«Հայ ժողովուրդը բաժանվում էր ռուսահայ և թուրքահայ հատվածների»

2441

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

Մի տարօրինակ խառնափնթոր վիճակ էր ներկայացնում այս շրջանում հայ ժողովուրդը, որ Հայաստանի ազգաբնակության մեծամասնությունն էր կազմում և մեր պետական շինարարության ամենահիմնական գործոնը պիտի հանդիսանար: Հազիվ թե աշխարհիս վրա եղած լինի մի երկրորդ երկիր, որի մեջ այսպես կոչված պետական ժողովուրդն այսպես բազմազան լիներ իր մտահոգություններով, ձգտումներով, ցանկություններով, տրամադրություններով և բարքերով, ինչպես Հայաստանում:

Ընդհանուր գծով հայ ժողովուրդը բաժանվում էր ռուսահայ և թուրքահայ հատվածների, որոնք ճիշտ է, ցեղական, կրոնական, մասամբ նաև ընդհանուր ճակատագրի կապերով կապված էին իրար հետ, բայց իրենց բարքերով, ձգտումներով ու տրամադրություններով այնքան էին տարբերվում իրարից, որ հեշտ չէր նրանց հատվածական բնույթը ոչնչացնել և մի ամբողջության մեջ դնել:

Ռուսահայ հատվածը իր խոշոր մեծամասնությամբ անտարբեր, արհամարհական կամ բացասական վերաբերում ուներ դեպի մեր անկախ պետական կյանքը: Ռուսահայ գյուղացին և քաղքենի մանր բուրժուան, որոնք վերջին տարիների վերիվայրումներից շատ էին տուժել և տնտեսապես ծանր վիճակի մեջ էին, երազում էին Ռուսաստանի վերադարձի մասին, որ իր հետ պիտի բերեր էժան հաց, շաքար, կերպասեղեն և կյանքը նորից դարձներ այնքա՜ն դյուրալի,  ինչպես առաջ…

Ռուսահայ բուրժուան հանդուրժում էր մեր անկախությունը՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում բոլշևիկներն են դրության տերը: Բայց նա առիթը չէր փախցնում իր արհամարական վերաբերմունքը արտահայտել դեպի նորակազմ փոքրիկ պետությունները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որոնք նրա տնտեսագործական թափին համապատասխան ասպարեզ չէին ներկայացնում: Նա էլ իր երազները կապում էր հակաբոլշևիկ սպիտակ գեներալների հաջողության հետ… Ռուսահայ մտավորականներից նրանք, որ անհաղորդ մեր ժողովրդի կյանքին, իրենց կրթությունը ստացել էին ռուսական դպրոցներում կամ տոգորված էին ռուսական քաղաքակրթությամբ, նույնպես Ռուսաստանի հետ էին կապում իրենց լավագույն հույսերը, թեև նրանք բոլորն էլ միևնույն ըմբռնումը և ձգտումը չունեին Ռուսաստանի բերելիք կարգերի մասին: Այսպես էր մեր սպաների և պաշտոնյաների մեծամասնությունը, այսպես էին ազատ զբաղում ունեցողներից շատերը՝ բժիշկ, իրավաբան, ճարտարագետ և այլն, այսպես էին մեր սոցիալիստ-հեղափոխականները, սոցիալիստ դեմոկրատները և հատ ու կտոր բոլշևիկները…

Թուրքահայ հատվածն ընդհանուր առմամբ ազատ էր այս ռուսասիրական մարմաջներից: Սակայն նա էլ մի առանձին տեսակի վերաբերմունք ուներ դեպի մեր պետականության օրրանը հանդիսացող երկիրը: Նրա համար Ռուսահայաստանը բառի իսկական իմաստով Հայաստան չէր, այլ մի վայր, որտեղ ինքը ժամանակավորապես ապաստանել էր, որպեսզի հենց որ երկրի դռները բացվեն, վերադառնա այնտեղ և Հայաստան ստեղծի: Այդ պատճառով էլ մեր բոլոր ջանքերը՝ բնակեցնելու թուրքահայ գաղթականներին լքված գյուղերում, ապարդյուն էին անցնում, մանավանդ, եթե այդ գյուղերը փոքր-ինչ հեռու էին Թուրքահայաստանի սահմանագլխից: Այդ միևնույն պատճառով էլ այս գաղթականությունը հակամիտություն չէր ցույց տալիս հետաքրքրվելու մեր պետական կյանքով, թեև նա, ազատ հայրենիքի գաղափարն ունենալով իր հոգու խորքում, թշնամաբար էր վերաբերվում դեպի այն բոլոր ռուսահայերը, որոնք ուզում էին «իրենց երկիրը» նորից նետել ռուսի գիրկը:

Այս հատվածային տարբերությունների հետ միասին և դեռ նրանցից էլ ավելի կազմալուծող դեր էին կատարում հայրենակցական խնդիրներն ու հարաբերությունները մեր այն ժամանակվա իրականության: Յուրաքանչյուր հատված իր ներսում ուներ զանազան տեղացիական խմբավորումներ, որոնցից ամեն մեկը բոլոր խնդիրները դիտում էր իր առանձին շահերի անկյունագծով և շարունակ իր ուրույն տրամադրությունները մղում առաջին գծի վրա: Այս բոլոր երևանցիները, վանեցիները, սասունցիները, ղարաբաղցիները, շատախցիները, նուխեցիները, արեշցիները և այլն, և այլն: Մի այնպիսի սումբուր էին առաջացնում մեր պետական-հասարակական գործերում, որ դժվար է նույնիսկ պատկերացնել: Երևանցիք դժգոհ էին Հայաստանի ղեկավարներից, որոնք բոլորն էլ դրսեցիներ լինելով, գործեր են կատարում իրենց քաղաքում՝ առանց տեղացիների պատշաճ մասնակցության: Այդ պատճառովէլ նրանք խռոված երեխաների պես կողմնակի դիտողի դեր էին կատարում Հայաստանի իրադարձություններում: Վանեցիք կարծում էին, թե կառավարությունը բոլոր խնդիրներից վեր պիտի դասի «Վանա քաղաքի» և շրջանի վերագրավումը, որպեսզի գաղթական ժողովուրդը ազատվի իր զրկալից կյանքից: Ղարաբաղցիները, հակառակը, պնդում էին, որ առաջին հերթին Ղարաբաղի ազատագրությունը պիտի լինի կառավարության հոգածության խնդիրը, որովհետև Ղարաբաղը Հայաստանի ողնաշարն: Սասունցիք մի ուրույն աշիրեթի պես ապրում էին իրենց համար, չէին թույլ տալիս, որ որևէ մեկը իրենց ներքին գործերին միջամտի, ինչպես որ իրենք էլ չէին միջամտում ուրիշի գործերին, և կառավարական ոչ մի կարգադրություն իրենց համար պարտադիր չէր համարում, մինչև որ այդ կարգադրությունը չգար իրենց աչքում աշիրաթապետի հանգամանք առած «Ռուբեն փաշայի» անունով: Նուխեցիք և արեշցիք չէին կարողանում հասկանալ, թե Հայաստանի կառավարությունը ինչպե՞ս կարող է որևէ այլ գործով զբաղվել, երբ նա դեռ չի սպանել վերջին թուրքին մեր երկրում: Չէ՞ որ այդ թուրքերը կամ նրանց ազգակիցները ոչնչացրել էին Արեշի և Նուխու 40.000 հայ ժողովրդին: Եվ այդ պատճառով էլ, այն, ինչ որ կառավարությունը չէր անում, նրանք իրենք էին ուզում անել…

Այսպես և մնացած բոլոր տեղացիները: Բոլորն էլ իրենց առանձին ակնկալություններն ունեին Հայաստանի կառավարությունից և շատ դեպքերում իրենց պահանջների բավարարումով էին պայմանավորվում այդ կառավարությանը տալիք օգնությունը:

Էլ չեմ խոսում առանձին անհատների կամ փոքրիկ խմբակների մասին, որոնք Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, Պոլսից, Թիֆլիսից, Բաքվից մեծ մասամբ հարկադրաբար գալով մեր երկիրը՝ բերել էին իրենց հետ բազմաթիվ ծրագրեր, խորհուրդներ, քննադատություններ և այլն: Սրանցից ամեն մեկը իր բաժին բազմազանությունն էր մտցնում մեր իրականության մեջ՝ ցանկանալով Հայաստանի գործերը ձևել և կարել համաձայն իր տեսածի ու լսածի: Չեմ խոսում նաև արտասահմանի հայության պես-պես վերաբերմունքների մասին դեպի Հանրապետությունն ու նրա գործերը, որոնք, իհարկե, առանց ազդեցության  չէին մնում մեր պետական շինարարության համար:

Այս բազմաթիվ և բազմապիսի շահերը, մտքերը, ձգտումներն ու տրամադրությունները մի հայտարարի բերելու, մեկ ընդհանուր պետական շինարարության հունի մեջ դնելու գործը կրկնակի, եռակի չափով դժվարին էր մի շատ ծանրակշիռ հանգամանքի պատճառով: Եվ այդ այն էր, որ մեր ժողովուրդը իր երկու հատվածներով այլևս նախկին հայ ժողովուրդը չէր, այլ բարոյապես խեղաթյուրված և մինչև իսկ այլասրված մի զանգված:

Համաշխարհային պատերազմը բարքերի այլասերում էր առաջացրել բոլոր երկրներում: Մարդկային-քաղաքակրթական արժեքները կորցրել էին իրենց նշանակությունը համաշխարհային ավերածության մեջ, մարդկային-բարոյական հասկացողությունները հիմն ի վեր շրջվել համատարած ստի, կեղծիքի, խորամանկության, խաբեբայության, ընչասիրության և սպանությունների այս դժոխքում: Ո՞վ էր լսել, որ գերմանացի, անգլիացի կամ ամերիկացի զորականներն ու պաշտոնյաները, որոնք առաջներում կարգի ու կանոնի տիպար էին, կոպիտ խաբեբայությունների դիմեն, շանտաժներ կատարեն, գողություններ անեն, կաշառք վերցնեն և այլն: Այս բոլորը կատարվում էին և դեռ շարունակում են կատարվել ամենքիս աչքի առաջ:

Շարունակելի