Վրացիները վարպետորեն (նաև՝ ցինիկաբար) օգտվում էին հայ-թուրքական ու հայ-թաթարական հակասություններից"

1365

 

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ 1923-ին ՀՅԴ խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից

—-

1917 թվականի փետրվարին տեղի ունեցավ ռուսական հեղափոխությունը: Մեր առաջ բացվեցին անակնկալորեն նոր հեռանկարներ:

Ռուսաստանում հաստատվում էր դեմոկրատական իրավակարգ, հերթի էին դրվում սոցիալական ծանրակշիռ խնդիրներ (օրինակ՝ հողերի համայնացման խնդիրը): Իբրև դեմոկրատեր ու սոցիալիստներ, մենք ցնծությամբ ողջունեցինք նոր կարգերը, ապա, իբրև ազգային-քաղաքական կուսակցություն, առանձնապես ու հատկապես ոգևորված էինք իշխանության ապակենտրոնցման, ծայրագավառների ու ազգությունների ինքնավարության խոստումներով:

Սկսվեց եռանդուն աշխատանք:

Պետական հին մեխանիզմը պետք էր փոխել, պետք էր նոր իշխանություններ հաստատել տեղերում: Հեղափոխության եռուզեռի մեջ կենտրոնական կառավարությունը ի վիճակի չէր անելու դա, ծանրությունը ընկնում էր տեղացիների վրա: Նշանաբանները տրված էին արդեն: Գործի էին կանչված (կամ իրենք իրենց գործի էին կանչել) հասարակական հաստատությունները, քաղաքական կուսակցությունները, բանվորական ու արհեստակցական միությունները, ապա՝ ազգային ներկայացուցչությունները:

Բազմազգ Անդրկովկասի համար մասնավորապես բնորոշ էր ու ծանրակշիռ վերջինների մասնակցությունը իշխանության կազմի մեջ: Կարևոր կենտրոններում կազմվեցին մի շարք ազգային խորհուրդներ, որոնց թվում նաև՝ հայ ազգային խորհուրդներ:

Թիֆլիսում հաստատվեցին Անդրկովկասյան կոմիսարիատը և «Բանվորական, զինվորական ու գյուղացիական խորհուրդների Անդրկովկասյան կենտրոնը»՝ միմյանցից անկախ երկու իշխանություններ, որ պիտի վարեին երկրի գործերը մինչև պետական մնայուն օրգանների կազմակերպումը:

«Խորհուրդների կենտրոնը» տարվա վերջին կորցրեց հմայքն ու չեզոքացավ՝ զուգնընթացաբար ամրապնդվեց Կոմիսարիատը, որը դարձավ մի տեսակ մինիստրների դահլիճ ամբողջ Անդրկովկասի համար:

Կոմիսարիատը, ինչպես հետագայում նաև Սեյմն ու Անդրկովկասյան կառավարությունը, կոալիցիոն կազմ ունեին:

Կոալիցիոնը ըստ ձևի և անվան միջկուսակցական էր, ըստ էության՝ միջազգայնական: Գլխավոր կուսակցություններն էին. սոցիալ-դեմոկրատականի մենշևիկ հատվածը, Մուսավաթը և Հ. Յ. Դաշնակցությունը: Փաստորեն, սրանք ներկայացնում էին երկրի երեք գլխավոր ազգությունները. վրացի, ադրբեջանական թաթար, հայ:

Կոմիսարիատում, ինչպես հետագայում նաև Սեյմի ու կառավարության մեջ, գերիշխող դիրք բռնեցին ու ղեկավարող դեր ունեցան վրացի մենշևիկները:

Ինչու:

Ահա պատճառներից մի քանիսը:

Առաջին. Կոմիսարիատը ստացել էր իր լիազորությունները Պետրոգրադի ժամանակավոր կառավարությունից: Դումայում վրացի պատգամավորները՝ հենված այնպիսի մի զորեղ համառուսական կուսակցության վրա, ինչպիսին էր սոցիալ-դեմոկրատականը, վաղուց արդեն գրավել էին կարևոր դիրքեր, ազդեցություն էին ձեռք բերել ու կապեր հաստատել: Բնական էր, որ Անդրկովկասի համար Կոմիսարիատ կազմելիս առաջին հերթին դրվեցին սրանք և ոչ հայերը կամ թաթարները, որոնց գոյությունը Դումայում մնացել էր միանգամայն աննկատելի:

Երկրորդ. պետական գործեր վարելու համար վրացիներն ունեին քիչ-շատ պատրասվտած մարդիկ, որոնք, շնորհիվ գործուն մասնակցության քաղաքական մեծ կուսակցության ու ապա Դումայի աշխատանքներում, որոշ վարժություն և փորձառություն էին ձեռք բերել, մի քիչ մոտենում էին պետական գործչի տեսակին: Ոչ մենք, ոչ մուսավաթականները այդպիսի դպրոց չէինք անցել, այդ պատրաստությունը չունեինք: Մուսավաթը բոլորովին նոր կուսակցություն էր, իսկ Դաշնակցությունը ավելի վարժված էր ստորերկրյա աշխատանքի: Անշուշտ, որոշ նշանակություն ուներ նաև կուսակցական առաջնորդների անհատական կարողության չափը. վրացիները հրապարակ էին հանել մի քանի տաղանդավոր մարդիկ, մի քանի հանրածանոթ անուններ, որոնց կողքին նստեցնելու թեկնածուներ չունեինք մենք և հարկադրված էինք տեղ բռնել երկրորդ և երրորդ շարքերում:

Մի ուրիշ հանգամանք. հին ռեժիմի ժամանակ պաշտոնեությունը Անդրկովկասում վրացիների ձեռքին էր գլխավորապես: Այդ դրությունը մնաց նաև ռեժիմը փոխվելուց հետո, որովհետև տեխնիկական աշխատանքներ կատարելու համար պատրաստված մարդիկ ամենից ավելի վրացիներն ունեին: Պաշտոնեությունը բնականորեն դառնում էր զորեղ նեցուկ՝ վրաց տարրի դիրքը ամրացնելու համարպետական մեխանիզմի մեջ՝ Կոմիսարիատից սկսած մինչև երկաթուղին ու փոստ-հեռագրատունը:

Իսկ ամենից կարևորը հետևյալն էր:

Վրաց ժողովուրդը քաղաքականապես ամենից ավելի հասունացած և ամենից լավ կազմակերպվածն էր Անդրկովկասում, ապա՝ ամենից ավելի ապահովվածը (կամ ամենից քիչ վտանգվածը), ուստի և ամենից զորեղը:

Շնորհիվ բարեհաջող աշխարհագրական դիրքի, շնորհիվ համարյա անխառն միատարրության, շնորհիվ նրան, որ պատերազմի ընթացքում ամենից քիչ էր տուժել ու քանդվել, շնորհիվ նրան, որ չուներ անլուծելի, կյանքին սպառնացող վեճեր հարևանների հետ, շնորհիվ այս բարեբախտ հանգամանքների, վրացի ժողովուրդը շատ ավելի հնարավորություն ուներ իր ձայնը լսելի անելու, քան հայերը կամ ադրբեջանցիները:

Հարկ եղած դեպքում վրացիները հեշտությամբ կարող էին մի ընդհանուր լեզու գտնել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ, համենայն դեպս՝ շատ ավելի հեշտ, քան հայերը: Ապա, վրացիները ամփոփված էին ամբողջովին Վրաստանի մեջ, դրսում չունեին վտանգված հատվածներ, ինչպես ունեին հայերը Ադրբեջանում և ադրբեջանցիները՝ Հայաստանում: Վրացիները ապահով նստած էին իրենց երկրում և եթե ունեին սահմանային վեճեր հարևանների հետ, սրանց աղբյուրը պարզապես տիրակալական հակումներն էին, որ կարող էին զսպվել, չափավորվել, նույնիսկ՝ իսպառ վերացվել, առանց լրջորեն վտանգելու Վրաստանի ներկան կամ ապագան:

Այլ էին հայ-թուրքական և հայ-թաթարական փոխհարաբերությունները. այստեղ կային ցավոտ խնդիրներ, որ չէին կարող լուծվել առանց ամենածանր ընդհարումների:

Թուրքիան, անդառնալիորեն պարտված արևմուտքում և հարավում, ձգտում էր ապահովել ու ամրացնել իր ապագան հյուսիս-արևելքում: Իսկ այստեղ հայերը, սեպի պես խրված Էրզրումի ու Բաքվի միջև, կտրում էին թուրքերի որոնած ճամբան:

Հայերը սահմանային անլուծելի վեճեր ունեին ադրբեջանցիների հետ: Խնդիրը այստեղ մեկ-երկու գավառ ավելի կամ պակաս յուրացնելու մեջ չէր, այլ այն ազգային անդամահատությունների, որ անխուսափելիորեն տեղի պիտի ունենային, ինչպես էլ լուծվեր վեճը՝ մեկի կամ մյուսի համար: Հայաստանը չէր կարող ապրել առանց թաթարական Շարուր-Նախիջևանի, Ադրբեջանը չէր կարող ապրել (կամ շատ դժվարությամբ կապրեր) առանց հայկական Ղարաբաղի: Ղարաբաղը Ադրբեջանի համար ու Նախիջևանը Հայաստանի համար նույնը չէին, ինչ Վրաստանի համար Զաքաթալը, Ախալքալաքը կամ Լոռին: Եվ այստեղ էր մեծ դժվարությունը թե Հայաստանի և թե Ադրբեջանի համար:

Քաղաքականապես ավելի հասունացած ժողովուրդները գուցե կարողանային գտնել մի խաղաղ ելք, բայց ոչ մենք, ոչ ադրբեջանցիները չունեինք այդ հասունությունը և վեճը մնում էր վեճ՝ փոխադարձ անվստահության և փոխադարձ թշնամության աղբյուր:

Վրացիները շատ վարպետորեն (ավելացնեմ՝ նաև ցինիկաբար) օգտվում էին հայ-թուրքական ու հայ-թաթարական հակասություններից՝ իրենց արտոնյալ դիրքը ամրացնելու համար: Հենվելով թուրքերի և թաթարների վրա կամ սպառնալով, թե այն ուղղությամբ կշտկեն իրենց ճակատը, անելանելի կացության մեջ էին դնում մեզ ու հարկադրում հարմարվելու իրենց ցանկություններին: Ապա, երեսները մեր կողմը դարձնելով, մեզ մերձենալով (կամ մերձենալու մտադրություն ցուցադրելով), կաշկանդում էին ու որոշ չափով ահաբեկում նաև ադրբեջանցիներին:

Քաղաքական շանտաժ էր սա, որ մեծ առավելություն էր տալիս վրացիներին ու ապահովում նրանց գերիշխանությունը:

Երկարացրի մի քիչ, բայց Անդրկովկասում կատարվածը հասկանալու համար չափազան կարևոր է այս հանգամանքը:

Իսկ մեր կուսակցությունը հատկապես պետք է գիտենա ու հիշի, որ ամենատագնապալի օրերին նա ապրել է ու գործել վրաց սոցիալ-դեմոկրատների հեգեմոնիայի տակ, քարշ է եկել նրանց փեշը բռնած: