Վրացյան. 1918թ. հայ-վրացական պատերազմը չարիք էր, աղետ, բայց նաև՝ անխուսափելի

753

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական մտքի պատմության լավագույն ստեղծագործություններից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գիրքը, այսօր՝ ութերորդ մասը (հատորում նման բաժանումներ չկա): Այս հատորը պատասխանն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի՝ նախ ուղղված ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին, ապա և տպագրված առանձին գրքով Բուխարեստում 1923-ին: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի ինչպես վերոնշյալ երկու գործերը, այնպես էլ նույն թեմայով Արշակ Ջամալյանի «Յ. Քաջազնունին եւ Հ.Յ.Դաշնակցութիւնը» աշխատությունը:

 

Զարմանալի են Քաջազնունու դատողությունները և հայ-վրացական պատերազմի մասին: Անաչառ երևալու տենչից դրդված, նա ընկնում է ծայրահեղ անարդարության մեջ: Պատերազմի ծագման պատճառները թվելիս, նա գրում է. «Անհավանական չէ, որ որոշ դեր կատարել է նաև մեր բանակի մեջ գտնվող ռուս սպաների սադրանքը… Մեր բանակում կային բավական մեծ թվով ռուս սպաներ, որոնք կապեր ունեին Թիֆլիսում (գուցեև զորավար Դենիկինի բանակի հետ): Անհավանական չէ, որ սրանք գրգռում էին մեր զինվորական շրջան[ակ]ները Վրաստանի դեմ, ստեղծում էին թշնամական մթնոլորտ, որ շատ նպաստավոր էր ռազմական գործողություններ սկսելու համար»:

Այսպես է գրվում պատմությունը և գրողը Հայաստանի այդ ժամանակվա նախարարապետն է : Երբ Հայաստանի այն ժամանակվա կառավարության նախագահն է հավանական համարում «ռուս սպաների սադրանքը», էլ ինչո՞ւ զարմանալ, որ վրացիներն էլ նույն ամբաստանությունն էին շպրտում հայերի երեսին: Այն օրերի հայ-վրացական հարաբերություններում առանց այն էլ այնքան շատ պայթուցիկ նյութ էր հավաքված, որ ընդհարում առաջ բերելու համար անենևին կարիք չկար «ռուս սպաների սադրանքի»:

Եվ, իրականության մեջ, ռուս սպաները ոչ մի դեր չեն էլ կատարել հայ- վրացական պատերազմի սկզբնավորության խնդրում: Եթե Քաջազնունին ժամանակին հրատարակության տված լիներ այդ պատերազմի ծագման վերաբերող փաստաթղթերը, այսօր պետք չէր ունենա այդպիսի կասկածներ հայտնելու: Պատերազմի ընթացքում, ճիշտ է , մի քանի ռուս սպաներ աչքի ընկան իրենց քաջությամբ, բայց այդ այն սպաներն էին՝ գնդապետ Կորոլկով և այլք, որոնք իրենց ճակատագիրը անվերապահ կերպով կապել էին Հայաստանի ու հայկական բանակի հետ և մինչև վերջ էլ մնացին Հայաստանում ու փետրվարի 18-ից հետո Քաջազնունու հետ միասին հեռացան Պարսկաստան:

Որո՞նք են այն շոշափելի փաստերը, որոնք իրավունք են տալիս Քաջազնունուն այդպիսի ծանր մեղադրանք ուղղելու Հայաստանի պետականությանը այնքան ծառայություններ հասցրած ռուս սպաների հասցեին: Ես հույս ունեմ, որ մոտիկ ապագային հրատարակության կտրվեն հայ-վրացական պատերազմին վերաբերվող փաստաթղթերը, որից ընթերցողը կտեսնի, թե ոչ մի հիմք չունի Քաջազնունու ենթադրությունը:

Շատ տարօրինակ է և Քաջազնունու հետևյալ դատողությունը. հայ-վրացական պատերազմի խնդրում «Անկախ Վրաստանի դիրքից, որ անվիճելիորեն դատապարտելի էր, քիչ դեր չի խաղացել նաև մեր սեփական ապիկարությունը, մեր քաղաքական տհասությունը և պետական կյանքը վարելու անպատրաստությունը»:

Ուրեմն, ի՞նչ, կարելի՞ էր խուսափել հայ-վրացական պատերազմից, թե այն ճակատագրական անհրաժեշտություն էր: Եթե մենք չլինեինք «ապիկար», «քաղաքականորեն տհաս» և «պետական կյանքը վարելու անպատրաստ», կարելի՞ էր պատերազմի առաջն առնել, թե՞ պատերազմը կախված էր «Վրաստանի բռնած դիրքից, որ անվիճելիորեն դատապարտելի էր»: Այսպիսի հարցերում ակնարկներով ու կիսատ խոսքերով չի կարելի  սահմանափակվել. կամ իրոք Հայաստանի վարչապետ Քաջազնունին է առաջ բերել հայ-վրացական պատերազմը իր «ապիկարությամբ» ու «քաղաքական տհասությամբ», և այդ պետք է ասել շատ պարզ ու որոշ, կամ «Վրաստանի դատապարտելի դիրքը»: Մինչև այժմ ամենքը համոզված էին, թե պատերազմի պատճառը վերացիներն էին: Այդ էին հաստատում և Քաջազնունու տված հեռագրերը Ժորդանային և պետությունների ներկայացուցիչներին: Հիմա Քաջազնունին հակառա՞կն է ասում, թե՞ … ոչինչ  չի ասում, այլ գրում է հենց այնպես …մտքեր հայտնելու նպատակով…

Այո՛, հայ-վրացական պատերազմը չարիք էր, ավելին ասեմ, աղետ էր, բայց այն, դժբախտաբար, անխուսափելի էր այն մթնոլորտում, որ վրաց շովին[իստական] կառավարությունն ու ղեկավար շրջան[ակ]ներն էին ստեղծել: Եվ եթե հայերից էլ կային տարրեր, որոնք գրգռում և ուժեղացնում էին վրաց շովինիզմը, դրանք, համենայն դեպս, Հայաստանի ղեկավարները չէին: Մասամբ այդ հարցում վատ դեր կատարեց Թիֆլիսի հայ բուրժուազիան և, ընդհանրապես, Թիֆլիսի հայ մամուլը , որն իր անհավասարակշիռ ու ջղագար արտահայտություններով յուղ էր լցնում վրաց շովինիստական խարույկի վրա: Բայց սա էլ չափազանց աննշան երևույթ էր, որպեսզի նրան կարելի լիներ որևէ վճռական ազդեցություն վերագրել հայ-վրացական պատերազմի ծագման հարցում:

 

Շարունակելի

Նախորդ հատվածը կարդալ այս հասցեով՝ http://www.aniarc.am/2015/09/17/simon-vratsian-kharkhapumner-part-7/