Ովքեր են հայրենիքի պաշտպանները՝ Սարգիս Գասպարյան. In Memoriam

2898

Երեկ գիշեր Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է ապրիլի 30-ին Թալիշում ծանր վիրավորված 20-ամյա Սարգիս Գասպարյանը, որի հերոսական արարքը երեկվանից ցնցել էր ամբողջ համացանցը, գրում է “Հայկական ժամանակը”:

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Սարգիսի վիճակը շատ ծանր էր եւ բժիշկները ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Հովհաննիսյանն ասել է նաեւ, որ նրա վիճակը թույլ չի տվել նույնիսկ, որ տեղաշարժեն, Երեւան հասցնեն:

Սարգիսը վիրավորված է եղել որովայնի հատվածում. բժիշկների խոսքով, նրա գրեթե բոլոր ներքին օրգանները վնասվել էին:

Սարգիսի քույրը՝ Ինգա Գասպարյանը, երեկ «Իրավաբան.net»-ին պատմել է, թե ինչպես է եղբայրը վիրավորվել:

Ինգան ասել է, որ Սարգիսը ծանր վիրավորվել է վիրավոր ընկերներից մեկին՝ Վազգեն Հարությունյանին դիրքեր բերելու ժամանակ: Այդ մասին նրան պատմել է զինծառայող Սասունը, ով էլ իր հերթին փորձել է փրկել Սարգիսին:

«Երբ Սարգիսը գնացել է Վազգենին փրկելու, նա դեռ ողջ է եղել: Սարգիսը մի տղայի հետ միասին Վազգենին տարել են դեպի շտապօգնության մեքենան: Ցավոք, Վազգենը վիրավորված է եղել կոկորդից…: Դրանից հետո, երբ Սարգիսը վերադառնալիս է եղել դիրքեր, գնդակը նրա ոտքին է դիպել, այնուհետև վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել են… Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում… Սասունը նրան արագ հասցրել է շտապօգնության մեքենայի մոտ: Թալիշից Մարտակերտ ճանապարհը բավականին երկար է տևել, շուրջ երկու ժամ հետո են կարողացել հասնել հիվանդանոց: Մարտակերտում նրան շտապ վիրահատել են և վիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենադանցման բաժին»,- պատմել է քույրը:

Սարգիսը եւ ընկերները Շուշիից են: Սարգիսը ժամկետային զինծառայությունն ավարտել էր այս տարվա փետրվարի 5-ին, սակայն պատերազմական իրավիճակի սրացման ժամանակ ապրիլի սկզբին որպես կամավորական մեկնել էր առաջնագիծ:

Ինգան նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին, որը ներկայացնում ենք ստորեւ՝ որոշակի կրճատումներով.

«Մեծ դժվարությամբ եմ գրում այս նամակը, քանզի ամեն մի տառ գրելիս արցյունքները գլորվում են աչքերիցս: Բայց պե՛տք է գրեմ: Պետք է իմանաք նրա հերոսության մասին: Սարգիսը ավարտել էր ժամկետային ծառայությունը սույն թվականի փետրոարի 5-ին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին վերադարձել էր դիրքեր՝ թշնամուց պաշտպանելու իր հայրենի հողը և արդեն 20 օր գտնվում էր դիրքերում։ Ցավոք, ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երեկոյան ժամին թշնամին նորից կրակ սկսեց: Եղբայրս՝ տեսնելով թե ինչպես իրենից ոչ հեռու ընկերը՝ Վազգեն Հենրիկի Հարությունյանը ընկավ՝ առանց վարանելու նետվեց ընկերոջն օգնության: Ցավոք, Վազգենը մահացու վիրավորում էր ստացել, և փրկելն արդեն անհնար էր: Հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորեց նրան՝ սկզբից վիրավորվեց ոտքի մասում, այնուհետև ՝ որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել էին: … Մեծարգո նախարար, միակ խնդրանքս այն է, որ ներկա լինեք հողին հանձնելու արարողությանը, ու հերոսի շքանշան պարգևվեք, որովհետև նա է մեր իրական հերոսը: Ու  ծնողներիս օգնեք աշխատանքի որոնման գործընթացում, քանզի հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընհամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի: Հուսով եմ խոսքս Ձեզ կհասնի, և Դուք անտարբեր չեք անցնի մեր հերոսի կողքով»:

Հայկական ժամանակ, մայիս 3, 2016թ.