Վիլսոնյան Հայաստանից՝ բոլշևիկյան Հայաստան

6898

Այս գրությունը ԱՆԻ կենտրոնի կայքում առաջին անգամ հրապարակվել է 2020թ սեպտեմբերի 19-ին՝ 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ:

1920 թվականի նոյեմբերի 22-ին, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում է ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը` Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճիռը, որը վերնագրված էր ՙԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ՚:

Այս նույն օրերին Հայաստանն ու հայ ժողովուրդը ապրում էր իր պատմության անելանելի, ողբերգական, դժնդակ ժամանակահատվածներից մեկը՝ ոտնատակ էր լինում քեմալականների ու բոլշևիկների սապոգների տակ: Հայաստանում և Սփյուռքում այս օրը՝ նոյեմբերի 22-ը, հիշում են որպես Հայաստանի դիվանագիտական հաղթանակի դրվագներից մեկը:

Հիշենք նաև Վիլսոնյան Հայաստանի հռչակմանը նախորդած ու հաջորդած մի քանի օրերը, ճակատագրական իրադարձությունները, որպեսզի պատկերը լինի ամբողջական ու չաղճատված: 

Հոկտեմբերի 30– թուրքական զորքերը առանց մարտերի գրավում են Կարսը:

Նոյեմբերի 1-2–  թուրքական զորքերը շարժվում են դեպի Ալեքսանդրապոլ:

Նոյեմբերի 3– վարչապետ Համո Օհանջանյանը Քյազիմ Կարաբեքիրին զինադադար է առաջարկում, սակայն թուրքերը ձգձգում և ավելի են խորանում դեպի Հայաստան:

Նոյեմբերի 5– զորավար Մովսես Սիլիկյանը բանակի հրամանատար Թովմաս Նազարբեկյանին հաղորդում է. ՙԶորամիավորումներն ինքնագլուխ թողնում են ռազմաճակատը: Զինվորները խմբերով դասալքվում են և չեն ենթարկվում հրամանատարներին՚:

Նոյեմբերի 5– ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը ծածկագիր հեռագրով վարչապետ Օհանջանյանին հայտնում է. ՙՄեր զորքերը կռվել չեն ուզում, խաղաղություն են ցանկանում: Առաջարկում եմ` սկսել բանակցություններ և կնքել հաշտություն: Եթե պատերազմը շարունակենք, ամեն ինչ կկորցնենք՚:

Նոյեմբերի 6– Կարաբեքիրն առաջարկում է զինադադարի պայմանները` հանձնել Ալեքսանդրապոլի բերդն ու կայարանը: Սակայն երբ հայկական կողմը կատարում է թուրքերի ծանր պայմանները, նրանք նոյեմբերի 8-ին նոր` ավելի ծանր պայմաններ են ներկայացնում:

Նոյեմբերի 10– հակառակորդը վերսկսում է ռազմական գործողությունները Իգդիրի ուղղությամբ, որտեղ նախընթաց շաբաթներին Դրոյի հրամանատարությամբ հայկական ուժերը կռվել էին թուրքերի դեմ:

Նոյեմբերի 11– Չիչերինը նամակով դիմեց Քեմալին` պահանջելով կանգնեցնել Հայաստանի դեմ թուրքական զորքերի հարձակումը: Նույն օրը, սակայն, պատերազմը վերսկսվեց մի քանի տեղերում: Թուրքերը հարձակվեցին Ջաջուռի զորամասերի վրա, հայերը նահանջեցին մինչև Համամլու (Սպիտակ): Թեժ կռիվներ տեղի ունեցան նաև Աղինի ճակատում, որոնք վերջին ռազմական գործողություններն էին:

Նոյեմբերի 17– Գրավված Ալեքսանդրապոլում  հռչակվում է խորհրդային իշխանություն, ստեղծվում է հեղկոմ: Քեմալականների ներկայացուցիչ է նշանակվում Ռյուշտի փաշան:

Նոյեմբերի 18– Հայաստանի ներքգործնախարար Սարգիս Արարատյանը և Քյազիմ Կարաբեքիրը Ալեքսանդրապոլում ստորագրում են զինադադարի պայմանները:

Նոյեմբերի 22– ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում է ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը:

Նոյեմբերի 22– Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը:

Նոյեմբերի 23– Ալեքսանդրապոլ է մեկնում Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակությունը Խատիսյանի գլխավորությամբ` թուրքերի հետ բանակցություններ սկսելու:

Նոյեմբերի 23– Բյուրո կառավարությունը հրաժարական տվեց:

Նոյեմբերի 24– կազմվեց նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը. ՙՀայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ՚: Վրացյանը հեռագիր է հղում Մուստաֆա Քեմալին [Աթաթուրք]:

Նոյեմբերի 27– Ալեքսանդրապոլի բանակցություններում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սևրի պայմանագրից: Խատիսյանը հեռախոսով Վրացյանին տեղեկացնում է. ՙԹուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սևրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ և առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է` ելք դեպի ծով Բաթումի և Ռիզեի միջև, ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանի վիլայեթը և Բայազետի սանջակը՚:

Նոյեմբերի 29– Մուստաֆա Քեմալը [Աթաթուրք] պատասխանում է Վրացյանի հեռագրին. ՙԳոհունակությամբ ստացա Ձեր հեռագիրը, որով հայտնում եք, որ ցանկանում եք բարեկամական հարաբերություններ ունենալ դրացի պետությունների հետ և տեսնել, որ Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունները կհանգեն երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելքի՚:

Նոյեմբերի 30- Կարաբեքիրը Խատիսյանին տեղեկացնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագիծ է լինելու Արաքս գետը:

Դեկտեմբերի 2– մի կողմից Դրոյի ու Տերտերյանի, մյուս կողմից` Լեգրանի միջև, կնքվում է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիր: Հայաստանը հայտարարվում է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, որի կազմ էին մտնում Երևանի նահանգը իր բոլոր գավառներով, Կարսի նահանգի մի մասը, Գանձակի  նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի մի մասը, Թիֆլիս նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին մինչև 1920թ. սեպտեմբերի 28-ը:

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշեր– Ալեքսանդրապոլում ստորագրվում է հայ-թուրքական դաշնագիրը, երբ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր:

Դեկտեմբերի 4– Երևան է հասնում նոր կառավարությունը` Բաքվում ձևավորված Հայհեղկոմը Կասյանի նախագահությամբ:

Եվ վերջում լսենք Սիմոն Վրացյանին. “Դեկտեմբերի 2-ը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել. շատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը”:

Հայերը և թուրքերը

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:

Փափուկ կազմ, 485 էջ,
լեզուն՝ արևելահայերեն,
2012, Երևան, Անտարես,
ISBN 978-9939-51-365-2,