Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքը

2080

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

2014 թվականի նոյեմբերին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկն ու այդ համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը:

Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն առաջարկեց 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ աջակցություն ստացող համայնքների բնակիչներին մինչև 360 խորանարդ մետր բնական գազի սպառման համար 50 տոկոսի չափով զեղչ սահմանել՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ նշելով, որ գանձվող գնի տարբերությունը կփոխհատուցվի ընկերությանը։

Սահմանամերձ 32 համայնքների այն բնակիչները, որոնք չեն օգտվում գազից, կստանան համարժեք գումար՝ ջեռուցման այլընտրանք ունենալու համար:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն առաջարկվեց մինչև 1440 կիլովատ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարումը գանձել հաստատված սակագնից 50 տոկոս զեղչով՝ կրկին նշելով, որ գանձվող գնի տարբերությունը ընկերությանը կփոխհատուցվի։

Կառավարությունը նաև սահմանեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև որոշվեց, որ նշված 32 համայնքներում մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի կառավարությունը:

Ազգային ժողովում այս օրենքի նախագծի քննարկումների ընթացքում մի շարք պատգամավորներ նշեցին, որ անհրաժեշտ է հստակ տարբերակում դնել սահմանամերձ և սահմանապահ համայնքների միջև: Մասնավորապես, ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորներից Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ սահմանամերձ գյուղերը պետք է տարբերակել ըստ խոցելիության: Այսպես, կան համայնքներ, որոնք սահմանամերձ են, բայց հակառակորդի ուղղակի թիրախում չեն: Մյուս կողմից, կան համայնքներ, որտեղ մարդիկ չեն կարողանում դուրս գալ պատշգամբ կամ տնամերձ հողամաս, հանգիստ քայլել գյուղի փողոցով, քանի որ ամեն պահի կարող են դառնալ դիպուկահարի թիրախ և զոհ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի իմաստով, սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեություն է համարվում ցանկում ներառված համայնքների վարչական սահմաններում`

1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը,

2) արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքների վարչական սահմաններում, թե դրանցից դուրս,

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության:

Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`

1) այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից,

2) արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից,

3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից,

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և  դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի եւ սոցիալական վճարի:

Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով՝

1) վարում են եկամուտների և ծախսերի առանձնացված հաշվառում (կազմակերպությունների համար` առանձնացված հաշվապահական հաշվառում), որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտը, ինչպես նաև այդ գործունեությունների հետ կապված ծախսերը հարկման նպատակով նվազեցվում են համապատասխանաբար նույն ժամանակաշրջանում ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով ստացվող համախառն եկամտի և դրա հետ կապված ծախսերի գումարի չափով: Եթե ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի որոշ տեսակների մասով հնարավոր չէ վարել առանձնացված հաշվառում, ապա այդ ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ծախսերից հարկման նպատակով նվազեցվում են հաշվետու ժամանակաշրջանի համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամտի մեջ ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան: Առանձնացված հաշվառում վարելու արդյունքներն արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում եւ հայտարարագրերում,

2) իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների (մատուցվող ծառայությունների) գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում հաշվարկներ, հայտարարագրեր, հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր և տեղեկություններ:

Հոդված 5. Եթե ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվում է ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում (այդ թվում` ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս իրականացվող առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով), ապա`

1) տարվա ընթացքում առաջին անգամ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է նախազգուշացում,

2) տարվա ընթացքում երկրորդ անգամ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառությունից հետո արձանագրվող` ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտումների դեպքում կիրառվում են հարկային օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները:

Եթե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին ստուգման ակտը կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները սահմանված կարգով բողոքարկվել են, ապա դիմում-գանգատը մերժվելու մասին որոշումը պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից` տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում: Դիմում-գանգատը բավարարվելու կամ դիմում-գանգատը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կարգով չեղյալ ճանաչվելու դեպքերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողը շարունակում է օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից` այն պահից, որ պահից, ստուգման ակտի համաձայն, դադարել էր օգտվել շրջանառության հարկից ազատման արտոնությունից:

Եթե ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող ավելացված արժեքի հարկ վճարողի մոտ արձանագրվում է «Հարկերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող թիվ 4 հավելվածով սահմանված կարգի խախտում (անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպք) կամ եթե հավելվածում նշված սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա`

1) տարվա ընթացքում առաջին խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը,

2) տարվա ընթացքում երկրորդ խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը և համապատասխան վարչական ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է օգտվել շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից և շահութահարկից (եկամտային հարկից) ազատման արտոնությունից՝ տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). նախագծերի փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. թեև գործող օրենսդրությամբ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման համար կան որոշ հարկային խթաններ, այդուհանդերձ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք բավարար չեն:

Բացի այդ, հարկային վարչարարությանը հատուկ խնդիրների ու հարկումից խուսափելու ռիսկերի պատճառով նախկին տարիներին կիրառվել են հարկային հաշվառմանն առնչվող որոշակի սահմանափակումներ և հարկային հսկողության գործիքներ: Ներկայումս հարկային վարչարարության և հարկային հսկողության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված` վերոնշյալ սահմանափակումներն ու հսկողական գործիքները կարող են որոշակիորեն կրճատվել:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1)  2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից,

2)  սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով,

3)  սահմանել, որ`

ա) հարկային հաշիվները 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թվականի հունվարի 1-ից դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով,

բ) անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է ինտերնետային կապի անբավարար որակով կամ բացակայությամբ,

գ) վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը,

4)  վերացնել ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը,

5)  աստիճանաբար անցում կատարել ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման սկզբունքին,

6)  վերացնել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջը,

7)  սահմանել, որ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները արտոնագիրը ստանում են առանց արտոնագրի վճարման,

8)  նվազեցնել բնապահպանական, բնօգտագործման և ճանապարհային վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժերի չափերը` համապատասխանաբար` յուրաքանչյուր օրվա համար 0.2 տոկոս եւ 0.25 տոկոս, փոխարինել 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին,

9) սահմանել, որ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը հաշվարկվում են ոչ ավել, քան 365 օրվա համար` զուգահեռաբար յուրաքանչյուր օրվա համար սահմանված տույժի չափը` 0.5 տոկոս, փոխարինելով 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին:

  1. Կարգավորման առարկան. նախագծերի փաթեթի կարգավորման առարկան սահմանամերձ գյուղերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հարկման համակարգն է և գործարար միջավայրը ընդհանրապես:
  2. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
  3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանամերձ գյուղերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ազատել հիմնական հարկերից, ինչպես նաեւ նպաստել գործարար միջավայրի բարելավմանը:

Ազդեցության գնահատման մասին եզրակացություն                      

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

  1. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական և կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
  2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
  3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին և պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման և վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 Առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և   ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը որոշակի բարենպաստ ազդեցություն կունենա սահմանամերձ գյուղերում բնակչության համար ստոմատոլոգիական (ատամնաբուժական) և ատամնատեխնիկական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆիզիկական հասանելիության եւ ֆինանսական մատչելիության վրա:

                                                               Եզրակացություն

 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և  «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերով (այսուհետ` նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաև հարկ վճարողների կողմից կատարվող գործարքների փաստաթղթավորման նպատակով 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների) դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

                                                          Եզրակացություն

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ընդհանուր առմամբ դրական ազդեցություն` նկատի ունենալով մի շարք միջոցառումների պատշաճ իրականացման հանգամանքը, մասնավորապես`

Հարկային հաշիվների եւ այլ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման գործընթացի ներդրման փուլային եղանակի կիրառման հնարավորության դիտարկում, ինչը փոքր ծավալ ունեցող եւ ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտա խուսափել լրացուցիչ ծախսերի առաջացումից:

Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեության նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման բացառում:

Սահմանամերձ համայնքներում հարկազատման վերաբերյալ դրույթի գործողության համար որոշակի հստակ ժամկետի նախատեսում, որի ընթացքում հնարավոր կլինի գնահատել դրույթի ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա:

Եզրակացություն

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 և 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի և դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների և դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական և  բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

10) 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից,

11) սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով,

12) սահմանել, որ`

ա) հարկային հաշիվները 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թվականի հունվարի 1-ից դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով,

բ) անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումներով,

գ) վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը,

13) վերացնել ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը,

14) 3 տարվա ընթացքում աստիճանաբար անցում կատարել ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման սկզբունքին,

15) վերացնել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջը,

16) սահմանել, որ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին (այդ թվում` ֆիզիկական անձանց) արտոնագիրը տրամադրվում է առանց արտոնագրային վճարի վճարման,

17) նվազեցնել բնապահպանական, բնօգտագործման և ճանապարհային վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժերի չափերը` համապատասխանաբար` յուրաքանչյուր օրվա համար 0.2 տոկոս և 0.25 տոկոս, փոխարինել 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին,

18)  սահմանել, որ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը հաշվարկվում են ոչ ավել, քան 365 օրվա համար` զուգահեռաբար յուրաքանչյուր օրվա համար սահմանված տույժի չափը` 0.5 տոկոս, փոխարինելով 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կկազմի շուրջ 30 մլրդ. ՀՀ դրամ: