1920 Թ. Ապրիլի 23. Քրիստոնեաների Գերեզմանոցի Վրայ Ստեղծուած` Ցեղասպանների Խորհրդարանը

2367

1920 թ. ապրիլի 23-ին ստեղծուած Թուրքիոյ Ազգային ժողովը Պոլսից Անգարա տեղափոխուած օսմանեան պատգամաւորների պալատն էր: Բացման օրը խորհրդարանը նոր շէնքում առաջին նիստը սկսեց սուլթան եւ խալիֆ Մեհմետ Դ.-ին հաւատարմութեան երդումով:

Հետագայում, այն բանից յետոյ, երբ պաշտօնական պատմագրութիւնը վերագրուեց` պնդելով, թէ Պոլսում գտնուող խորհրդարանի անդամները զաւթիչ անգլիացիների կողմից գերի են վերցուել` գրաւ դնելով ժողովրդի կամքը, յայտնեցին` որոշել են բացել առաջին անկախ խորհրդարանը:

Պնդում էին` որքան սուլթան եւ խալիֆ Մեհմետ Դ-ն ու նրան հաւատարիմ խորհրդարանն էին արտայայտում ժողովրդի կամքը, այնքան էլ` նորաստեղծ խորհրդարանը:

Իսկ Պոլսի խորհրդարանի անդամներին անգլիացիները գերի էին վերցրել Հայոց ցեղասպանութեանը մասնակցութիւն ունենալու պատճառով:

6-16-15_kemalԱյն, որ գերմանացի պարոնների հետ իրականացրած ոճրագործութիւնների վերաբերեալ նրանք չընդունեցին «մեղաւորներին ձերբակալելու» նոր պարոնների պնդումը, հաւասարազօր էր ոչ թէ գաղութատիրական-զաւթիչ ուժերի առաջ պատիւը գետնով տալուն, այլ ընդհակառակը` այդ մեղսագործների յանցակիցը դառնալուն: Այսպէս, օրինակ, 1920 թ. օգոստոսի 11-ին Մուսթաֆա Քեմալը (Անգարայի կառավարութիւնը) յայտարարեց, որ «տեղահանութեան եւ այլնի» պատճառով Պոլսի կառավարութեան կողմից ստեղծած Ռազմական արտակարգ ատեանը ցրուել է: 1920 թ. օգոստոսի 12-ին Հայոց ցեղասպանութեանը մասնակցելու հիմնաւորմամբ յայտարարում են, որ` «… Եթէ հայրենիքի զաւակներին մահապատժի ենթարկելու լինեն, ապա անգլիացի փոխգնդապետ Ռոլինսոնին  եւ իրենց ձեռքում յայտնուած անգլիացի գերիներին են կախաղան բարձրացնելու»: 1920 թ. ապրիլի 23-ին Անգարա տեղափոխուած խորհրդարանը նպատակ ունէր հայերի ցեղասպանութեանը մասնակցած մարդասպաններին փախցնել եւ ապահովել նրանց անվտանգութիւնը, քանզի իթթիհատականների սկսած ցեղասպանութեան նախագիծը դեռեւս աւարտին չէր հասցուել: Հերթը յոյներինն էր. այս քատրերը կիսատ մնացած գործն աւարտին էին հասցնելու, նախ Պոնտոսի, յետոյ էլ Փոքր Ասիայի յոյներին էին ոչնչացնելու կամ էլ աքսորելու էին` բնակչութեան փոխանակման անուան տակ: Միեւնոյն ժամանակ Քոչկիրիում ալեւիներին էին կոտորելու: Մնացած յոյներին էլ «նուիրելու էին» թրքականութիւնն ու իսլամը:

Մալթայի Աքսորեալները

Պոլսի Անգլիական բարձրագոյն կոմիսարութեան` հայերի նկատմամբ ցեղասպանութեանը մասնակցելու հիմնաւորմամբ պատրաստած ցուցակի 173 հոգուց 80-ին 1920 թ. մարտի 16-ին անգլիացիները դաշնակից տէրութիւնների կողմից պաշտօնապէս ձերբակալեցին: Պատգամաւորների պալատի անդամ հանդիսացած 80 հոգուց բացի` մնացածները, փախչելով Անգարա, «նոր» խորհրդարանի անդամ դարձան: Իսկ որպէս ցեղասպանութեան յանցագործ յայտնի Մալթայի աքսորեալները հետագայում փոխադարձ համաձայնութեամբ ազատ էին արձակուելու, որոնց մեծ մասը հանրապետական շրջանում կարեւոր պետական պաշտօններ էր ստանձնելու:

1920 թ. ապրիլի 23-ին ստեղծուած խորհրդարանը մաքրեց ցեղասպանութեան մեղաւորների արատաւոր անունը եւ ապահովեց ցեղասպանութեան շարունակականութիւնը:

Ըստ էութեան, նորաստեղծ խորհրդարանում պաշտօններ ստացան ցեղասպանութեան այն քատրերը, որոնք իրենց յանցանքի համար պատիժ չկրեցին: Ովքե՞ր էին նրանց շարքերում:

6-16-15_renda

Ապտուլհալիք Ռենտա: Տեղահանութեան ժամանակ եղել է Պիթլիսի եւ Հալէպի նահանգապետը: Թալէաթ փաշայի աներորդին է: Ապտուլհալիք պէյը, ով 1917 թ. մի կարճ ժամանակահատուած ստանձնել է ներքին գործերի նախարարութեան խորհրդականի պաշտօնը, պատասխանատու է Պիթլիսի եւ Հալէպի հայերի կոտորածների համար, Մալթայից վերադառնալուց յետոյ եղել է Չանքըրըի պատգամաւոր, Զմիւռնիայի նահանգապետ, 1924-1930 թթ. աշխատել է ֆինանսների եւ պաշտպանութեան նախարարութիւններում, եղել է ռազմածովային նախարարի տեղակալ: 1935 թ. ընտրուել է խորհրդարանի նախագահ` ստանձնելով այս պաշտօնը մինչ 1946 թ., որից յետոյ Հասան Սաքայի կառավարութիւնում ստանձնել է պետական նախարարի պաշտօն:

Շիւքրիւ Քայա

Շիւքրիւ Քայա: Տեղահանութեան ժամանակ Փախստականների եւ աշիրեթների հարցերով տնօրէն Շիւքրիւ բէյը, ով կրում է Հալէպի եւ Ատանայի նահանգների տեղահանութիւնների պատասխանատուութիւնը, Մալթայից փախչելուց յետոյ որոշ ժամանակ մնացել է Իտալիայում եւ Գերմանիայում: Թուրքիա վերադառնալուց յետոյ ընդգրկուել է Լոզան մեկնող պատուիրակութեան կազմի մէջ: Եղել է Զմիւռնիայի քաղաքապետը: 1923 թ. եղել է Մուղլայի (Մենթեշէ) պատգամաւոր, 1924 թ. մինչ Մուսթաֆա Քեմալի մահը եղել է գիւղատնտեսութեան, արտաքին գործերի նախարարութեան եւ ներքին գործերի նախարարի պաշտօններում:

Ռեֆեթ Պելէ

Ռեֆեթ Պելէ: Ռեֆեթ փաշային, ով 1916-1917 թթ. ձմրանը եղել է Սամսոնի եւ շրջակայքի զինուորական նահանգապետը, Սամսոնի եւ շրջակայքի յոյների տեղահանութեան մեղադրանքով ուղարկել են Մալթա: Հանրապետական շրջանում նա եղել է ներքին գործերի եւ պաշտպանութեան նախարար:

Հասան Թահսին Ուզեր

Հասան Թահսին Ուզեր: Տեղահանութեան ժամանակ, որպէս Վանի եւ Էրզրումի նահանգապետ, հայերի տեղահանութիւնների համար պատասխանատուութիւն ունենալու մեղադրանքով Մալթա ուղարկուած Հասան Թահսին պէյը Մալթայից վերադառնալուց յետոյ հերթականութեամբ Մեճլիսում (խորհրդարանում) եղել է Զմիւռնիայի, Արտահանի, Էրզրումի (Կարին) եւ Գոնիայի պատգամաւոր: 1935 թ. աշխատել է բանակային 3-րդ զօրամասի ընդհանուր տեսչութիւնում, որը հանդիսանում էր ԺՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների նահանգապետարանը»: Այստեղ աշխատել է մինչեւ մահը` 1939 թ:

Միտհաթ Շիւքրիւ Պլետա

Միտհաթ Շիւքրիւ Պլետա: Տեղահանութեան ժամանակ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան գլխաւոր քարտուղար եւ կրթութեան նախարար եղած Միտհատ Շիւքրիւ պէյը Մալթայից վերադառնալուց յետոյ, մերժելով Մուսթաֆա Քեմալի` միասին աշխատելու առաջարկը, բնակուել է Զմիւռնիայում եւ զբաղուել առեւտրով: 1926 թ. Զմիւռնիայի մահափորձի դատավարութեան շրջանակներում ձերբակալուել է, արդարացուելուց յետոյ կրկին Մուսթաֆա Քեմալի առաջարկով ընտրուել է Սվազի անկախ պատգամաւոր: Մուսթաֆա Քեմալը նրան երաշխիք է տուել` ասելով, որ եթէ չկարողանայ Սվազից պատգամաւոր ընտրուել, ողջ Սվազի ընտրութիւնները չեղեալ կը յայտարարի: Մինչեւ 1950 թ. չորս շրջան եղել է պատգամաւոր:

Հալիլ Մենթեշէ

Հալիլ Մենթեշէ: Իթթիհատական իշխանութեան ժամանակ եղել է Պատգամաւորների պալատի նախագահ, ստանձնել է ներքին գործերի, արդարադատութեան եւ արտաքին գործերի նախարարների պաշտօնը: Տեղահանութեան եւ պատերազմի յանցագործութիւնների պատճառով օսմանեան իրաւասուների կողմից անգլիացիներին յանձնուած Հալիլ պէյը Մալթայից վերադառնալուց յետոյ պետական պաշտօն չի ստանձնել: Մասնակցել է 1924 թ. Առաջադիմական հանրապետական կուսակցութեան ստեղծմանը: 1926 թ.

Զմիւռնիայի մահափորձի դատավարութեան շրջանակում ձերբակալուել է, սակայն արդարացուել է: 1931 թ., որպէս ԺՀԿ-ի անկախ թեկնածու` ընտրուել է Զմիւռնիայի պատգամաւոր: Մինչեւ 1948 թ. եղել է Զմիւռնիայի պատգամաւոր:

6-16-15_ali-cenani

Ալի Ճենանին: Տեղահանութեան ժամանակ եղել է Հալէպի պատգամաւոր եւ կրում է Այնթապի հազարաւոր հայերի տեղահանութեան պատասխանատուութիւնը, Մալթայից վերադառնալուց յետոյ ընտրուել է պատգամաւոր, 1924-1926 թթ. ստանձնել է առեւտրի նախարարի պաշտօնը:

6-16-15_Ali_Çetinkaya

Ալի Չեթինքայա: Յատուկ կազմակերպութեան անդամ, Աֆիոնի պատգամաւոր Քել Ալին հանրապետական շրջանում յայտնի է որպէս Անկախութեան դատարանի նախագահ եւ հանրօգուտ աշխատանքների նախարար:

Աքա Կիւնտիւզ: Իթթիհատական կուսակցութեան անդամ Հուսէին Էնիս Աւնին հանրապետական շրջանում վերցրել է Աքա Կիւնտիւզ անունը: 1932-1946 թթ. եղել է պատգամաւոր:

Սապիթ Սաղըրօղլու. տեղահանութեան ժամանակ եղել է Խարբերդի նահանգապետ: Նրան, որպէս Տէրսիմի շրջանի հայերի կոտորածների պատասխանատու` աքսորել են Մալթա: Այնտեղից վերադառնալուց յետոյ, որպէս պարգեւ, դարձել է խորհրդարանի Երզնկայի պատգամաւոր:

Ահմեթ Մուամմար Ճանքարտեշ: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կրակոտ անդամ, տեղահանութեան ժամանակ Սվազի եւ Գոնիայի նահանգապետ եղած Ահմեթ Մուամմեր պէյին Անգարան նախ նշանակել է Սվազի մութասարրըֆ, այնուհետեւ դարձել է Սվազի պատգամաւոր:

Ալի Միւնիֆ Եղենաղա: 1913-1915 թթ. եղել է հանրօգուտ աշխատանքների նախարար, 1915-1916 թթ.` Լիբանանի նահանգապետ, 1918 թ.` «Իթթիհատ վէ թերաքքը»-ի կենտրոնական կոմիտէի անդամ: Լիբանանի հայերի եւ մարոնիթների դէմ կատարուած կոտորածների պատճառով Մալթա աքսորուած Ալի Միւնիֆ պէյը հանրապետութեան հռչակումից յետոյ եղել է Ատանայի (Սէյհան) քաղաքապետ, հետագայում` Մերսինի եւ Ատանայի պատգամաւոր:

Մուսթաֆա Ռեշատ Միմարօղլու: 1915 թ.` Պոլսի քաղաքական ոստիկանութեան պետ, 1917-1918 թթ. Չանքըրըի եւ Պոլուի մութասարըֆը եղած Մուսթաֆա Ռեշատ պէյը Մալթայից վերադառնալուց յետոյ հերթականութեամբ եղել է Թոքաթի մութասարրըֆ, Ատանայի նահանգապետ, Պետխորհրդի նախագահ, Զմիւռնիայի պատգամաւոր, ԺՀԿ-ի Պոլիս նահանգի ներկայացուցիչ:

Ալի Իհսան Սապիս: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ բանակի եւ զօրամասի հրամանատար Ալի Իհսան փաշան Վանում, Մոսուլում եւ Ուրմիայում քրիստոնեաների կոտորածը փաստացիօրէն ղեկավարելու եւ Քութուլ Ամմարէի պաշարումից եւ գրաւելուց յետոյ անգլիացի պատերազմի գերիներին սպաննելու մեղադրանքով ուղարկուել է Մալթա: Մալթայից վերադառնալուց յետոյ նշանակուել է Արեւմտեան ռազմաճակատի առաջին բանակային զօրասեան հրամանատար, սակայն ռազմաճակատի հրամանատար գնդապետ Իսմեթ պէյի հետ տարաձայնութիւններ ունենալու պատճառով նախքան մեծ յարձակումն ազատուել է պաշտօնից եւ թոշակի անցել:

Սուլէյման Նեճմի Սելամ: Տեղահանութեան ժամանակ եղել է Սամսոնի մութասարրըֆ, եւ Սամսոնում որոշ հայերի սպանութեան անմիջական պատասխանատուութիւնը կրելու մեղադրանքով ուղարկուել է Մալթա, 1923 թ. նշանակուել է Քասթամոնուի նահանգապետ, որից յետոյ խորհրդարանում եղել է Սամսոնի պատգամաւոր:

Զիւլֆլիւ Թիկրել: Օսմանեան կայսրութեան ժամանակ եղել է Տիգրանակերտի պատգամաւոր, Տիգրանակերտի հայերի զանգուածային կոտորածների ժամանակ դերակատարում ունեցած Զիւլֆլիւ պէյը նաեւ նոր շրջանի Տիգրանակերտի պատգամաւորն էր: Նա պատուիրակութեան կազմում որպէս «քիւրտ ներկայացուցիչ» մեկնել է Լոզան:

Արիֆ Ֆեւզի Փիրինչիօղլու: Օսմանեան ժամանակաշրջանում Տիգրանակերտի պատգամաւոր Արիֆ Ֆեւզի պէյը նոր շրջանում եղել է Տիգրանակերտի պատգամաւոր եւ հանրօգուտ աշխատանքների նախարար:

Քարա Վասըֆ: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կարեւոր դէմքերից մէկը` Քարա  Վասըֆ պէյը, Ազգային ազատագրական պայքարին (Ազգայնական շարժմանը, «Ակունք»-ի խմբ.) մասնակցել է որպէս Սվազի պատգամաւոր, սակայն Մուսթաֆա Քեմալի հետ տարաձայնութիւններ է ունեցել եւ 1926 թ.  Զմիւռնիայի մահափորձի (Իզմիրի դատաքննութիւնն իրականացուել է Մուսթաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) դէմ մահափորձի մեղադրանքով, «Ակունք»-ի խմբ.) դատավարութեան պատճառով մահապատժի է ենթարկուել:

Իսմայիլ Ճանփոլատ: Իթթիհատականների Անվտանգութեան գլխաւոր տնօրէն, Պոլսի քաղաքապետ եւ ներքին գործերի նախարար Իսմայիլ պէյը Մալթայից վերադառնալուց յետոյ որպէս Պոլսի պատգամաւոր մասնակցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին: Սակայն նա իր ընկերների նման երջանիկ չէր. 1926 թ. Զմիւռնիայի մահափորձի դատավարութեան շրջանակում մահապատժի է ենթարկուել:

Ֆազըլ Պերքի Թումթուրք: Դոկտոր Ֆազիլ պէյը, ով Չանքըրըի (Քասթամոնու) պատգամաւոր եղած ժամանակ որպէս Սվազի նահանգապետ Մուամմեր պէյի օգնական` Սվազի հայերի կոտորածների ժամանակ կարեւոր դեր խաղալու հիմնաւորմամբ ուղարկուել է Մալթա, հանրապետական շրջանում անդամակցել է Կարմիր մահիկի ղեկավար խորհրդին:

Մուսա Հիլմի Տեմոքան: Քըրշեհիրի մութասարրըֆ Մուսա Հիլմի պէյը, ով տեղահանութիւնների ընթացքում Քըրշեհիրի հայերի նկատմամբ իրականացրած յանցագործութիւնների պատճառով աքսորուել է Մալթա, դեռեւս այնտեղ գտնուելու ժամանակ ընտրուել է Քըրշեհիրի պատգամաւոր:

Իլիաս Սամի պէյ: Օսմանեան ժամանակաշրջանում Մուշի պատգամաւոր Հաճի Իլիաս Սամի պէյը Մալթայից վերադառնալուց յետոյ եղել է նախ` Մուշի, այնուհետեւ` Պիթլիսի պատգամաւոր:

Վելի Նեճտեթ Սիւնքըթայ: Տիգրանակերտի հայերի կոտորածների պատասխանատուութիւնը կրող Վելի Նեճտեթ պէյը, ում ուղարկել են Մալթա, այն եզակի անձանցից է, ով Մալթայից վերադառնալուց յետոյ պետական պաշտօն չի ստանձնել, այլ զբաղուել է առեւտրով: 1937 թ. զբաղեցրել է Անգարայի Առեւտրի պալատի նախագահի պաշտօնը:

Մեհմեթ Էճզաճըպաշի: Երզնկայի յայտնի ընտանիքներից մէկի անդամ, «Իթթիհատ»-ի անդամ հազարապետ Էճզաճը Մեհմեթ պէյը, որպէս Երզնկայի եւ Քեմախի տեղահանութիւնների եւ կոտորածների պատասխանատու, աքսորուել է: Հանրապետական ժամանակաշրջանում Մեհմեթ պէյը դարձել է յայտնի Էճզաճըպաշը դեղագործական ձեռնարկութեան հիմնադիր:

Կալաթացի Շեւքեթ: Մալթայից վերադառնալուց յետոյ առեւտրով զբաղուած Կալաթացի Շեւքեթ պէյը «Իթթիհատ»-ի Պոլսի կենտրոնական հրամանատարն էր:

Քարա Քեմալ: «Իթթիհատ»ի կենտրոնական կոմիտէի անդամ, պարէնի մատակարարման նախարար Քարա Քեմալ պէյը Մալթայի աքսորից յետոյ փորձեց վերակենդանացնել «Իթթիհատ»-ը: 1926 թ. Զմիւռնիայի մահափորձի դատավարութեան շրջանակում հեռակայ դատապարտուել է մահապատժի: Հասկանալով, որ բռնուելու է, ինքնասպանութիւն է գործել:

***

Քրիստոնեաների Գերեզմանոցի Վրայ Կառուցուած Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը

100 տարի առաջ այս հողերում հազարաւոր տարիներ շարունակ բնակուածներն իրենց կրօնի եւ ազգային ինքնութեան պատճառով սպաննուել, ցեղասպանուել եւ աքսորուել են… Քրիստոնեայ, հրեայ, հայ, յոյն, ասորի եւ քաղդէացի էին…

Նրանց սպանութիւններով ստեղծուած հանրապետութիւնը վերջ ի վերջոյ կագնեց նաեւ քրտերի եւ ալեւիների դէմ` փորձելով ոչնչացնել նաեւ նրանց ինքնութիւնն ու ձուլել նրանց: Այդ օրուանից մինչ օրս շարունակուեց արիւնահեղութիւնը: Գրեթէ կատարուող իւրաքանչիւր մի նոր բան այդ սպաննուածներից իւրացրածն է: Անգամ հասել են նրան, որ սպաննուածների ունեցուածքը իւրացնելուց բացի, նրանց ոսկորները վաճառելով` շահոյթ են ստացել: Այս հողերում մարդու կողմից ստեղծուած ինչ որ կայ, կա՛մ ոչնչացրել են, կա՛մ էլ` գողացել եւ իւրացրել: Նրանց երգերը, պատմուածքները, առասպելներն ու ժողովրդական խաղիկները գողացել եւ ասել են` մերն է:

Եւ ամէն մի գողացած բանի գինը հազարաւոր մարդկանց արիւնն ու կեանքն էր…

Նրանց պատկանող մաքուր, արդար քրտինքով գրեթէ ոչինչ չկար…

Քրիստոնէական Գերեզմանոցի Վրայ Մուսուլմանական Աղօթք

Հանրապետութիւնը ներկայացնող առաջին Ազգային մեծ ժողովը եւս ստեղծուել է նման գողութեան եւ աւազակութեան հիմքի վրայ:

1920 թ. ապրիլի 22-ի կոչով առաջին նիստը տեղի է ունենում 1920 թ. ապրիլի 23-ին: Այդ օրը Հաճի Պայրամ մզկիթում նամազից յետոյ բոլորը միասին գալիս են խորհրդարանի շէնք: Ժամը 14:00-ին արարողակարգով եւ աղօթքներով բացւում է խորհրդարանը… Աղօթքով, այն էլ մուսուլմանական աղօթքով քրիստոնէական գերեզմանոցի վրայ…

Մի՛ ասէք, թէ քրիստոնէական գերեզմանը որտեղից դուրս եկաւ… Ազգային մեծ ժողովի առաջին շէնքը կառուցուել է Անգարայում քրիստոնէական գերեզմանոցի վրայ: Ցաւօք, սուրբ արժէքների նկատմամբ անյարգալից վերաբերմունքն այսքանով չի սահմանափակւում:

Եթէ ուզում էք, այս ամէնը հասկանալու համար գնանք ամենասկիզբը` 1915:

Նախաձեռնութիւնն Իթթիհատականներինն Էր, Բախտը` Քեմալականներինը

Այդ տարի Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնն ուզում էր Անգարայում ակումբի շէնք կառուցել… Որպէս հողակտոր աչքերը զարնում է մի քրիստոնէական գերեզմանոց… Առանց ոեւէ մէկի ուշադրութիւն դարձնելու, առարկութիւնները լսելու` սկսում են շինարարական աշխատանքները…

Ահա հետագայում Ազգային մեծ ժողովի շէնքի վերածուած այդ շէնքը Միութիւն եւ առաջադիմութեան ակումբի շէնքն էր, որը առաջին բաժանման պատերազմի ժամանակ օսմանցիների պարտութեան եւ իթթիհատականների դատավարութեան պատճառով չկարողացան աւարտել: Կիսատ մնացած շէնքի շինարարութիւնն աւարտուելու էր Մուսթաֆա Քեմալի հրամանով եւ դառնալու`  Ազգային մեծ ժողովի առաջին շէնքը… Շինարարութեան համար անհրաժեշտ գումարն էլ հաւաքել էին Յատուկ կազմակերպութեանը կից կազմակերպութիւնների միջոցով…

Կարմիր մահիկի, Ծովային միութեան, Ազգային պաշտպանութեան միջոցով գլխաւորապէս Անգարացի առեւտրականներից եւ արհեստաւորներից հաւաքուած գումարը շինարարութեան համար տուեցին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեանը…

Անգարացի առեւտրականներն ու արհեստաւորներն ընդհանուր առմամբ քրիստոնեաներից էին կազմուած… Գումար տուողներից էին` Անտոն Հերելոս էֆենտին, Կոստանդինօղլու Կոստանդին էֆենտին, Պաղտասարօղլու Յակոբ էֆենտին, Ֆեսլիօղլու Ճորճի էֆենտին, ովքեր զբաղւում էին Անգարայի բրդի եւ հացահատիկի առեւտրով: Այդ տարիներին Անգարայում ներմուծմամբ-արտահանմամբ զբաղուող հարուստ մուսուլմաններ դեռեւս չկային:

Դժուար չէ գուշակել, թէ այս նուիրատուութիւններն ինչպէս են հաւաքել: Սակայն խնդիրն այն չէ, որ այս շէնքի շինարարութեան նիւթերի հիմքում օգտագործել են հայ, յոյն, եւ հրեայ առեւտրականների գումարները…

Քրիստոնէական Եւ Հրէական Գերեզմաններից Հանուել Են Քարերը

Հիմնական խնդիրն այն է, որ այս գերեզմանը կառուցուել է քրիստոնէական գերեզմանոցի վրայ, եւ շինութեան որոշ հատուածներում օգտագործուել է քրիստոնէական եւ հրէական գերեզմանոցից գողացած տապանաքարեր:

2014 թ. ապրիլի 1-ին «Թոփլումսալ թարիհ» ամսագրում լոյս տեսած «Ազգային մեծ ժողովի հիմքերը» խորագրով յօդուածում ասւում է, որ, ըստ էութեան, Անգարայում ոչ մուսուլմանների եւ ոչ մի գերեզմանոց ապահով չէ, այնուհետեւ շարունակում է. «Ըստ 1919 թ. փետրուարի, մարտի փաստաթղթերի, Անգարայում պատերազմի ժամանակ ոչ մուսուլմանների տապանաքարերը գողացել եւ օգտագործել են Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան ակումբի շէնքի շինարարութեան ժամանակ: ԺԹ. դարում Անգարայի փոխհիւպատոս Կեւին Կատերոլի կնոջ` Էնի Կատերոլի շիրմաքարը հանել եւ շինարարութեան մէջ օգտագործելու համար բերել են ակումբի մօտ: Ապացուցուել է, որ սրա նման եւս 4 տապանաքար են հանել հայկական եւ յունական գերեզմանոցից»:

Կրկին նոյն յօդուածում օգտագործուած օսմանեան արխիւային մէկ այլ փաստաթուղթ վկայում է. «Ազգային ժողովի … շէնքի հիմքերը գցուել են 1916 թ. Անգարա եկած… Էնվեր փաշայի հրամանով` որպէս «Իթթիհատ վէ Թերաքքը» Անգարայի կենտրոն… Մի օր Անգարայում գտնուող տեղացի քրիստոնեաները` ձեռքներին բահեր ու բրիչներ, հաւաքւում են շէնքի առջեւ, քանզի այս շէնքը կառուցելիս անգլիացի հիւպատոսի գերեզմանաքար է հիմքում օգտագործուել: Այժմ այս շէնքը քանդելու եւ տապանաքարը հանելու էին: Անմիջապէս թուրքերն էլ համապատասխան միջոցներ են ձեռնարկում: Այդ ժամանակ Պոլսից Եաղըշ անունով մի քահանայ էր եկել, ով սրանց խրատելով` կանխում է դէպքը: Ծնունդով անգարացի Գասպարեանը գրում է, որ առաքելական, կաթողիկէ եւ բողոքական համայնքներին պատկանող գերեզմանոցներից հանել են տապանաքարերն ու հայերէն մակագրութիւնները»:

Կրկին 1916 թ. ֆինանսների նախարարութիւնից ներքին գործերի նախարարութեանն ուղղուած գրութիւնում ասւում է. «Ըստ էութեան, հողակտորն անգամ քաղաքապետարանին չի պատկանում, խօսքը գնում է լքեալ գերեզմանոցի մասին»: Վալին ներքին գործերի նախարարութեանն ուղղած գրութեան մէջ ժխտելու էր այս պնդումը:

Օսմանեան արխիւներից մէկ այլ փաստաթուղթ էլ վկայում է, որ Անգարայի հրէական գերեզմանոցի տապանաքարերն են հանել եւ օգտագործել շինարարութեան ժամանակ` 1919 թ. ապրիլի 1-ին կատարուած բողոքի համաձայն, ապացուցուել է` սեւ քարերի մի մասը շարժապատկերի շէնքի շինարարութեան ժամանակ հաւաքել եւ օգտագործել է 5-րդ բանակային զօրասեան հրամանատար Ալի Օսման պէյը, մի մասն էլ օգտագործել է Իթթիհատական կուսակցութեան քարտուղար Մեսուլու Նեճաթի պէյը Իթթիհատական կուսակցութեան ակումբի շինարարութեան ժամանակ: Այսինքն առաջին Ազգային մեծ ժողովի շէնքը կառուցուել է քրիստոնէական գերեզմանոցի վրայ, այն էլ` քրիստոնեաների տապանաքարերով, այն էլ` քրիստոնեաների կատարած նուիրատուութիւններով:

Պատկերացրէք հազարաւոր տարիներ այս հողերում` Անգարայում, ապրած քրիստոնեաները Ազգային մեծ ժողովի բացումով հանրապետական ողջ պատմութեան ընթացքում ֆիզիքապէս այնտեղ ներկայացուած չեն:

Ցաւօք, նրանց ոսկորների վրայ, նրանց տապանաքարերով եւ գումարով կառուցուած շէնքում` Ազգային մեծ ժողովում, հայերի, յոյների եւ հրեաների բնաջնջման վերաբերեալ տասնեակ որոշումներ են ստորագրուել, նրանք չեն ներկայացուել…

(Թեմայի վերաբերեալ մանրամասն տեղեկութիւնների համար կարող էք կարդալ «Թոփլումսալ Թարիհ» ամսագրի 2014 թ. ապրիլ ամսուայ համարում լոյս տեսած Զելիհա Թող Էսինէի «Նուիրատուութիւն, Ազգային մեծ ժողովի հիմքերը» յօդուածը):

ԹԱՄԻՐ ՉԻԼԻՆԿԻՐ

«Օրթաքհապեր»

Թարգմ` Անահիտ Քարտաշեան
«Ակունք»

ԱԶԴԱԿ, 16 Յունիս, 2015, http://www.aztagdaily.com/archives/244866