Նեմեց Ռուբո, Լֆիկ Սամո, Դոդի Գագո. ովքեր են Հայաստանի փողոցներում

6865

Վիկիլիքս – Հայաստան, թիվ 18

2004-04-01 06:50

UNCLAS SECTION 01 OF 02 YEREVAN 000777

SENSITIVE

SUBJECT: HUMMERS, NUMBERS, AND OLIGARCHS:  WHO’S WHO ON  ARMENIA’S STREETS

«Համմերներ, պետհամարանիշեր եւ օլիգարխներ. ովքեր են Հայաստանի փողոցներում» վերնագրով Վիկիլիքսի փաստաթղթում ասվում է, որ ցուցամոլությունից դրդված հայ օլիգարխները բավական մեծ գումարներով ոստիկանությունից «գոլդ համարներ են» գնում:

Այդպիսի պետհամարանիշերը ընդգծում են դրա սեփականատիրոջ կամ նրա մերձավորների պատկանելությունը այս կամ այն խմբին: Ընդ որում, ոստիկանության շնորհիվ առանձին օլիգարխներ իրավունք են ստացել սեփական հայեցողությամբ օգտագործել ընտրված կոնկրետ թվի սերիական համարանիշերը:

Գագիկ Ծառուկյանը` Դոդի Գագոն (հրապարակված փաստաթղթում՝ Dodi Gago), փաստացի բացառիկ իրավունք է ստացել օգտագործել 08xx008 սերիաների բոլոր պետհամարանիշերը: Նրան են պատկանում Երեւանի փողոցներում հայտնված առաջին «Hummer», ինչպես նաեւ  «Rolls Royce» մակնիշի ավտոմեքենաները:

Նույնպիսի վիճակ է նաեւ երկրորդ «Hummer»-ի եւ Հայաստանի շաքարի  մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո` հրապարակված փաստաթղթում Lfik Samo) կամ երրորդ «Hummer»-ի տեր Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո, հրապարակված փաստաթղթում` Nemetz (German) Rubo ) պարագայում, որոնք համապատասխանաբար իրավունք ունեն օգտագործել 06xx006 եւ 05xx005 սերիաների պետհամարանիշերի բոլոր կոմբինացիաները:

Ռոբերտ Քոչարյանի որդին, որին պատկանում է չորրորդ «Hummer»-ը, օգտագործում է 07 UU007 պետհամարանիշը: Նման պետհամարանիշեր, համաձայն փաստաթղթի, կարելի է ձեռք բերել 2-3 հազար ամերիկյան դոլարով: Պետքարտուղարություն ուղարկված փաստաթղթի համաձայն, նման «գոլդ համարները» բացի փառամոլությունից ու պրեստիժից, անձեռնմխելի են դարձնում դրանց տերերին եւ ոստիկանությանը ստիպում «հեռու մնալ» նրանցից: Նման համարներով ավտոմեքենաները նույն կարգավիճակն ունեն, ինչ դիվանագիտական` կարմիր պետհամարանիշերով ավտոմեքենաները, ասվում է Վիկիլիքսի հեռագրում: