ԱՆԻ կենտրոնը, հիմնադրման 10-րդ տարում, ընդլայնում է գործունեությունը և Երևանից տեղափոխվում Տավուշի մարզ

12167

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը իր գործունեության 10-րդ տարում՝ 2024 թվականի նոյեմբերին, կտեղափոխվի Երևանից և իր կենտրոնը կհաստատի Նոյեմբերյանում, Տավուշի մարզ:

«Մեր գրասենյակը Երևանից տեղափոխելով Նոյեմբերյան, շարունակելու և ընդլայնելու ենք ԱՆԻ կենտրոնի գործունեությունը»,- ասել է կենտրոնի հիմնադիր և համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Մասնավորապես, 2023 թվականից ԱՆԻ կենտրոնը սկսելու է պատմական և հետաքննական հարցազրույցների շարք, որոնք կվերաբերեն Հայաստանի/Արցախի և Սփյուռքի քաղաքական պատմությանը, հայագիտությանը, դիվանագիտությանը, սպորտին և այլ ոլորտների:

ԱՆԻ-հարցազրույցների շարքը ներառելու է Հայաստանի/Արցախի և Սփյուռքի այն անհատներին ու կառույցներին նաև, որոնք չեն ներկայացնում ավանդական սփյուռքը, մաս չեն կազմում կուսակցական, կրոնական-հարանվանական, միութենական և բարեսիրական կազմակերպությունների: Այդ հարցազրույցներով, որոնք տեղի կունենան Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ԱՆԻ կենտրոնը նպատակ է ունենալու լսելի դարձնել այն ձայները, որոնք տարբեր պատճառներով չեն լսվում հայկական աշխարհում:

«Մենք կազմակերպելու ենք փակ և բաց քննարկումներ ու ներկայացուցչական խորհրդաժողովներ, որոնք վերաբերելու են Հայաստանի ներքաղաքական կյանքին, տարածաշրջանին և երկկողմ ու բազմակողմ դիվանագիտությանը»,- ասել է Հակոբյանը:

ԱՆԻ կենտրոնը Երևանից Նոյեմբերյան կտեղափոխվի 2024 թվականի նոյեմբերի 11-ին՝ իր հիմնադրման 10-ամյակի օրը:

Տեղափոխվելով Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունի, ԱՆԻ կենտրոնը զբաղվելու է Կովկասի, առաջին հերթին՝ հայ-վրացական առնչություններով և կովկասյան ժողովուրդների քաղաքական պատմության ու աշխարհագրության հարցերով:

«Մեր կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը՝ գրահրատարակությունը, շարունակելու է մնալ առաջնային: Նույն կերպ՝ առաջնային են մնալու դասախոսությունները և քննարկում-զրույցները սփյուռքի տարբեր կետերում»,- ասել է Հակոբյանը:

ԱՆԻ կենտրոնի նոր հասցեի և գրասենյակի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

8 փետրվարի, 2023թ