Հարիւրամեակի Նախօրէին. Պապի Պատարագը, Եւրախորհրդարանի Բանաձեւը, Քիմի Այցը

2037

Մի քանի օր յետոյ համայն հայութիւնը եւ համաշխարհային հանրութիւնը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը լինելու է 100-ամեակի գագաթնակէտը: Այս տարուայ ընթացքում արդէն տեղի են ունեցել բազմաթիւ իրադարձութիւններ, որոնցից երեքը կարեւորագոյն նշանակութիւն ունեցան հայոց Մեծ եղեռնի եւ հայրենազրկման մասին համաշխարհային հանրութեանը կրկին յիշեցնելու, իսկ չիմացողներին` տեղեկացնելու հարցում: Երեք իրադարձութիւններն էլ Թուրքիայում ընդունուեցին յոխորտանքով ու սպառնալիքներով:

Այդ երեք իրադարձութիւններն էին` առաջին. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանչիսկոս պապի կողմից մատուցուած պատարագը, երկրորդ` Եւրախորհրդարանի ապրիլի 15-ի ընդունած բանաձեւը, երրորդ` աշխարհահռչակ Քիմ Քարտաշեանի, նրա քրոջ եւ ամուսնու այցը Ծիծեռնակաբերդի բարձունք:

Հռոմի պապի կողմից մատուցուած պատարագը` նուիրուած Հայոց ցեղասպանութեանը, կարող է դառնալ 100-ամեակի ամենակարեւոր իրադարձութիւնը արդէն կայացած եւ կայանալիք ձեռնարկների շարքում: Հռոմի Ֆրանչիսկոս պապը մեծ սէր ու ժողովրդայնութիւն է վայելում աշխարհի շուրջ մէկ միլիառ կաթոլիկների շրջանում: Այդ պատճառով, պատարագը, որը կարելի է համարել պատմական, Հայոց ցեղասպանութեան ժողովրդայնացման հարցում ունէր բացառիկ նշանակութիւն: Սրան աւելանում է այն իրողութիւնը, որ պատարագին մասնակցում էին Ամենայն Հայոց Գարեգին Բ. եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսները, Հայ Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Ներսէս-Պետրոս 19-րդ պատրիարքը, Հայաստանի բարձրաստիճան պետական այրեր, բազմաթիւ հայեր սփիւռքից: Բացի այդ, Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում` յիշատակելու Հայոց ցեղասպանութիւնը:

2001թ. սեպտեմբերին հանգուցեալ Յովհաննէս Պօղոս Բ. պապը յաղթահարել էր Ծիծեռնակաբերդի բարձունքը եւ յարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Փարքինսընի հիւանդութեամբ տառապող 81-ամեայ պապը դողացող ձեռքերով կարմիր վարդ էր դրել անմար կրակի մօտ եւ աղօթք յղել առ Աստուած` անմեղ զոհերի հոգիների հանգստութեան համար: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում պապի անունից տնկուել էր եղեւնի, որի ցուցատախտակին գրուած է. «Յիշի՛ր, Տէ՛ր, այս ազգի որդիների տառապանքը եւ օրհնի՛ր Հայաստանը”:

Կարեւոր նշանակութիւն ունի ապրիլին 15-ին Եւրոպական Խորհրդարանի` Հայոց ցեղասպանութեան մասին ընդունած բանաձեւը, որում յիշատակւում է նաեւ Հռոմի Ֆրանչիսկոս պապի ապրիլի 12-ի յայտարարութիւնը: Եւրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել էր դեռ 1987-ի յունիսի 18-ին, երբ Հայաստանը անկախ չէր եւ մաս էր կազմում Խորհրդային Միութեան: Որեւէ կերպ չթերագնահատելով 1987-ի բանաձեւը, աւելի՛ն, դա համարելով Հայ դատի անձնուրաց աշխատանք, պէտք է այնուամենայնիւ ընդգծել, որ նոր բանաձեւը շահեկանօրէն տարբերւում է 1987-ի բանաձեւից: Մասնաւորապէս, նախորդ բանաձեւում խստօրէն դատապարտւում էր «ամէն տեսակի բռնութիւնն ու ահաբեկչութիւնը» թուրք դիւանագէտների նկատմամբ, որ իրականացնում էին հայկական «մեկուսացուած խմբաւորումները»: Թէեւ անուններ չէին նշւում, սակայն հասկանալի էր, որ խօսքը առաջին հերթին Ասալա-ի եւ հաւանաբար Հայոց ցեղասպանութեան արդարութեան մարտիկների մասին էր: Այս երկու խմբաւորումները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 1975-ից վրիժառուական գործողութիւններ էին իրականացրել թուրք դիւանագէտների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմաբ` ի բողոք այն իրողութեան, որ համաշխարհային հանրութիւնը մոռացութեան է մատնում Հայոց ցեղասպանութիւնը:

Ապրիլի 15-ին Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանութեան մասին նախկինում ընդունուած նմանօրինակ բանաձեւերի շարքում ամէնից կուռն ու հիմնաւորներից մէկն է: Գուցէ շատ հայերի համար այդ բանաձեւի մի քանի կէտեր անընդունելի լինեն, մասնաւորապէս` ցիւրիխեան արձանագրութիւնները կեանքի կոչելու յորդորը, սակայն, միւս կողմից, պէտք է հասկանալ, որ միջազգային բանաձեւերը չեն կարող ամբողջովին բաւարարել մի կողմի շահերը եւ արհամարհել միւս կողմին: Բացի այդ, Հայաստանը մինչեւ այսօր յայտարարում է, որ պատրաստ է վաւերացնել հայ-թուրքական արձանագրութիւնները, եթէ Թուրքիան առաջինը վաւերացնի դրանք: Այնպէս որ, Հայաստանի այսօրուայ ղեկավարութեան համար այդ կէտը եւս լիովին ընդունելի է:

Մինչեւ ապրիլ 24-ը կայացած ձեռնարկների շարքում, բացի Հռոմի պապի մատուցած պատարագից ու Եւրոպական Խորհրդարանի բանաձեւից, կարեւոր էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարտաշեանի, նրա քրոջ եւ ամուսնու` համաշխարհային ռեփփեր Քանիէ Ուեսթի այցը Հայաստան: Միջազգային առաջատար լրատուամիջոցների կիզակէտում մի քանի օր Քարտաշեանն էր ու Հայաստանը: Քարտաշեանը այցելեց նաեւ Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, ինչը եւս դարձաւ կարեւոր նորութիւն համաշխարհային լրատուամիջոցների առաջին էջերում: Հաշուի առնելով այն իրականութիւնը, որ Քարտաշեանը այսօր հաւանաբար ամէնից յայտնի հայն է աշխարհում, նրա այցը Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանութեան ժողովրդայնացման եւ համաշխարհայնացման հարցում չափազանց կարեւոր էր:

Մի քանի օր յետոյ հայ ժողովուրդը հերթական անգամ բռնելու է Ծիծեռնակաբերդի բարձունքի ճամբան: Նրան են միանալու աշխարհի տարբեր պետութիւնների ղեկավարներ: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է: Մէկ դար է անցել մարդկութեան պատմութեան ամէնից սարսափելի դրուագներից մէկից:

Թաթուլ Յակոբեան

ԱԶԴԱԿ, http://www.aztagdaily.com/archives/236599