը:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղում անց է կացւում վերջնական իրաւական կարգավիճակը որոշելու շուրջ քուէարկութիւն:

Ահա սրանք են քազանեան փաստաթղթի առանցքային կէտերը: Սրանից բացի` կան մի շարք այլ կէտեր եւ մանրամասներ, որոնց շուրջ Հայաստանն ու Ազրպէյճանը չեն կարողանում համաձայնութեան գալ, մասնաւորապէս`

ինչպէ՞ս են շաղկապուելու Քարվաճառի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում անցկացուելիք հանրաքուէի` քուէարկութեան ժամկէտները,

միջանկեալ կարգավիճակից յետոյ Քարվաճառը ե՞րբ է անցնելու Ազրպէյճանի վերահսկողութեան տակ,

ե՞րբ են վերադարձուելու Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասերը,

ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Լաչինի միջանցքը,

Լեռնային Ղարաբաղի իրաւական կարգավիճակի քուէարկութեանը ովքե՞ր իրաւունք ունեն մասնակցելու եւ ի՞նչ համամասնութեամբ:

Քազանի փաստաթուղթը մերժել է Ազրպէյճանը` ներկայացնելով մօտ մէկ տասնեակ փոփոխութիւններ:

Քազանի փաստաթուղթը իր փիլիսոփայութեամբ շատ մօտ է 1997-ի փուլային տարբերակին, որին, բազմաթիւ վերապահումներով, Հայաստանի առաջին նախագահը իր համաձայնութիւնն էր տուել, սակայն իշխանութեան ուժային թեւը` Վազգէն Սարգսեանի եւ Ռոպերթ Քոչարեանի գլխաւորութեամբ, ստիպեցին Լեւոն Տէր Պետրոսեանի հրաժարականը:

Սերժ Սարգսեանը եւս դէմ էր փուլային լուծմանը, որին վերադառնում է 20 տարի անց:

Այնուամենայնիւ, Քազանի փաստաթուղթը փուլայինից ունի մէկ առաւելութիւն` խոստացուած հանրաքուէն կամ քուէարկութիւնը: Ազրպէյճանը դէմ չէ որեւէ քուէարկութեան, սակայն մերժում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել անկախ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ