100-ամյակը առիթ պետք է լիներ քննելու այն պատճառները, որոնք մեզ հասցրին ցեղասպանության

1522

Հայաստանի առաջին նախագահի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը “168 Ժամ”-ի (թիվ 25, մարտ 19-20, 2015 թ.) հետ զրույցում ասել է, որ Հայոց ցեղասպանության “100-ամյակը նաև առիթ պետք է լիներ խորապես քննելու այն բոլոր պատճառները, որոնք մեզ հասցրին ցեղասպանության, և այն պայմանները, որոնք մեզ հասցրին այն վիճակին, որի դեպքում ցեղասպանությունը հնարավոր դարձավ”։

“Մենք ավելի հանգիստ ու բավարարված ենք զգում մեզ, երբ օտարից խնդրում ենք Ցեղասպանության ճանաչում։ Կարծես թե դա ավելի հարազատ է մեր քաղաքական մշակույթին։ Սակայն չենք անդրադարձել, որ նման մոտեցումն ունի իր ծանր ազդեցությունն այսօրյա մեր քաղաքականության վրա։ Կամ էլ նախընտրում ենք նման մոտեցում` առկա իրավիճակի պատասխանատվությունից խուսափելու համար։ Այս թերի գործունեությունը, ըստ իս, բացատրվում է նրանով, որ սովորություն ունենք անելու այն, ինչ անհրաժեշտ է մեզ լավ զգալու և ոչ անպայման գործը ճիշտ նպատակին ծառայեցնելու համար։ Կարծում եմ` 100-ամյակն իմաստավորելու լավագույն ձևը պիտի լիներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ մի քիչ հարգանք ցույց տալը, վերարժեքավորելը մեր պետականության իմաստը` այդ ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովելով։ Ի՞նչ իմաստ կամ լեգիտիմություն ունի Թուրքիային հայհոյելն ու նրանից այս կամ այն պահանջելը, երբ չենք կարողանում մեր ունեցածն արժևորել` սկսելով մեր ժողովրդից։ Չէ՞ որ մեր այսօրվա Հայաստանի ժողովրդի մի շատ կարևոր մասը այդ նույն Ցեղասպանությունը վերապրողների սերունդն է։ Այդ մարդիկ նրանք են, ովքեր այսօր չեն կարողանում իրենց ընտանիքների հիմնական կարիքները հոգալ”,- ասել է Լիպարիտյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Լիպարիտյանը համակարգել է Հայաստանի՝ Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը: Նա քննադատել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական հռչագիրը. “Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցված է վաղուց։ «Անկախության մասին հռչակագրի» 11-րդ կետն է դա, որում հստակ ասված է. ՀՀ-ն աջակցում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Դրանից անդին արված քայլերը, անշուշտ, հակասում են այդ Հռչակագրի տառին ու ոգուն։ Այսինքն` այն, ինչ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով ասվել է, փոխում է Ցեղասպանության դերը մեր արտաքին քաղաքականության մեջ։ Ուրեմն` և կտրականապես փոխում է մեր արտաքին քաղաքականության հիմքերը”։

“Ես լիովին համաձայն եմ Ցեղասպանության հռչակագրի վերանայման նպատակով Տեր-Պետրոսյանի առաջարկած հիմքերի հետ։ Այստեղ չեմ ուզում մանրամասն ներկայացնել այն բոլոր վտանգները, որոնք այս փաստաթուղթը ներկայացնում է, սակայն անհրաժեշտ է նշել հետևյալը։ Մենք մեր հանրապետության անկախությունը կառուցեցինք` պայքարելով Ռուսաստանի ստեղծած-պարտադրած Սովետի ու նրա տիրապետության դեմ։ Իսկ մենք այնպես ենք խոսում ու այնպիսի քայլեր ենք ձեռնարկում, որ կարծես Թուրքիայից ենք բաժանվել։ Արտաքին քաղաքականություն ենք մշակում, որը ձեռնոց է նետում Թուրքիային, երբ Ռուսաստանն է, որ սպառնում է մեր անկախությանը, ու մենք ինքնիշխանությունը փոքր քայլերով հանձնում ենք Ռուսաստանին։ Ցեղասպանությունն ու նրա հարյուրամյակը շահագործվում է` ծածկելու համար այն, ինչ կատարվում է զուգահեռաբար։ Մեր քաղաքական մտածելակերպը, հետևաբար` նաև այդ հռչակագրի իմաստն ու հետևանքները չենք կարող հասկանալ ու գնահատել, եթե ինքնորոշման կորստի ու Ցեղասպանության տրված դերի միջև օրգանական կապը չտեսնենք”,- ասել է Լիպարիտյանը։

“Հանձնաժողովի հռչակագիրը նորություն էր, թեև զարմանալի չէր։ Մենք սիրում ենք հռչակագրեր։ Սակայն ես պատրաստ չէի ընթերցելու մի փաստաթուղթ, որն ամրագրում է արտաքին քաղաքականության բնագավառում արդեն մի քանի տարի շարունակ ընթացող մեր անկախությանը սպառնացող վտանգավոր փոփոխությունները։ Զոհերի սրբադասման հարցը նույնքան վտանգավոր չէ, որքան այդ հռչակագրի դրույթներն են, սակայն նույնքան մտահոգիչ է։ Սրբադասումը մտահոգիչ է, որովհետև եկեղեցականացնում է մեր պատմությունը, կրոնականացնում` Ցեղասպանությունը։ Պատմության ընկալումն ու մեկնաբանությունը կարևոր գործոններ են մեր ներկայի ընկալման ու ապագայի կերտման տեսակետից։ Կա նաև մի այլ հարց։ Ցեղասպանության զոհերի սրբադասմամբ մենք հետմահու քրիստոնյա Առաքելական Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսն ենք պարտադրում հայ զոհերին, որոնք պատկանում էին կաթոլիկ դավանանքին ու տարբեր ձևով էին ընկալում սրբացումը, բողոքական հայ զոհերի, որոնք ընդհանրապես սրբերի չէին հավատում, և այլ հայերի, որոնք եկեղեցուց կամ ընդհանրապես կրոնական հավատից հեռու էին։ Սրբացումը կարծես առիթ է տալիս եկեղեցուն` խուսափելու մեր այսօրվա պատասխանատվություններից։ Իմ կարծիքով` զոհերի նկատմամբ ավելի մեծ հարգանք ցույց տված պիտի լինեինք, եթե այսօր մեր եկեղեցին սովորական հոգածություն ցուցաբերեր Հայաստանի աղքատներին, քաղցածներին, որբերին։ Իսկ եթե հարցը 100-ամյակի ծրագրերի շեշտադրության մասին է, ավելի կարևոր եմ համարում Ցեղասպանության կապակցությամբ հիմնադրել գիտահետազոտական կենտրոններ, պատրաստել գիտնականների նոր սերունդ, որը կկարողանա միջազգային մակարդակով տեր կանգնել մեր պատմությանը` ամեն տեղ, և մանավանդ` Հայաստանում, ունենալ համապարփակ ծրագիր, որը կարող է համակարգված ձևով, գիտական հիմքերով ու քաղաքական հասունությամբ հակադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը”,- ասել է Լիպարիտյանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի