Թանահատ (Ջոմարթլու). այս գյուղը ծնել է աշխարհի ամենահայտնի ադրբեջանցուն` Հեյդար Ալիեւին

6379

Կյանքը Հայաստանի լեռներում

Թաթուլ Հակոբյան, Սիսիանի շրջան

Անցյալ դարի 70-80-ական թթ. Հայաստանի Սիսիանի շրջանի Ջոմարթլու ադրբեջանաբնակ գյուղից, որն ուներ 60-70 տուն, ամեն օր 42 տեղանոց  ՙԻկարուս՚ ավտոբուս էր աշխատում մինչեւ Բաքու: Ջոմարթլուից մինչեւ Բաքու ավելի քան 500 կիլոմետր էր, ավտոբուսը անցնում էր Սիսիան քաղաքով եւ շրջանով, որը ժամանակին ուներ բավականին հոծ ադրբեջանական ազգաբնակչություն: Քանի որ աշխարհում ամենահայտնի ադրբեջանցին, այսօր հանգուցյալ Հեյդար Ալիեւը արմատներով Ջոմարթլուից էր, հենց նրա միջամտությամբ էլ աշխատում էր ավտոբուսը հարազատ գյուղից մինեւ Բաքու:

Կան պնդումներ, թե Ադրբեջանի նախկին նախագահը 1921 թ. հենց Ջոմարթլույում է ծնվել, սակայն նրա պաշտոնական կենսագրությունում գրված է, որ ծնվել է 1923 թ. Նախիջեւանում, երբ Ալիեւների ընտանիքը նոր էր Հայաստանից տեղափոխվել ինքնավար հանրապետություն: Հեյդարն ընտանիքի ութ երեխաներից երրորդն էր: Ալիեւի կրտսեր եղբայրը` Ջալալը, 2000թ. մի հարցազրույցում ասել է, որ Ալիեւները Ջոմարթլու գյուղից էին, բայց Հեյդարը ծնվել է ընտանիքը Նախիջեւան տեղափոխվելուց հետո: Տարբեր առիթներով մամուլում գրվել է, թե հետագայում Ալիեւի ծննդյան թվականը կեղծվել է, փաստաթղթերում նա երկու տարով փոքրացվել է, որպեսզի խուսափի Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց:

Սիսիանի քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ում հետ միասին կես օր անցկացրինք Ջոմարթլույում, շատ լավ ճանաչել է Հեյդար Ալիեւի եղբորը` Հասանին, ով մինչեւ ղարաբաղյան շարժումը սկսելը գալիս էր Որոտան գյուղի գյուղապետի տունը: ՙՈրոտանի գյուղապետ Համզաթ Հաիրովը Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր էր, ես նրա հետ ընկերություն էի անում, իսկ Հասանն էլ հաճախ էր գալիս Որոտան: Ալիեւների մայրը որոտանցի էր, հայրը` Ջոմարթլուից: Թե Ալիեւը որտեղ է ծնվել, չգիտեմ: Ասում են` Հեյդարը Ալիեւների Նախիջեւան տեղափոխվելուց հետո է ծնվել: Երբ Ալիեւը դարձավ Ադրբեջանի կենտկոմի առաջնորդ, ավտոբուսի գիծ բացեց` Ջոմարթլու-Բաքու՚, ասաց Սարգսյանը:

Նախիջեւանի սահմանից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող եւ լեռնային Ջոմարթլուն, որը վերանվանվել է Թանահատ մոտակայքում հայկական միջնադարյան վանքի անունով, միայն մի քանի ընտանիք ունի, որոնք եւս պատրաստվում են հեռանալ, եթե գյուղը շարունակի մնալ անտեսված իշխանությունների կողմից: Թանահատից մինչեւ Սիսիան քաղաք ընդամնեը 10-11 մղոն է, սակայն ավտոբուս կամ փոքր միկրոավտոբուս չի աշխատում:

1988 թ., երբ ադրբեջանցիները հեռացան, նրանց տների մի մասում հաստատվեցին հայ փախստականներ Ադրբեջանից: Բայց քանի որ պայմանները լեռնային են, քաղաքաբնակ ադրբեջանահայերը չկարողացան մի քանի ձմեռից ավել մնալ ու հեռացան: Թանահատը անասանապահության համար լավ պայմաններ ունի, Սիսիան քաղաքից եւ շրջանի գյուղերից որոշ ընտանիքներ տեղափոխվեցին այստեղ:

Գյուղապետ Կոմետ Ներսիսյանը ասում է, որ Թանահատը ապագա չունի, իսկ մի քանի տարի հետո այլեւս դժվար թե մարդ բնակվի:

ՙԼավագույն դեպքում այսօր տասը ընտանիք է մնացել գյուղում: Հիմնականում անասուն պահողներ են: Ադրբեջանցիների հեռանալուց հետո մոտ 35-40 ընտանիք էր այստեղ բնակվում: Հետո սկսեցին թողնել-հեռանալ, քանի որ գյուղում դպրոց չկա: Հենց որ ընտանիքի երեխաները դպրոցահասակ էին դառնում, հեռանում էին Սիսիան կամ գյուղեր: Գյուղը հիմնական ճանապարհից հեռու է, ձմռան ամիսներին մի քանի ամիս ճանապարհը փակվում է: Սիսիանի հետ կապը շատ վատ է՚, ասում է նա:

Չնայած անասնապահության համար հրաշալի պայմաններին` Միքայել Առաքելյանը, ով այստեղ է եկել Սիսիանից, եւս որոշել է հեռանալ: ՙՃիշտ է, շատ լավ պայմաններ են միայն անասունների համար, իսկ մարդկանց համար ոչինչ չկա, ոչինչ, անգամ դպրոց՚, ասում է Առաքելյանը:

Գյուղացիները բողոքում են, որ իշխանությունները բացարձակապես անուշադրության են մատնել գյուղը եւ միայն ընտրությունների ժամանակ են հետաքրքրվում, չնայած ընդամենը մի քանի տասնյակ քվեարկողներ կան: Մարդիկ քաղաք հասնելու համար ստիպված են լինում ոտքով անցնել 5 մղոն, հասնել մոտակա Թասիկ գյուղ, որտեղից Սիսիան ավտոբուս աշխատում է:

Եղիշ Նազարյանը եւս Թանահատ է տեղափոխվել Սիսիանից:  ՙԵրեք երեխա ունեմ, բայց քանի որ դպրոց չկա, երեխաները այստեղ միայն ամառն են մնում: Մյուս ամիսներին գնում են Սիսիան, ամառը գալիս են: Դպրոց որ լինի, շատ մարդ կլինի, իսկ երբ շատ մարդ լինի, գործ էլ կլինի: Անասնապահության համար լավ են պայմանները, կարելի է հազարներով կով, ոչխար պահել, ինչպես ժամանակին ադրբեջանցիներն էին զբաղվում՚, ասում է նա:

Հայաստանում քիչ չեն գյուղերը, որոնք իրավամբ ապագա չունեն: Բայց երբ դատարկվում է մի գյուղ, որը սահմանամերձ չէ եւ չունի ռազմավարական նշանակություն, դա դեռ ոչինչ: Հայաստանում ավելի շատ դատարկվում են Ադրբեջանին սահմանամերձ գյուղերը: Այսպիսով, հայ սահմանապահների համար ավելի դժվար է դառնում ամուր պահելու երկրի սահմանները, քանի որ սահմանները ամուր են նախ եւ առաջ շեն գյուղերով եւ աշխատավոր բնակիչներով:

71-ամյա Գվիդոն Քարամյանը Թանահատ է տեղափոխվել1990-ին Բռնակոթ գյուղից: Նա բողոքում է, որ գյուղում գյուղտեխնիկա չկա, իսկ  ձմեռը ճանապարհը փակվում է եւ ամիսներով Թանահատը կտրվում է աշխարհից:

ՙԵթե ցանկանում են գյուղը վերականգնել, ապա պետք է տերություն անել: Սահմանամերձ գյուղերը անտերության են մատնվել, միայն ընտրությունից ընտրություն են գալիս, անգամ 10 ձայնի համար: Մի քանի անգամ դիմել ենք մարզպետին, խնդրել ենք, գոնե տնակներ տան մարդկանց, մի քանի ընտանիք է մնացել, տները մարդկանց գլխին քանդվելու է: Ժամանակին, երբ ադրբեջանցիներ էին այստեղ բնակվում, Ալիեւը հովանավորել է այս գյուղին, ադրբեջանցիները շատ լավ են ապրել, հիմա ոչ ոք տերություն չի անում՚, ասում է Քարամյանը:

Թանահատը շատ է մեկուսացված: Երբ պատահական որեւէ օտար մարդ է գալիս գյուղ, գրեթե բոլորը, այդ թվում` երեխաները, անմիջապես հավաքվում են: Այս գյուղում դրսից որեւէ մարդու ժամանումը դառնում է իրադարձություն: Երբ ես փորձեցի լուսանկարչական ապարատով նրանց նկարել, երեխաները փախան: Միայն մի երեխա` հինգամյա Պարգեւը, զարմացած նայում եւ ժպտում էր:

Լուսանկարում՝ Ալիևների գերդաստանը

Հ. Գ. Այս ռեպորտաժը առաջին անգամ հրապարակվել է 2008-ի ամռանը The Armenian Reporter շաբաթաթերթում: