Տավուշ-Ղազախ սահմանում Ադրբեջանը տարածք կամ հենակետ չի գրավել

3528

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, իբր երկրի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Օդունդաղ (հայերեն՝ Փայտասար) բարձունքը Հայաստան-Ադրբեջան սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Այս կեղծիքի զավեշտն այն է, որ Օդունդաղ բարձունքը կամ սարը մինչև ստորոտ դե-յուրե և դե-ֆակտո պատկանել է Ադրբեջանին և գտնվում է նրանց վերահսկողության տակ:

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել սահմանի այդ հատվածում, ավելի կոնկրետ՝ Բաղանիս-Այրում գյուղին հարող բարձունքի վրա, հետևյալն է. ադրբեջանական զինուժը որոշ չափով, ի՛ր տարածքում, առաջ է եկել, հողային աշխատանքներ կատարել և հավանաբար նոր ամրություններ է կառուցում: Դա երևում է տեսանելի աչքով: Սա կարող է նշանակել, որ Իջևան-Նոյեմբերյան մայրուղու Ոսկեպար-Բաղանիս հատվածը հնարավոր է ավելի ինտենսիվ կերպով ենթարկվի գնդակոծության:

Տավուշ-Ղազախ սահմանում Ադրբեջանը տարածք չի գրավել սկսած 1990-ական թթ., երբ կորցրեց յոթ գյուղ, որոնք վարչականորեն պատկանում էին Խորհրդային Ադրբեջանին:

Ահա այդ գյուղերը և բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան).

Յուխարը Աքսիպարա – 1.283 հոգի

Աշաղը Աքսիպարա – 637 հոգի

Բաղանիս-Այրում – 615 հոգի

Բարխուդարլու – 383 հոգի

Խեյրիմլի – 291 հոգի

Կըզըլ Հաջիլի – 266 հոգի

Սոֆուլու – 182 հոգի

Նշենք նաև, որ 1990-ական թթ. Ադրբեջանի վերահսկողության տակ են վարչականորեն Խորհրդային Հայաստանին պատկանող տարածքներ Նոյեմբերյանի (Բարեկամավան գյուղի հողատարածքների զգալի մասը), Իջևանի (Բերքաբեր գյուղի ավելի քան 800 հեկտար հողատարածք) և Բերդի (Պառավաքար գյուղի 1400 հեկտար հողատարածք) հատվածում, ինչպես նաև Արծվաշեն գյուղը նախկին Կրասնոսելսկի շրջանում:

Թաթուլ Հակոբյան