Մարգարիտա Սիմոնյան. 100 LIVES

3293

«Մեծ ողբերգություն է այն, ինչը վերապրել է իմ ժողովուրդը, ինչը վերապրել է իմ ընտանիքը, մարդիկ, ում բախտ եմ ունեցել տեսնել կենդանության օրոք, մարդիկ, ում ճանաչում ու սիրում եմ, ինչպիսին մեծ տատիկս էր: Մեծ անարդարություն կա այն իրողության մեջ, որ անգամ խոշոր երկրները, որոնք իրենց ժողովրդավար են անվանում, չեն ճանաչել այս փաստը: Իսկ քանի դեռ չարիքը չարիք չի կոչվել, միշտ վտանգ կա, որ այն կկրկնվի»:

Նա, ում անունը հաճախ է հնչում, ով կայուն կերպով հայտնվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց ԹՈՓ-20 ցուցակում՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի ու «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, խնամքով է ընտրում բառերը: Որպես մարդ, ում հաճախ են «պետության խոսափող» անվանում, նա պետք է ծայրաստիճան զգույշ լինի ցանկացած հարցին ի պատասխան հնչեցված ձեւակերպումների մեջ, եւ հատկապես այնպիսի կարեւոր հարցին, ինչպիսին է «ի՞նչ է Ձեզ համար ցեղասպանությունը».

«Հարյուր տարի առաջ սպանել են մեծ տատիկիս ընտանիքին: Իր ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սրախոխող են արել: Իսկ նա ընդամենը հինգ տարեկան էր: Նա փրկվեց, որովհետեւ նրան հասցրեցին գորգի մեջ փաթաթել ու հենել պատին: Թուրքերը նրան ուղղակի չնկատեցին, իսկ նա կանգնած լսում էր, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սրախոխող անում:

Իմ մյուս մեծ տատիկն ինձ պատմում էր, թե ինչպես իր աչքի առաջ իր եղբայրներին, քույրերին ու ծնողներին մի գիշերվա ընթացքում սպանեցին: Փրկվեցին միայն նա ու կրտսեր քույրիկը: Մեռնելուց առաջ իրենց հայրը հասցրեց մեկական ոսկի տալ, որը տատիկն այտի հետեւում թաքցրեց: Իր բախտը բերեց. տեղի թուրքերից մեկն իրեն՝ փոքր աղջնակին, տարավ իր ընտանիք: Միայն մի քանի տարի անց նա տուն վերադարձավ»:

Գերդաստանի այն մի ճյուղի պատմությունը, որն այս մեծ տատիկից է սերում, իր «Ճշմարտությունը՝ թոռներին» գրքի մեջ նկարագրել է Մարգարիտա Սիմոնյանի պապը:

Նենեկայի պատմությունով էլ այն սկսվում է.«Նենեկան փոքրիկ աղջիկ էր, երբ Տրապիզոնում (Տրապեզունդ, Հյուսիսային Թուրքիա) ցեղասպանության ժամանակ  իր գեղեցկության շնորհիվ՝ նա բնությունից օժտված էր բաց մազերով ու կապույտ աչքերով, խուսափեց յաթաղանից:

Հարուստ մի թուրք որդեգրեց իրեն, ստեղծեց բոլոր պայմանները թուրքերենն ու թուրքական սովորույթներն ուսումնասիրելու համար, կրոնափոխ արեց դեպի մահմեդականություն, որպեսզի ապագայում իրեն ամուսնացնի թուրքի հետ: Ի դեպ, այդպես էին վարվում նաեւ ուկրաինացի, ռուս, բուլղարացի, սերբացի ու այլ աղջիկների հետ ամենուր, ուր սփռվում էր Օսմանյան կայսրությունը:

Ինչպես Նենեկան ինքն էր խոստովանում, թուրքական ընտանիքում մի քանի տարի անցկացնելուց հետո մոռացել էր իր մայրենի լեզուն ու ազատորեն տիրապետում էր թուրքերենին: Միայն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու օտարերկրյա հանրության ճնշումից հետո հնարավոր դարձավ նրան ազատել: Նենեկային տեղափոխեցին Ղրիմ… 1922-ին 16 տարեկան հասակում նրան ամուսնացրել են Նշանի հետ»: Այսպիսով, Մարգարիտայի ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում:

Մարգարիտան հասցրել է տեսնել Նենեկային. «Մինչեւ ութ տարեկան նա իմ մասին հոգ էր տանում ու խնամում էր: Ինչպես պապս իր գրքի մեջ է գրում՝ «համով ուտելիքներ էր տալիս», հեքիաթներ ու տարբեր պատմություններ էր պատմում: Ջարդի ժամանակ նա ինը տարեկան էր ու Ալիսա անունով կրտսեր քույր էլ ուներ: Վերջինիս նույնպես հաջողվել է փրկվել: Նրան տարել են թուրքական ընտանիք, տեղափոխել Ստամբուլ: Պապս իր գրքում գրում է, որ մինչեւ 1933 թվականը նամակագրական կապ էր պահում նրա հետ, իսկ հետո կապը կտրվեց:

Հետագայում Արտաքին գործերի նախարարության, դեսպանության, Կարմիր խաչի աջակցությամբ նրան գտնելու բոլոր փորձերը ձախողել են: Թուրքական կողմը լռում էր: Թե ինչ տեղի ունեցավ Ալիսայի հետ հետագայում, ինչպես դասավորվեց նրա ճակատագիրը, մենք չգիտենք: Իր պատվին Ալիսա անվանեցին իմ կրտսեր քրոջը»:

«Գիտե՞ք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, ու ինձ համար դժվար է աշխարհաքաղաքական տեսանկյունից դատողություններ անել ու խոսել Հայաստանի անունից՝ որպես պետության: Սակայն ես հայ եմ, իմ մեջ հայի արյուն է: Ես կարող եմ խոսել ժողովրդի անունից:

Իսկ ժողովուրդը չի ապրում ու չի դատում աշխարհաքաղաքական դասակարգումներով՝ թե ինչ ձեռք կբերի Հայաստանը ու թե ինչ կկորցնի: Ահա թե ինչու ես այլ բանի մասին եմ խոսում. ես ասում եմ, որ ինձ, որպես հայի, ով հիշում է իր նախատատին ու հիշում է այդ բոլոր պատմությունները, անսովոր է գիտակցել, որ կան երկրներ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ստացվում է, որ այդ երկրները չեն ճանաչում, որ իմ մեծ տատիկների ու իմ ընտանիքի հետ այդպես են վարվել: Ինձ, ինչպես եւ ցանկացած մարդու, սա շատ անարդար է թվում ու համաշխարհային խաղաղության համար շատ վտանգավոր, թող որ բառերս էլ ամպագոռգոռ հնչեն», -ասում է Մարգարիտան:

Նա հակված չէ իր մեջ ձեւավորված արժեհամակարգը դիտարկել որպես ազգային պատկանելության հետեւանք. «Եվս մեկ անգամ կրկնեմ՝ ես հայուհի եմ, սակայն առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացի եմ, եւ այսօր դժվար է տարբերակել, թե իմ արժեհամակարգի որ մասն է հայկական, իսկ որը՝ ռուսական կամ համամարդկային: Ես երբեւէ չեմ խորհել այդ մասին: Ու ես երբեւէ չեմ մտածել այն մասին, թե ինչպես Ռուսաստանում կարող են մեկնաբանել իմ այս կամ այն քայլը՝ ելնելով իմ ազգային պատկանելությունից: Այս առումով ես ժամանակակից մարդ եմ: Ես ինքս մարդկանց չեմ դիտարկում իրենց ազգային պատկանելության տեսանկյունից ու այլոց խորհուրդ չեմ տալիս այդպես անել:

Չեմ կարծում, որ դա նշանակություն ունի: Առավել կարեւոր են աշխատանքի արդյունքը, համոզմունքները, աշխարհայացքը, անշուշտ՝ մասնագիտական որակները: Ինչ վերաբերում է արժեքներին, ապա երիտասարդության տարիներին ես ուսանել եմ Նահանգներում ու կարող եմ ձեզ ասել, որ հայրիշխանական «մեկ հարկանի Ամերիկայում» կան շատ արժեքներ ու ավանդույթներ, որոնք մեր սովորույթներից առավել պահպանողական են:

Ամեն ինչ կանեմ երեխաներիս լավ մարդ դաստիարակելու համար: Առաջին հերթին կաշխատեմ նրանց հայերեն սովորեցնել, որն ինքս չգիտեմ ու շատ եմ ցավում: Լինում են իրավիճակներ, երբ ես ինձ անհարմար եմ զգում, երբ հայերի շրջանում չեմ կարողանում մասնակցել զրույցին, քանի որ չեմ հասկանում, թե ինչի մասին են նրանք խոսում: Սակայն աղջկաս համար կրկնուսույց եմ վարձել, ով շաբաթը երկու անգամ է իր հետ պարապում՝ գրքեր է կարդում, հեքիաթներ է պատմում, նրանք զրուցում են, երգեր են երգում: Որդիս դեռ փոքր է, սակայն երբ մի փոքր էլ մեծանա, անպայման իր հետ էլ կսկսենք պարապել: Որովհետեւ եթե մանկության ընթացքում լեզուն չսովորես, ապա այն երբեք մայրենի չի դառնա:

Ամեն տարի ապրիլի 24-ին մեր ընտանիքում մենք անպայման ոգեկոչում ենք մեր՝ 1915թ. խոշտանգված նախնիների հիշատակը: Հայաստանն իրենց հայրենիքն է: Երկիր, որը ձեւավորել է իմ նախնիների մշակույթը, իրենց արժեհամակարգը, անձնական որակները: Երբ ես դադարեմ շատ աշխատելը, կուզենայի ինքս ինձ համար մի ճամփորդություն կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի ավելի լավ ճանաչեմ այն, զգամ այն»:

 Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

 https://100lives.com/hy/stories/detail/regular/7701/-