Հայաստանը Եւ Թուրքիան Տեմիրելի Ժամանակներում

1553
Azerbaijani president Haydar Aliyev (L) is welcomed by Turkish President Suleyman Demirel (R) May 5 in Ankara's Esenboga airport. At far right is a Turkish State Minister Abdullah Gul attending the welcoming ceremony for the visiting Azeri President in Ankara. TURKEY

Անցնող շաբաթ, կեանքի 91-րդ տարում մահացաւ Թուրքիայի նախկին նախագահ (1993-2000 թթ.), եօթ անգամ վարչապետի պաշտօնը զբաղեցրած Սուլէյման Տեմիրելը: Նա գիտէր` ի՛նչ է Հայկական հարցը, գիտէր Հայաստանը, թէեւ երբեք չէր այցելել: Նա ճանաչում էր Հայաստանի ղեկավարներին, երեք-չորս անգամ հանդիպել էր առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի, երկու անգամ` երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի հետ:

Նրա վարչապետութեան վերջին շրջանը համընկաւ Խորհրդային Միութեան փլուզման եւ Հայաստանի անկախութեան հետ: Նրա վարչապետութեան օրօք էր` 1992-ի վերջին, երբ Թուրքիան համաձայնուեց իր տարածքով եւ թուրք-հայկական սահմանով ցորեն հասցնել Հայաստան: Բայց նաեւ նրա վարչապետութեան վերջին օրերին էր, որ վերջնականապէս փակուեց Թուրքիա-Հայաստան սահմանը, եւ արդէն աւելի քան 20 տարի Անգարան շարունակում է Հայաստանը շրջափակման տակ պահելու իր թշնամական քաղաքականութիւնը:

Տեմիրելը կոշտ բանակցող էր, սեւ հումորի ու թեւաւոր խօսքերի սիրահար: 1992թ. մայիսի 28-ին թուրք-նախիջեւանեան սահմանում` Արաքսի ձախ ափին, վարչապետ Տեմիրելը հաւաքուած հազարաւոր ազրպէյճանցիներին դիմում, բացագանչում էր. «Սիրելի՛ ազրպէյճանցի թուրքեր, սիրելի՛ նախիջեւանցի թուրքեր, մենք այստեղ ենք` ձեզ ասելու, որ միայնակ չէք: Արազի վրայով այսօր մենք բացում ենք յոյսի կամուրջը, որն Եգէական ծովից մինչեւ Չինաստան ճանապարհ բացելու առաջին քայլն է»: Ամերիկացի լրագրող Թոմաս Կոլցն ականատեսի աչքերով գրում է. «Օդանաւի դուռը բացուեց, երեւաց Տեմիրելն իր նշանաւոր գլխարկով: Նա իջնում էր աստիճաններով` դէպի Հայտար Ալիեւի  գիրկը: Տասնեակ լուսանկարչական գործիքներ եւ տեսախցիկներ արձանագրում են պատմական պահը: Ահա այստեղ` Արարատ լերան ստուերի տակ, Տեմիրելն ու Ալիեւը կազմակերպել էին փանթուրքական տօնակատարութիւն»:

Խորհրդային Միութեան փլուզման վերջին տարիներից Տեմիրելը մեծ կարեւորութիւն էր տալիս թուրքալեզու հանրապետութիւնների հետ յարաբերութիւնների խորացմանը: Նա շրջագայութիւններ էր կատարում դէպի Ազրպէյճան ու միջինասիական թուրքալեզու երկրներ: Նա սպառնում էր Հայաստանին, երբ արցախեան պատերազմում հայերը յաջողութեան էին հասնում:

1992թ. յունիսի 14-ին Ռիօ տէ Ժանէյրոյում, բնապահպանական համաժողովի շրջանակներում, կայացաւ Տէր Պետրոսեան-Տեմիրել հանդիպում: «Ձեզ հետ որպէս վարչապետ կամ նախագահ չեմ ուզում խօսել, մի կողմ թողնենք դիւանագիտական պատշաճութիւնը: Պատերազմով եւ կռուով որեւէ տեղ չէք կարող հասնել: Հազար տարի յետոյ անկախ Հայաստան հաստատելու պատեհութիւն գտար, բայց այդ պետութիւնը թշնամութեան եւ պատերազմի վրայ մի՛ հաստատիր: Շուրջդ Ազրպէյճանը եւ Թուրքիան կան: Եթէ բարեկամ չլինէք այդ երկրների հետ, ձեր կացութիւնը դժուարութիւնների է բախուելու», ասել է Տեմիրելը:

Տէր Պետրոսեանը պատասխանել է. «Ղարաբաղի հարցը ես ուզում եմ հաշտ ճանապարհով լուծել»: Տեմիրելը շարունակել է. «Եթէ հաշտութիւն ես ուզում, հեռացի՛ր Շուշիից ու Լաչինից: Մեզ համար Նախիջեւանը առանձնայատուկ կարեւորութիւն ունի»: Ապա Տէր Պետրոսեանը ասել է, որ Հայաստանը ձգտում է խաղաղութեան: «Յարգելի՛ Տէր Պետրոսեան, ձեզ հետ խօսում եմ առանց դիւանագիտական ձեւակերպումների: Ուժի ճանապարհով հողի տէրի դարձողները չեն կարող անդորրութեան մէջ ապրել: Թուրքիայի հետ հարեւան էք, հետեւաբար պէտք է բարեկամ ապրել», ասել է Տեմիրելը:

Այս հանդիպմանը ներկայ են եղել նաեւ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Հիքմեթ Չեթինը եւ Րաֆֆի Յովհաննիսեանը: Վերջինս յիշում է. «Թուրքիայի վարչապետը քարոզ էր կարդում: Միակողմանի սպառնալիքներ էին, ասում էր, որ հայերը պէտք է դասեր սովորեն իրենց պատմութիւնից, որ` Թուրքիան պատրաստ է իր ձեռքը մեկնել, բայց մեկնել այն Հայաստանին, որ գիտի իր չափը, սահմանը, եւ որը պատրաստ է անցեալը թողնել անցեալին եւ Թուրքիայի հետ նոր շրջան բացել»:

1992-ի աշնանը վարչապետ Տեմիրելը եւ Թուրքիան թոյլ տուեցին, որ երկրի տարածքով Հայաստան հասցուի մօտ 60 հազար թոն ցորեն: Հայաստանը Եւրամիութեան վարկով պէտք էր ցորեն գնէր: Այդ ցորենը հնարաւոր էր Հայաստան հասցնել միայն Թուրքիայի տարածքով, քանի որ միւս ուղիները փակ էին: Տէր Պետրոսեանը կապւում է վարչապետ Տեմիրելի հետ, քննարկում` Թուրքիայի տարածքով ցորեն ներկրելու հնարաւորութիւնը: 1992 թ. հոկտեմբերի 10-ին Անգարայում պայմանագիր է ստորագրւում Հայաստանի պարէնի եւ Թուրքիայի առեւտրի նախարարութիւնների միջեւ. Թուրքիան փոխարինաբար Հայաստանին տրամադրում էր 100 հազար թոն հացահատիկ: Այդ հացահատիկը հնարաւոր չեղաւ ամբողջութեամբ ներկրել, քանի որ 1993-ին, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը:

Սահմանը փակելուց երեք շաբաթ անց վարչապետ Տեմիրելը Անգարայում ընդունեց հայկական պատուիրակութեանը, որը մեկնել էր մասնակցելու նախագահ Թուրկութ Էօզալի թաղման արարողութեանը: Պատուիրակութեան կազմում էին նախագահ Տէր Պետրոսեանը, արտաքին գործերի նախարար Վահան Փափազեանը եւ նախագահի խորհրդական Լիպարիտեանը:

Շատ բովանդակային եւ հետաքրքիր զրոյց էր, պատմում են Փափազեանն ու Լիպարիտեանը:  «Տեմիրելը գզրոցից մի քարտէզ հանեց եւ թուրքերէնով ասաց` սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք` մեր հարեւանն է, սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, մտահոգութիւններ ունէք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք, սա Լաչինն է, սա ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք անվտանգութեան համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հե՞տ ինչ գործ ունէք: Քելբաջարը որ գրաւեցինք, այդ մարդիկ (թուրքերը) ասացին, չէ՛, մեր եղբայրներին ծեծում էք», յիշում է Լիպարիտեանը:

Տէր Պետրոսեանի եւ Տեմիրելի միջեւ յաջորդ հանդիպումը կայացաւ 1995թ. հոկտեմբերին` Նիւ Եորքում, ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում: Այդ հանդիպման մասին ուշագրաւ մանրամասներ է ներկայացնում նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը` իր «Անկախութեան ճանապարհով» գրքում:

«Հոկտեմբերի 23-ին Նիւ Եորքում Տէր Պետրոսեանը հանդիպեց Տեմիրելի հետ: Մինչ այդ` 1993թ. ապրիլին Տէր Պետրոսեանը Թուրքիայում մասնակցել էր Թուրկութ Էօզալի թաղման արարողութեանը: 1993թ. Թուրքիան արդէն ամբողջովին փակել էր սահմանը Հայաստանի հետ, իսկ 1994թ. մայիսին հայկական եւ ազրպէյճանական ուժերի միջեւ զինադադար էր հաստատուել: Սակայն իրավիճակը ռազմաճակատում շարունակում էր լարուած մնալ: Լարուած մթնոլորտ էր նաեւ Տէր Պետրոսեան-Տեմիրել հանդիպման առաջին իսկ պահից: Տէր Պետրոսեանը, գործի դնելով թուրքերէնի իր իմացութիւնը, մի քանի բառ փոխանակեց Տեմիրելի հետ` որոշակիօրէն փոխելով մթնոլորտը: Սակայն, երբ սկսուեցին քննարկումները բուն թեմայի շուրջ, լարուածութիւնը գնալով աճեց: Տեմիրելը փորձում էր հանդէս գալ մեծ տէրութեան ներկայացուցչի դիրքերից եւ անընդհատ «հայրական» խրատներ էր տալիս Տէր Պետրոսեանին Լեռնային Ղարաբաղի, յարակից տարածքների, ինչպէս նաեւ` հայ-թուրքական հին ու նոր յարաբերութիւնների մասին: Տէր Պետրոսեանը, բնականաբար, հակադարձում էր այդ ամէնին` իրեն բնորոշ հանդարտ, բայց սուր ու համոզիչ ոճով: Հանդիպումն արդիւնք չտուեց: Տեմիրելի որդեգրած ոճից ու տրամաբանութիւնից խորը հիասթափուած` մենք հեռացանք հանդիպման սենեակից: Վերելակում, երբ արդէն իջնում էինք, քար լռութիւն էր: Տէր Պետրոսեանի թիկնապահը կատակեց. «Տարդ մի՛ արա, շէ՛ֆ, շուտով սրա թաղմանն էլ կը գնանք»: Իմ` արտաքին գործերի նախարար նշանակուելուց յետոյ, Ռոպերթ Քոչարեանի հետ ներկայ եղայ Տեմիրելի հետ եւս երկու հանդիպումների: Առաջինը տեղի ունեցաւ 1998թ. յունիսին Եալթայում` Սեւծովեան տնտեսական համագործակցութեան գագաթաժողովի ընթացքում, իսկ երկրորդը` 1999թ. նոյեմբերին` Պոլսում, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Այս երկու հանդիպումները ոչնչով չէին տարբերւում Տէր Պետրոսեան-Տեմիրել հանդիպումից. չէին փոխուել ո՛չ Տեմիրելի մտածելակերպը, ոճն ու մօտեցումները, ո՛չ էլ հայկական կողմի պատասխանները», գրում է Օսկանեանը:

Ահա այսպիսին էր Սուլէյման Տեմիրելը` Թուրքիայի հանրապետութեան ամենաերկարակեաց քաղաքական-պետական գործիչը:

Թաթուլ Յակոբեան

ԱԶԴԱԿ, 22 Յունիս, 2015թ., http://www.aztagdaily.com/archives/245830