Մեծարանքի հանդիսություն՝ նվիրված Նեժի Նաամանին

920

Դահլիճը որոտաց ծափահարություններից, երբ դերասանուհի Գայանե Սամվելյանը ընթերցեց լիբանանցի գրող, թարգմանիչ և հրատարակիչ Նեժի Նաամանի (Ջունի, Լիբանան) “Ես հայ եմ” բանաստեղծությունը: Նամանը առաջին անգամ է այցելում Հայաստան, և այցի նախօրեին նրա բանաստեղծությունը թարգմանել էր գրող, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը:

“Ես այս բանաստեղծությունը թարգմանեցի կես ժամվա ընթացքում: Այնքա՜ն հայկական բան կար այդ ստեղծագործության մեջ”,- ասաց Սիմոնյանը: Նա Նաամանի հետ ծանոթացել է իր՝  Լիբանան ճամփորդության օրերին, երբ առիթ էր ունեցել նաև լինելու Ջունիում և այցելելու “Նեժի Նաաման անվճար մշակույթի հիմնարկ” և զրուցելու նրա հիմնադիր Նաամանի հետ:

“Նա գրքի ու գրչի նվիրյալ է: Լիբանան այցելության մասին ես գրեցի “Պատկերներ Լիբանանից” հատորը, որի մի գլուխը նվիրեցի Նեժիին ու նրա հիմնադրամի գործունեությանը: Անցնող մի քանի օրերին մենք եղան Արցախում, Նեժին տեսավ Գանձասարը, Շուշին, Տիգրանակերտը: Այդ ամենը նա պատրաստվում է գրքի ձևով ներկայացնել: Սպասենք այն գրքին, որ նա ներկայացնելու է արաբ ժողովրդին”,- ասաց Սիմոնյանը Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կազմակերպված մեծարանքի հանդիսությանը՝ նվիրված Նեժի Նաամանին:

նաժի, գևորգ, դեսպան

Սեպտեմբերի 30-ի կեսօրին կազմակերպված հանդիսությանը ներկա էին Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը, Հայաստանի արտգործնախարարության և սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, լիբանանահայ գործարար Գրիգոր Դաքեսյանը, մտավորականներ և ուսանողներ Հայաստանից ու Սփյուռքից:

Դահլիճի մի անկյունում դրված էին Նաամանի հրատարակած գրքերից մի քանիսը, որոնք վերաբերում են հայությանը: Այդ շարքում էր նրա վերջերս հրատարակված հատորը՝ «Հարյուր…և շարունակվում է ցեղասպանությունը»: Այս գիրքը հանրամատչելի է և ունի հանրագիտարանային նշանակություն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների գրեթե բոլոր վկայությունները: 100-ամյակի տարում լույս տեսած այս հատորը կարևոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին՝ նոր սերնդին, իրազեկելու տեսանկյունից:

Naji Naaman, photi

Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը ասաց, որ հպարտ է, որ այս օրերին Երևանում է Նաամանը: Ապա գովասանքի խոսքեր հնչեցրեց լիբանանահայության հասցեին, ընդգծելով, որ նրանք հարստացրել են լիբանանյան մշակույթը, գրականույթունը, մամուլը: “Այս ժողովուրդը երախտիքը չի մոռանում: Ինձ հանդիպող հայերը ասում են, որ հատուկ վերաբերմունք ունեն Լիբանանի հանդեպ, քանի որ Լիբանանը նեղ օրերին օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին”,- ասաց դեսպանը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, ով Գրիգոր Դաքեսյանի հետ կազմակերպել էր Նաամանի այցը Հայաստան և Արցախ, ասաց, որ “Նաժին երևույթ է”: Ներկաներին հակիրճ պատմելով Նաամանի և ընտանիքի կենսագրությունը, Յազըճյանը ասաց, որ Նաամանը հավատարիմ է երեք սկզբունքների՝ ազատ և ուրիշներին բացված մշակույթը խաղաղություն է կերտում, մշակույթը չի վաճառվում և չի գնվում, ճիշտ մշակույթը վարակիչ է: “Նեժին կրում է “անվճար մշակույթի խենթ” պատվանունը, որով նա հպարտանում է”,- ասաց Յազըճյանը:

Յազըճյանը հատկապես կարևորեց Հովհաննես Թումանյանի “Վերնատունը” հիշեցնող քննարկումները, որ Նաամանը կազմակերպում է երկու շաբաթը մեկ Ջունիի իր գրասենյակում և որին ներկա են լինում լրագրողներ, գրողներ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ դասախոսներ, լրագրողներ, արվեստի և մշակույթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխոսության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ ու մտահաղացումներ:

12043135_1009822562381622_4204201905405574913_n

Նամաանը հեղինակել և հրատարակել է տասնյակ անուն հատորներ բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Նա հրատարակում է գրքեր նշանավոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական և մշակութային գործիչների մասին, արաբական գրականություն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետարքրված են: Նրա գրասենյակի մուտքի մոտ դրված է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը՝ առանց հարցնելու և մտնելու է «Նեժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ»-ի գրասենյակ:

Նաամանի գործունեության մասին երախտիքի խոսք ասացին նաև Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, գրող Թորոս Թորանյանը: Հանդիսության ավարտին խոսք ասաց նաև Նաամանը: “Գրիգոր Դաքեսյանը և Գևորգ Յազըճյանը ինձ ձեռնաշղթաներ հագցրին և Լիբանանից բերեցին Հայաստան”,- հումորով ասաց Նաամանը՝ ընդգծելով նրանց դերակատարությունը իր այցը կազմակերպելու հարցում: Նա ասաց նաև, որ այնքան շատ գրքեր է նվիրելու Իսահակյանի անվան գրադարանին, որ արաբերենի հատուկ բաժին բացվի:

Նաամանը արդեն այցելել է Արցախ, որտեղ պատմամշակութային վայրեր այցելելուց բացի, հանդիպումներ է ունեցել նաև պաշտոնյաների հետ: Նրան ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՅԴ Արցախ Կենտրոնական կոմիտեն:

Առաջիկա օրերին լիբանանցի գրողը այցելելու է Հայաստանի տարբեր անկյուններ՝ ավելի մոտիկից ծանոթանալու այն երկրին ու ժողովրդին, որոնց մասին գրքեր է հրատարակում:

Թաթուլ Հակոբյան