ԱՆԻ կենտրոնի գործունեությունը 2015-ին

2148

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերի 31-ին, գործունեությունը սկսել 2015-ի հունվարին:

Ի՞նչ է հասցրել անել կենտրոնը մեկ տարվա ընթացքում՝ ունենալով ընդամենը երկու աշխատող և խիստ սահմանափակ ֆինանսական հնարավորություններ:

1. Հունվարին ԱՆԿ կենտրոնը Երևանի “Նոյյան Տապան” լրատվական գործակալության սրահում ներկայացրեց Բեյրութի “Ազդակ” օրաթերթի բացառիկ հատորը: “Ազդակ” օրաթերթի և բացառիկ հատորների մասին խոսք ասացին շնորհանդեսին ներկա ազգագրագետ Հարություն Մարությանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը, Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը, “Ազդակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Շնորհանդեսին ներկա էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը, լիբանանահայ քաղաքական գործիչ Մկրտիչ Մկրտչյանը, “Փյունիկ” հիմնադրամի համանախագահԳաբրիել Չեմբերջյանը, հասարակական-քաղաքական գործիչներ Հայաստանից և Սփյուռքից, հայագետներ, լրագրողներ:

10950885_942648415746271_1421136262_n

2. Փետրվարին ԱՆԻ կենտրոնը հրապարակեց իր անդրանիկ զեկույցը (էլեկտրոնային տարբերակ), որը կրում էր «Հայկական սահման. Տավուշ» խորագիրը: Շուրջ 50 էջանոց զեկույցում, որը գրվել է դաշտային աշխատանքների արդյունքում նաև, ներկայացվում է մարզի աշխարհագրական դիրքը և ռազմավարական նշանակությունը, ենթակառուցվածնքերն ու բիզնես հնարավորությունները, դժվարություններն ու մարտահրավերները, գյուղատնտեսության և արդյունաբերության գերակա ուղղությունները, ինչպես նաև՝ Տավուշի դիմաց գտնվող Ադրբեջանի երեք շրջանների՝ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի մասին տեղեկատվություն: Զեկույցում ներառվել են մի քանի քարտեզներ, հայ-ադրբեջանական հարաբերությունների անցյալի մասին ուշագրավ դրվագներ: Զեկույցը հասանելի է այս հասցեով՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/:

33

3. Մայիսին ԱՆԻ կենտրոնը հրատարակեց Եղիշէ Քաջունու  “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” խորագիրը կրող հատորը արևմտահայերենով, դասական ուղղագրությամբ: Նախքան հրատարակումը գիրքը մաս-մաս դրվել է կենտրոնի կայքում՝ www.aniarc.am: ԱՆԻ-ին այս գիրքը շնորհանդեսների ձևով հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում, Երևանում, Գորիսում, Ստեփանակերտում և Թեհրանում: ԱՆԻ կենտրոնը կրկին շնորհակալություն է հայտնում ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամին և նրա ղեկավար Կարեն Կարապետյանին: Գիրքը տպագրվեց 1000 օրինակով, տպագրական ծախսերը հոգաց ՏԱՇԻՐ հիմնադրամը:

kazm-347x233

4. Մայիսին ԱՆԻ կենտրոնը Երևանի “Նոյյան Տապան” լրատվական գործակալության սրահում ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ԱԶԴԱԿ բացառիկը։

Editor-in-chief of Azdak daily Shahan Gantaharyan and Tatul Hakobyan is guests in Noyan Tapan press club

5. Հոկտեմբերին ԱՆԻ-ին Գյումրիի նորակառույց ՇԻՐԱԿ կենտրոնում կազմակերպեց մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաք Կարսի անկման 95-ամյակին: Խորհրդաժողովին մասնակցում էին պատմաբաններ, ազգագրագետներ, փորձագետներ, ուսումնասիրողներ և ուսանողներ: «Մեր Կարսը» խորագիրը կրող խորհրդաժողովին մասնակցում էին և զեկույցներ ներկայացրեցին ԵՊՀ ուսանող Էրիկ Իսրայելյանը (“Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին”), հետազոտող Վլադիմիր Հարությունյանը (“Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918թ. հանրաքվեն Կարսի և Բաթումի մարզերում”), պատմաբան Գևորգ Յազըճյանը (“Կարսի 1920թ. անկման մի քանի խորքային պատճառների մասին”), լրագրող Թաթուլ Հակոբյանը (“Բանակցությունները Կարսում. 1921թ. սեպտեմբեր-հոկտեմբեր”), ազգագրագետներ Արտաշես Բոյաջյանը (“Ալեքսանդրապոլ-Լենինական գավառի ժողովրդագրական դրությունը 1914-1930-ական թթ.”) և Հրանուշ Խառատյանը (“Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հնարավոր ազդեցությունը Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների վրա”), գրականագետ Օֆելյա Հովհաննիսյանը (“Կարսը հայ գրականության մեջ”): Միջոցառմանը օժանդակեց և ողջույնի խոսք հղեց Գյումրիի քաղաքապետ, արմատներով կարսեցի Սամվել Բալասանյանը:

vahan-1

Խորհրդաժողովին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այս հղումներում՝

Գյումրեցիներն աղ ու հացո՞վ են դիմավորել թուրքերին

«Մեր Կարսը» խորհրդաժողովը. տեսանյութ

Գյումրիում կայացավ «Մեր Կարսը» խորհրդաժողովը

6. Նոյեմբերին ԱՆԻ կենտրոնը Թբիլիսիում և Ջավախքում ներկայացրեց Բեյրութի Հայկազյան համալսարանի 2015-ի Հայկազյան Հայագիտական Հանդեսը՝ կազմված շուրջ 1000 էջից:

սա-1

 

Միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ այս հղումներում՝

Հայկական Բեյրութից՝ հայկական Թիֆլիս. Հայկազյանի նոր հատորը հասավ Հայարտուն

Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսը ներկայացվեց Ջավախքում

Ախալքալակում ներկայացվել է «Հայկազյան հայագիտական հանդես»-ը. տեսանյութ

Տարվա ընթացքում Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության, արցախյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների թեմաներով դասախոսություններ է կարդացել Մոսկվայում, Բեյրութում, Թեհրանում, Թբիլիսիում: 

ԱՆԻ կենտրոնի կայքը տարվա ընթացքում ընթերցողներին է ներկայացրել հայագիտության, Հայաստանի պատմության ու քաղաքականության և այլ թեմաներով հարյուրավոր հրապարակումներ արևելահայերենով և արևմտահայերենով, ինչպես նաև՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: Մեկ տարում www.aniarc.am-ը ունեցել է շուրջ 1 միլիոն այցելու:

ԱՆԻ կենտրոնը վերջին հինգ ամիսներին՝ հուլիսից դեկտեմբեր, կենտրոնացել էր հինգ հատորների վերա հրատարակության վրա՝

Հովհաննես Քաջազնունի, «Հ. Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան«Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան«Հ. Քաջազնունին և Հ.Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան«Հ. Յ. Դաշնակցության անելիքը»:

Այս հատորները առանձին, ինչպես նաև մեկ միասնական հատորում՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով, կհրատարակվի արդեն 2016-ի հունվարին:

Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Հայաստանին, Արցախին և աշխարհին խաղաղություն:

 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

30 դեկտեմբեր, 2015 թվական