Հայաստան – 2015: Հիշողության, կեղծիքի և իրականության տարի. Սիվիլիթասի տարեկան զեկույցը

2702

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իր ութերորդ տարեկան զեկույցը, որը վերնագրված է «Հայաստան – 2015: Հիշողության, կեղծիքի և իրականության տարի»: Ինչպես նախորդ բոլոր տարեկան զեկույցները, Սիվիլիթասի այս զեկույցը ևս բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Տարածաշրջան, Հայաստան և Տնտեսություն: Այդ բաժինների հեռանկարներ և լուծումներ հատվածը, ինչպես նաև զեկույցի նախաբանը ներկայացված են ստորև: Զեկույցն ամբողջությամբ կհրապարակվի 2016-ի հունվարին:

***

2015-ին լրացավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարին: Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցան ոգեկոչման, հիշողության և հիշատակության բազմաթիվ միջոցառումներ, որոնց գագաթնակետը Ապրիլի 24-ի միջոցառումն էր Ծիծեռնակաբերդի բարձունքում. հարյուր հազարավոր հայերից բացի՝ Մեծ եղեռնի հուշակոթողին ծաղիկներ դրեցին նաև տարբեր երկրների նախագահներ:

Թուրքիան շարունակեց ուրացման և ժխտողականության քաղաքականությունը՝ նոր մեթողներով փորձելով կեղծել պատմական իրողությունները: Պատճառներից մեկը, որ Սիվիլիթաս հիմնադրամը 2015-ի իր տարեկան զեկույցը վերնագրել է «Հիշողության, կեղծիքի և իրականության տարի», նաև դա է: Բայց ոչ միայն:

2015-ին կեղծիքի ու իրականության հակադրությունը բնորոշ էր Հայաստանի տնտեսական, ներքին ու որոշ դեպքերում՝ արտաքին քաղաքականությանը:

Իրականություն էր, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանից հետ կանչեց հայ-թուրքական երկու արձանագրությունները: Ավելին, մինչ այդ ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը հիշեցրեց Սևրի դաշնագրի ու Վիլսոնի իրավարար վճռի մասին: Մյուս կողմից՝ Հայաստանը շարունակում է իր ստորագրությունը պահել երկու արձանագրությունների տակ, ինչը հակասում է Համահայկական հռչակագրի ոգուն ու բովանդակությանը: Ահա այստեղ են բախվում հիշողությունը, իրականությունն ու կեղծիքը:

Իրականություն էր, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկար, որ երկրի առջև ծառացած խնդիրները ոչ թե պետք է լուծվեն Սահմանադրությունը փոխելով, այլ Սահմանադրությունը հարգելով:

Իշխող քաղաքական ուժը խոստացավ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կեղծվի: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, սակայն, անցավ համատարած խախտումներով: Փոփոխությունների կողմնակից ուժերը ընդգծում էին, որ հանրաքվեի ազատ, արդար անցկացումը նույնքան կարևոր է, որքան կառավարման համակարգի փոփոխությունը՝ կիսանախագահականից խորհրդարանականի անցումը: Փոփոխությունների ջատագով երեք հիմնական ուժերից և ոչ մեկը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, չդատապարտեցին ակնհայտ ընտրախախտումները: Ավելին՝ ամեն կերպ փորձեցին հանրությանը համոզել, որ խախտումները չէին կարող փոխել վերջնարդյունքը:

Հնարավո՞ր է իրականացնել արդար և օրինական կառավարում, երբ Մայր օրենքն ընդունվում է կեղծիքներով: Հռետորական այս հարցադրումը հնչել է նաև 1995-ի և 2005-ի՝ համատարած ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեներից հետո:

Իրականություն էր, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված էր էներգետիկ համակարգում առկա խորքային խնդիրներով և բաշխիչ ընկերության տարիներ շարունակ ոչ արդյունավետ կառավարմամբ: Իրականություն էր նաև, որ կարգավորող հանձնաժողովը արդարացված համարեց ընկերության ոչ արդյունավետ կառավարման բեռը սովորական քաղաքացիների վրա դնելը:

Իրականություն էր, որ խոստացվեց, թե էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորումը չի լինելու պետական բյուջեի միջոցներից: Իրականություն էր նաև, որ դրա համար կրկին վճարվում է Հայաստանի քաղաքացու գրպանից՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած միջոցներից:

Յոթ տարի շարունակ Սերժ Սարգսյանն ու նրա կառավարությունները հաջորդ տարվա համար հայտարարում են տնտեսական աճի, ազատ մրցակցության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն տնտեսությունը քարշ է գալիս, ազատ մրցակցության փոխարեն խորանում են մենաշնորհները, իսկ պետական ամենաբարձր մակարդակով կոռուպցիան շարունակում է մնալ ազգային և տնտեսական անվտանգությանը սպառնացող գլխավոր մարտահրավերներից մեկը:

Հայաստանի տնտեսությունը շարունակում է կաղալ: Դոլարային արտահայտությամբ Հայաստանի բյուջեն չի հասել նախաճգնաժամային 2008-ի ցուցանիշին: Իրականությունն այն է, որ Հայաստանի տնտեսական խնդիրների մի մասը դրսում է: Բայց ավելի ծանրակշիռ իրականություն է այն, որ տնտեսական խնդիրների գլխավոր պատճառը քաղաքական և տնտեսական մենաշնորհն է և օլիգարխիկ համակարգը:

2015-ի սկզբին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանի քաղաքացուն բացատրում էին, թե տնտեսական շարժառիթներից բացի՝ դա պայմանավորված է նաև անվտանգության նկատառումներով: Իրականությունը, սակայն, այն է, որ տնտեսության մասով Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ էապես նվազել է, իսկ անվտանգության առումով՝ Ադրբեջանը 1994-ի հրադադարից ի վեր առաջին անգամ սկսել է կիրառել ծանր զինատեսակներ և էլ ավելի սրել իրավիճակը առաջնագծում:

Սիվիլիթաս հիմնադրամի այս՝ արդեն ութերորդ տարին անընդմեջ հրապարակվող զեկույցում կարմիր թելի նման անցնում է այն հակասությունը, որ մենք անվանում ենք կեղծիքի և իրականության Հայաստան:

Ինչպես նախորդ տարեկան զեկույցները, 2015-ի զեկույցը ևս միջազգային և տարածաշրջանային զարգացումների խորապատկերում ներկայացնում է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, տնտեսական հիմնական խնդիրներն ու միտումները։ Այս զեկույցը ևս կենտրոնանում է ոչ թե և ոչ միայն երևույթների ժամանակագրական շարադրման, այլ դրանց խորքային պատճառների վերհանման վրա՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներն ու առաջարկելով լուծումներ։

Այս տարվա զեկույցի նորություններից է Հայաստան-Չինաստան հատվածը: Մինչ Հայաստանում չեն դադարում քննարկումները աշխարհի երեք հիմնական ուժային կենտրոնների՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության առաջնահերթությունները, Արևելքում շարունակվում է Չինաստանի վերելքը: Այս երկրի շունչը զգացվում է նաև Անդրկովկասում և Հայաստանում:

2016-ը Հայաստանի համար լինելու է վճռական տարի, հատկապես՝ ներքաղաքական դաշտում: Պարտադրված Սահմանադրությունից հետո պետք է ընդունվի Ընտրական օրենսգիրք, որով անցկացվելու են 2017-ի խորհրդարանական ընտրությունները:

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հեռանկար

Ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանը չի փոխելու հռետորաբանությունը և շարունակելու է ապակառուցողական դիրքորոշումը: Հայաստան-Ադրբեջան սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով իրավիճակը շարունակելու է մնալ լարված, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահող պետությունները նոր նախաձեռնություններ ու վճռականություն հանդես չբերեն:

Ադրբեջանը սկսել է հավատալ կամ հավատացնել, որ ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ իրեն և կարող է նոր պատերազմով ետ ստանալ նախորդ պատերազմում կորցրածը և վերադառնալ status quo ante վիճակին: Նման պայմաններում Բաքուն պատրաստ չի լինելու լուրջ բանակցությունների: Բացի այդ, քանի դեռ հակամարտության մեջ ներգրավված կողմերը չեն ստորագրել մի փաստաթուղթ, որը վերջ կդներ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին և կբավարարեր կողմերի նվազագույն ակնկալիքներն ու պահանջները, նոր պատերազմը միշտ էլ հավանական է:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բեկում ակնկալելն իրատեսական չէ բազմաթիվ պատճառներով: Առաջին հերթին նրանով, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը պատրաստ չեն գին վճարել երկարատև խաղաղության համար:

Ղարաբաղյան կարգավորման ամենամեծ խնդիրն այն է, որ սեղանին չկա փաստաթուղթ, ինչի շուրջ կողմերը կբանակցեն: Բաքուն ամեն գնով փորձելու է թույլ չի տալ, որ նոր փաստաթղթում տեղ գտնի հանրաքվե, հանրագիր (պլեբիսցիտ) կամ կամարտահայտություն ձևակերպումը, այսինքն՝ կարգավիճակի խնդիրը: Երևանը չի կարող համակերպվել մի փաստաթղթի հետ՝ որպես բանակցային հիմք, որտեղ հստակ տեղ չգտնի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրման սկզբունքը: Մադրիդյան փաստաթուղթը կարմիր գիծն է, որից այն կողմ որևէ առաջարկ չի կարող ընդունելի լինել հայկական կողմերի համար՝ անգամ որպես բանակցային հիմք:

Հայ-թուրքական հարաբերություններում լուրջ առաջընթաց չի լինի: Թուրքիան հիմնականում զբաղված է լինելու քրդական հարցով, Սիրիայով և «Իսլամական պետության» հարուցած խնդիրներով: Ավելին, Էրդողանը կկենտրոնանա սահմանադրական փոփոխությունների և իր լիազորությունները մեծացնելու վրա:

Հայաստանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության հարցում անցում է կատարում ճանաչումից դեպի հատուցում: Հատուցումը հնարավոր է միայն դատական ճանապարհով, քանի որ Թուրքիան ինքնակամ չի գնա հատուցման, իսկ Հայաստանը այնքան ուժեղ չէ, որ պարտադրի Թուրքիային: Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո Հայաստանի՝ ճանաչումից դեպի հատուցում նպատակը գրեթե անիրական է դառնալու: Այդ որոշումը, անկասկած, ուժեղացնելու է թուրքական լոբբիի դիրքերը: Փերինչեքի արդարացումն աչքի առաջ ունենալով՝ թուրքական կազմակերպությունները ավելի ագրեսիվ կերպով են հերքելու Հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով միջազգային կազմակերպությունների հարթակները և ակադեմիական շրջանակները:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, արևմտյան կապիտալի, ինչպես նաև Արևմուտքի բանկերում արգելափակված իրանական կապիտալի հոսքը տնտեսական լուրջ ազդակ են լինելու 75 միլիոնանոց իրանական տնտեսության համար: Մեծանալու է Իրանի քաղաքական և տնտեսական դերը տարածաշրջանում: Հայաստանը Իրանի հետ սահմանակից է որպես ԵՏՄ անդամ պետություն և, այս իմաստով, կարող է լավ հարթակ լինել ԵՏՄ-Իրան համագործակցության համար:

Վրաստանը մի կողմից շարունակելու է խորացնել եվրոասոցացման գործընթացը, մյուս կողմից փորձելու է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուս-թուրքական խորացող ճգնաժամը Մոսկվային ևս դրդելու է բարելավել հարաբերությունները Թբիլիսիի հետ: Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները երկուստեք օրակարգի առաջնային հարց չեն լինի:

Ռուսաստանի լարված հարաբերություններն ԱՄՆ-ի հետ շարունակվելու են, յուրաքանչյուրը փորձելու է իր առաջատար դիրքն ամրագրել միջազգային հարաբերություններում: Բայցևայնպես, մի շարք, այդ թվում՝ Սիրիայի և Ուկրաինայի հարցերում, կարող են գալ ընդհանուր հայտարարի:

Ռուս-թուրքական ճգնաժամը, անկախ հրապարակային կոշտ հայտարարություններից, կհաղթահարվի, սակայն նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում: Եթե նախկինում, ինչպես 2009-ին, Մոսկվան չէր խոչընդոտում հայ-թուրքական մերձեցմանը, ապա նույն դիրքորոշումը չպետք է ակնկալել նաև այսօր:

Հայաստան-Եվրոպական Միություն բանակցությունների նոր փուլում եվրոպացիները ավելի զգայուն են լինելու՝ հաշվի առնելով նախորդ փորձը, երբ Սերժ Սարգսյանը հետքայլ կատարեց և հրաժարվեց ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Մյուս կողմից, սակայն, եվրոպացիները, ընդունելով, որ Հայաստանի շատ հարցեր որոշվում են Մոսկվայում, փորձելու են անել առավելագույնը՝ Երևանին չթողնելու  ռուսական քմայքների ոլորապտույտում:

Ռուսաստանը, լուրջ միջամտություններ չի անելու Հայաստան – Եվրոպական Միություն նոր փաստաթղթի բանակցություններում, քանի որ Հայաստանն արդեն միացել է ԵՏՄ-ին: Թվում է, թե բոլոր կարմիր գծերը քաշված են, սակայն Հայաստանը կարող է ճկունություն դրսևորել և Եվրոպական Միությունից ստանալ հնարավոր առավելագույնը:

Լուծումներ

Ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր չկա փաստաթուղթ կամ կողմերը հղում են անում փաստաթղթի տարբեր տարբերակների (Մադրիդյան, Նորացված, Կազանի և այլն): Անկախ տրվող գնահատականներից՝ Մադրիդյան փաստաթուղթը պարունակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հստակ ձևակերպում, և հենց այդ առաջարկությունն անընդունելի է Բաքվի համար: Երբ չկան բանակցություններ, միջազգային հանրության համար մոռացվում է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Անկախ բանակցությունների ընթացքից և ելքից, հայկական կողմը պետք է անի հնարավորը, որպեսզի կրկին քննարկման դրվի այն փաստաթուղթը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հայ-թուրքական հարաբերություններում գնդակն իրավամբ գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, քանի որ հենց Թուրքիան է առկախում արձանագրությունների վավերացումը: Մյուս կողմից, սակայն, Հայաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և հարևան երկրի հետ առնվազն շփման ուղղակի խողովակներ հաստատի: Ռուս-թուրքական լարված հարաբերությունների պայմաններում Երևանը չի կարող շփման ուղղակի եզրեր չունենալ Անկարայի հետ:

Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռը Հայաստանի և հայկական հարցերով զբաղվող կազմակերպությունների համար պետք է դաս լինի, որ երբեք չի կարելի Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման, ինչպես նաև համահայկական նշանակության մեկ այլ՝ ղարաբաղյան հարցի լուծումը փնտրել իրավական դաշտում՝ միջազգային դատարանում: Միջազգային դատարանները, լայն հաշվով, կայացնում են քաղաքական վճիռներ: Երբ որևէ խնդիր կամ վեճ տարվում է դատարան, ստիպված ես ընդունել այդ դատարանի որոշումը, անկախ նրանից՝ դու ես հայցվորը, թե ոչ:

Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է օգտվի այդ երկրի շուրջ ստեղծված միջազգային նպաստավոր իրավիճակից և ամենօրա ակտիվ աշխատանքով կյանքի կոչի տարիներ ի վեր հայտարարությունների մակարդակում մնացող համատեղ նախագծերը՝ ներգրավելով իրանական և օտարերկրյա ներդրումներ: Հայաստանը պետք է նոր հիմքերի վրա դնի Իրանի հետ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի կարևոր, որքան Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հայաստանը պետք է ուշադիր հետևի Վրաստանի եվրոասոցացման գործընթացին, որովհետև Եվրոպական Միությանն անդամակցելու ամենամեծ հնարավորությունը Հայաստանի հարևաններից ունի հենց Վրաստանը:

Եվրոպական Միության հետ հարաբերությունները Հայաստանի համար թերևս ավելի զգայուն և կարևոր են դարձել ԵՏՄ-ին անդամակցությունից հետո: Հայաստանը միշտ պետք է հաշվի առնի ԵՏՄ-ի՝ որպես կառույց ձախողման սցենարը: Ելնելով այս մեկնակետից՝ Հայաստանը պետք է առավելագույնս խորացնի համագործակցությունը Եվրոպական Միության հետ և չփորձի նոր սկսված բանակցություններն օգտագործել ներքին քարոզչական նպատակներով: Հայաստան-Եվրոպական Միություն նոր փաստաթղթում պետք է ամրագրել կետեր Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Հեռանկար

1995-ի և 2005-ի սահմանադրական հանրաքվեների փորձը ցույց է տալիս, որ անկախ դրա լեգիտիմության աստիճանից՝ հանրաքվեից հետո երկրում հաստատվում են խաղի նոր կանոններ: Հասարակությունը, քաղաքական ու քաղաքացիական ուժերը կամա թե ակամա այլևս ստիպված են լինում գործել սահմանադրական նոր կարգի պայմաններում: Նույնը լինելու է 2016-ին:

2015-ի առաջին կեսին ներքաղաքական օրակարգի գլխավոր թեման լինելու է նոր Ընտրական օրենսգիրքը: Դրա փոփոխությունները երևան կհանեն Սահմանադրության փոփոխության հետ կապված իշխող կուսակցության հետին նպատակները, ինչպես նաև փոփոխություններին կողմ արտահայտված քաղաքական ուժերի հետ հարաբերությունների ու հնարավոր սակարկությունների էությունը:

Հավանական է, որ ձևավորվի կոալիցիոն կառավարություն՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, չի բացառվում՝ նաև ՀՅԴ-ի մասնակցությամբ: 2016-ին կեսերին կմեկնարկի 2017-ի խորհրդարանական ընտրությունների մրցարշավը: Այս համատեքստում կհայտնվեն քաղաքական նոր ուժեր, որոնք կհավակնեն զբաղեցնելու ընդդիմադիր բևեռը:

2015-ի փետրվարից հետո, երբ իշխանությունն իր բոլոր լծակներով չեզոքացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցության և նրա ղեկավարի հրապարակային ընդվզումը, փողոցն այլևս չի արտահայտում հանրային դժգոհության իրական մակարդակը: 2016-ին ևս, եթե չլինեն քաղաքական ֆորս մաժորներ, փողոցի պայքարը մեծ ալիք չի հավաքի: Մյուս կողմից, երկրի վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակը ազդելու է ընտրողների հարաճուն դժգոհությանը, ինչը կարող է իր արտահայտությունը գտնել 2017-ին՝ քվեախցում:

Լուծումներ

Անկախ նրանից՝ քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում են ունեցել Սահմանադրության փոփոխության հարցում, նրանք պետք է միասնական լինեն՝ նոր Ընտրական օրենսգրքում ամրագրելու այնպիսի դրույթներ, որոնք կքանդեն ընտրակեղծիքների ձևավորված մեքենան:

Քաղաքական ուժերը պետք է նաև միասնական մոտեցում ունենան Ընտրական օրենսգրքի այն դրույթների շուրջ, որոնք կվերաբերեն Սահմանադրության 89-րդ հոդվածին՝ կապված խորհրդարանական համակարգի ձևի և բովանդակության հետ: Այստեղ նրանց հիմնական պայքարը պետք է խարսխվի քաղաքական մենաշնորհը կանխելու և ընտրությունների արդյունքում կոալիցիոն կառավարություն ձևավորելու վրա:

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունը քաղաքացիական գիտակցության բավական բարձր մակարդակի է հասել և կարող է լրջագույն մարտահրավեր նետել ընտրակեղծիքների մեքենային: Քաղաքական և քաղաքացիական ուժերը, Հայաստանի ապագայով հետաքրքրված կառույցներն ու անհատները պետք է մեկտեղեն ջանքերը՝ ընտրությունների վերահսկման գործուն մեխանիզմ ստեղծելու և ընտրությունների օրը երկրի բոլոր՝ շուրջ երկու հազար ընտրատեղամասերը վերահսկելու համար:

Սփյուռքը պետք է ընդլայնի իր օրակարգը և ղարաբաղյան ու հայ-թուրքական հարաբերություններից ավելի պետք է կարևորի Հայաստանում արդար ընտրությունների և ժողովրդավարական հաստատությունների կայացումը՝ գիտակցելով, որ առաջին երկու խնդիրների լուծումը մեծապես կախված է հենց այս խնդիրների լուծումից:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեռանկար

Նավթի միջազգային գները կպահպանվեն ցածր մակարդակում և կդրսևորեն նվազման միտումներ: Էժան նավթը կհանգեցնի Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր երկրում՝ Ռուսաստանում, բնակչության եկամուտների նվազման, ռուբլու արժեզրկման և գնաճի, ներդրումների և պետական ծախսերի կրճատման, կապիտալի արտահոսքի, բանկային տոկոսադրույքների աճի և վարկերի վերադարձելիության խնդիրների: Բնականաբար, այս ամենն իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա:

Եվրոպական Միությունում, որը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, կանխատեսվում է ցածր աճ: Չնայած որոշակի աճին՝ Հայաստանի վրա դրա ազդեցությունը կլինի աննշան՝ հաշվի առնելով Ասոցացման պայմանագրից հրաժարվելու իրողությունը, Եվրոպական Միությունից նշանակալից ներդրումների բացակայությունը և, ամենակարևորը, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանվող հիմնական ապրանքի՝ մետաղների գների անկումը:

Ինչպես 2015-ին, 2016-ին ևս Հայաստանի համար դժվար է լինելու բյուջեի իրականացումը: Կառավարությունը բյուջեի պակասուրդը լրացնելու համար ստիպված կլինի էլ ավելի մեծացնել արտաքին պարտքը՝ նորից թողարկելով եվրոպարտատոմսեր՝ ավելի բարձր տոկոսադրույքներով՝ մինչև 500 միլիոն դոլարի չափ: Արտաքին պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը:

Ինչպես 2015-ին, 2016-ին ևս դրամը կգտնվի արժեզրկման ճնշումների ներքո: Կենտրոնական բանկը կփորձի իրականացնել սահուն արժեզրկում: 2016-ին կբարդանա բանկային համակարգի վիճակը, կնվազի շահութաբերությունը, կավելանա չվերադարձվող վարկերի ծավալը:

2016-ին ևս չեն արդարանա Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից սպասելիքները: Չեն տրամադրվի հավելյալ մաքսային վճարումները, ԵՏՄ երկրներ արտահանումը լավագույն դեպքում կմնա նույն մակարդակին, իսկ ներդրումները կդրսևորեն նվազման միտում:

Լուծումներ

Կառավարությունը պետք է հարաժարվի տնտեսական խնդիրները և ցածր տնտեսական աճը մշտապես արտաքին գործոններով պայմանավորելու ավանդույթը: Ընդհակառակը, արտաքին միջավայրի վատթարացումը կառավարությանը պետք է դրդի ավելի վճռական և համարձակ լինել իր քայլերում: Այսօրվա իրավիճակի շտկումը ենթադրում է կառուցվածքային լրջագույն բարեփոխումներ, զարգացման հստակ ծրագիր, ընդլայնողական ֆինանսավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն:

Հայաստանը արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՏՄ անդամ է, և արդեն ժամանակն է հստակեցնել բոլոր սահմանափակումները և հնարավորությունները: Եվրոպական Միության հետ պայմանագրի նոր գործընթացում Հայաստանը պետք է ներառի այնպիսի տնտեսական բաղադրիչներ, որոնք ինչ-որ չափով կլրացնեն Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու արդյունքում կորսված տնտեսական հնարավորությունները: