Ադրբեջանի զորքերը՝ Հայաստանի կարևոր բարձունքներում. JAMnews

4723

Լուսանկարում կապույտ գիծը Լաչինի հին միջանցքն է, մանուշակագույն գիծը՝ Լաչինի նոր ճանապարհը, կարմիր գիծը Հայաստանի հետ սահմանի այն հատվածն է, որտեղ տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ բանակը վերահսկողության տակ է վերցրել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին գտնվող տարածքներ։

Ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ ադրբեջանական բանակը տեղակայվել է այն բարձունքներում, որտեղից հեշտ է վերահսկել տրանսպորտային միջոցների տեղաշարժը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր ճանապարհով։

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ պետք է կապեր նոր ճանապարհ, որի երթուղին պետք է տարբերվեր Լաչինի հին միջանցքից։ Լաչինի նախկին միջանցքն անցնում էր Լաչին քաղաքով և Լաչինի շրջանի բնակավայրերով, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում վերադարձել էին Ադրբեջանի վերահսկողության տակ։

2022 թվականի օգոստոսի 1-ին Ադրբեջանը հայտարարեց Լաչինի նոր ճանապարհի շահագործման և Լաչին քաղաքից, ինչպես նաև Զաբուխ (Աղավնո – ծանոթ. ԱՆԻ-ի) և Սուս գյուղերից հայ բնակչության վտարման անհրաժեշտության մասին։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ հայկական կողմը երկկողմ շփումների ընթացքում խնդրել էր նոր ճանապարհի շահագործման ժամկետը հետաձգել մինչև օգոստոսի 25-ը։ Հենց այդ օրն էլ գործարկվեց նոր ճանապարհը։

Չնայած նրան, որ Լաչինի նոր ճանապարհը պատրաստ էր, Հայաստանի կողմից մինչև Ադրբեջանի սահման տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար նոր ճանապարհ չէր կառուցվել։ Երևանը հայտարարում է, որ նոր ճանապարհը պատրաստ կլինի 2023 թվականի ապրիլի 1-ին։

Մարտի 30-ին Ադրբեջանն ամբողջությամբ փակել է մուտքը Հայաստանից դեպի Լաչինի հին միջանցք, մեկնարկել է սահմանային անցակետերի տեղակայումը։

«Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են տեղի ունեցածը ներկայացնել՝ որպես հերթական բլոկբաստեր։ Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանը։

Ավելի վաղ Ստեփանակերտից հայտնել էին, որ գիշերը Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Սա իր հերթին նոր դժվարություններ է առաջացրել արդեն իսկ շրջափակված Արցախ հումանիտար բեռ հասցնող ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի կոմիտեի համար, որոնք ստիպված են լինելու երթևեկել գրունտային ճանապարհով։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, այլև «հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։ Խոսքը 2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման մասին է։ Այսպիսով նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը։

«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»

«Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը [ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով], այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով: 20/54 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն եւ մի քանի այլ գյուղի հետ կապող գրունտային ճանապարհը», կառավարության նիստին նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր գործողությունները բացատրում է իբր Հայաստանից ԼՂ ռազմական բեռների և անձնակազմի տեղափոխումներով, որը «իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, պրոպագանդիստական սուտ, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»:

Փաշինյանը շեշտում է՝ «հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»։ Նախկին՝ ժամանակավոր ճանապարհն անցնում էր նաև Ադրբեջանի տարածքով, նորը՝ Կոռնիձորից հետո կանցնի միայն Հայաստանի տարածքով։ Տարբերությունն այն է, որ ՊՆ ստորաբաժանումների փոխարեն այդ հատվածում կտեղակայվեն սահմանապահ զորքերը։

Ասում է՝ ադրբեջանական կողմին ևս առաջարկել են դիտարկել սահմանապահների տեղակայման հնարավորությունը։ Հույս ունի, որ այդ գործընթացը «տեղի կունենա առանց սադրանքների»։

«Ժամանակավոր երթուղին պետք է գործեր մինչև ապրիլի 1-ը»

Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ ձեռք էր բերվել նման պայմանավորվածություն։ Հիշեցնում է՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվել էր դեռևս 2022 թ․ օգոստոսին, պարզապես Լաչինի միջանցքը Հայաստանին կապող նոր ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի։ Այն, ըստ նրա, Հայաստանի տարածք էր մուտք գործում Կոռնիձորի կամրջով, այնուհետև անցնում Ադրբեջանի տարածքով, հետո՝ կրկին Հայաստանի։

«Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով, և որ Հայաստանի սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը»,- նշել է նա։

ՀՀ ԱԱԾ հայտարարությունը

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամուրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում, հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝:

Ոչ Երևանը, ոչ Բաքուն դեռ չեն հստակեցնում, թե որտեղ և կոնկրետ ինչ են պայմանավորվել։ Տեղակայման ընթացքում, սակայն, ըստ հայկական ԱԱԾ-ի, ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

«Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացրել ինժեներական աշխատանքներ», – ասված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն հավելում է, որ հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

«Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»,- նշում է ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ԱԱԾ-ն հիշատակել է 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ 2023թ. ապրիլի 1-ից Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Նախորդ օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից, հաղորդում է ԱԱԾ-ն՝ կրկին հղում անելով օգոստոսյան պայմանավորվածություններին։

Այժմ, ըստ ԱԱԾ-ի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: