ԱՆԻ-ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

37036
  1. ՆԱԽԱԲԱՆ

Սույն փաստաթուղթը ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կանոնադրությունն է և ընդունվում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ) ստեղծվել է 2014թ. հոկտեմբերի 31-ին, նրա միակ հիմնադրի թիվ 1 որոշմամբ՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև՝ Օրենք) համաձայն:
  2. Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է հետազոտական, տեղեկատվական, խորհրդատվական, հրատարակչական, գիտական, կրթական, բնապահպանական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:
  3. Հիմնադրամի անվանումն է՝
  • հայերեն լեզվով՝ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ (կրճատ՝ ԱՆԻ  Հիմնադրամ),
  • անգլերեն լեզվով՝ ANI Foundation for Armenian Studies (կրճատ՝ ANI Foundation),
  • ռուսերեն լեզվով՝ Фонд армянских исследований АНИ (կրճատ՝Фонд АНИ):
  1. Հիմնադրամի գտնվելու (ժամանակավոր) վայրն է՝ ՀՀ, քաղաք Երևան 0096, Դավիթ Մալյան նրբանցք 3, բնակարան 56:
  2. Հիմնադրամն ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք՝ Հիմնադրամի խորհրդանիշով:
  3. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը:
  4. Հիմնադրամն ունի անկյունադրոշմ, ձևաթուղթ և անհատականացնող այլ տարբերանշաններ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ Հիմնադրամի անվանման, խորհրդանշի, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների և հասցեների մասին:
  5. Հիմնադրամը իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում պետական գրանցման պահից, գործում է անժամկետ, ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:
  6. Հիմնադրամը գործում է ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
  7. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծել մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, գրասենյակներ և կամ կենտրոններ ՀՀ-ում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օտարերկրյա պետություններում՝ գտնվելու վայրի երկրի օրենսդրության համաձայն:
  8. Հիմնադրամն իրավունք ունի զանգվածային լրատվության միջոցներ (տպագիր և էլեկտրոնային) հիմնադրել ՀՀ-ում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օտարերկրյա պետություններում՝ գտնվելու վայրի երկրի օրենսդրության համաձայն:
  9. Հիմնադրամը, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների:
  10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և որպես սեփականություն, ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  11. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում՝ ՀՀ դրամով և (կամ) արտարժույթով:
  12. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև` Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձերի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված` փոխհատուցման ենթակա ծախսերի:
  13. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով Հիմնադրամին տրված նվիրաբերությունը այլ նպատակներով կարող է օգտագործվել միայն նվիրաբերողի համաձայնությամբ:
  14. Հանգանականությունից ստացված միջոցները Հիմնադրամում կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես:
  15. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
  16. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում Հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
  17. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ միջազգային պայմանագրերին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
  • ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
  1. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված ամբողջ եկամուտը օգտագործվում է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների և նպատակների իրականացման համար:
  2. Հիմնադրամը իր հիմնական առաքելությունն է համարում.
    • նպաստել ՀՀ-ի կողմից հավասարակշռված և կառուցողական ներքին ու արտաքին քաղաքականության որդեգրմանն ու իրականացմանը,
    • կանխատեսել և բարձրաձայնել ծագող հիմնախնդիրները, այդ նպատակով` հանրային քննարկումների միջոցով ձևավորել հասարակական տրամադրություններ,
    • հետազոտությունների և վերլուծությունների միջոցով օգտակար լինել կայացվելիք նախաձեռնություններին ու որոշումներին,
    • քաղաքականություն ձևավորողներին ու իրականացնողներին տեղեկացնել ՀՀ-ի և նրա շուրջ կատարվող` արտաքինից չերևացող վտանգների, փոփոխությունների և նոր նախաձեռնությունների մասին,
    • նպաստել ուժեղ քաղաքացիական հասարակության կայացմանը,
    • հետազոտական, գիտակրթական, տեղեկատվական, հրատարակչական և այլ գործունեությունների միջոցով ներդրում կատարել մարդկային կայուն զարգացման մեջ, տարածաշրջանային և ազգային հարցերում ընդլայնել մարդկանց իմացության սահմանները,
    • իր հրատարակությունները վերածել արևմտահայերենի և դասական ուղղագրության` նպաստելով արևմտահայերենի տարածմանը և այդ ճանապարհով` հայկական սփյուռքի ավելի լայն ներգրավմանը,
    • իր հրատարակությունները տարածել այլ լեզուներով` նպաստելով Հայաստանի մասին այլ պետությունների հետաքրքրության ընդլայնմանը,
    • առաջ քաշել անկախ և նորարարական գաղափարներ ու հեռանկարներ, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ի և հայկական սփյուռքի համար,
    • իր հրատարակություններով նպաստել, որպեսզի սփյուռքյան կազմակերպությունները և անհատները ավելի մեծ ներգրավում և ներդրում ունենան ՀՀ սահմանային համայնքների զարգացման ու բարգավաճման գործում:
  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  1. Հիմնադրամի նպատակներն են.
    • կենտրոնանալ ՀՀ հրատապ և կարևոր խնդիրների վրա, որոնց թվում են արտաքին և ներքին քաղաքականությունը, ժողովրդագրությունը, արտագաղթը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տարածքային կառավարումն ու համաչափ զարգացումը, տեղական ինքնակառավարումը, մարդու իրավունքները,
    • ուշադրության կենտրոնում պահել Արցախյան և կովկասյան մյուս հակամարտությունները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, տարածաշրջանային և տարածաշրջանի վրա անմիջական ազդեցություն ունեցող տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները,
    • տարեկան և թեմատիկ զեկույցների և այլ հրատարակությունների, հանրային քննարկումների, գիտաժողովների և կլոր սեղանների միջոցով քաղաքացիներին տրամադրել համապարփակ տեղեկատվություն,
    • կազմակերպել գիտաժողովներ, կլոր սեղաններ, հանրային այլ քննարկումներ` նպաստելու հայ հանրության վերլուծական ընդունակությանը, ինչպես նաև` աջակցելու ընդհանուր մոտեցումների ձևավորմանը,
    • ներդրում ունենալ Անդրկովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում,
    • համագործակցել հայկական սփյուռքի կազմակերպությունների և անհատների հետ` համատեղ հետաքրքրություն ներկայացնող մարտահրավերներին դիմակայելու նպատակով,
    • սփյուռքյան տարբեր գաղթօջախներում լույս տեսնող գրքերն ու գրականությունը ներկայացնել Հայաստանում,
    • այդ նպատակները իրականություն դարձնելու համար անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին, հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ:
  1. Հիմնադրամի խնդիրներն են.
  • քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին, քաղաքացիական հասարակությանը և փորձագիտական հանրությանը ներգրավել ՀՀ-ի և տարածաշրջանի համար կարևոր զարգացումների շուրջ հրապարակային և մասնավոր քննարկումներում,
  • թողարկել տարածաշրջանին, ՀՀ-ին ու կոնկրետ երկրի վերաբերող մարտահրավերների և հնարավորությունների մասին անկախ և հավաստի վերլուծություններ, ինչպես նաև՝ ստեղծել հակամարտությունների, սպառազինությունների, դրանց վերահսկողության և ապասպառազինման՝ բաց աղբյուրների վրա հենվող տվյալների բազա և հետազոտություններ,
  • սեփական ուսումնասիրություններից բացի` ներգրավվածություն ունենալ տարածաշրջանային և միջազգային հետազոտական ծրագրերում, պատրաստել համատեղ զեկույցներ և վերլուծություններ, համագործակցել աշխարհում համանման հիմնադրամների ու հաստատությունների հետ, կապեր հաստատել անհատ հետազոտողների, քաղաքական և հասարակական գործիչների հետ, սերտորեն համագործակցել միջկառավարական և միջազգային կազմակերպությունների հետ,
  • ապահովել իր հետազոտողների ու փորձագետների մասնակցությունը հրապարակային քննարկումներում՝ թերթերում, պարբերականներում և մասնագիտացված հանդեսներում տպագրության հանձնված հոդվածներով, լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներով, հայկական և արտերկրի ուսումնական հաստատություններում դասախոսություններով, ինչպես նաև՝ երկրի ներսում ու արտերկրում կլոր սեղաններին, գիտաժողովներին և համանման միջոցառումներին մասնակցությամբ,
  • գործունեության արդյունքները տարածել իրեն հասու խողովակներով՝ Հիմնադրամի կայքի օգնությամբ, լրատվամիջոցներով և հաղորդակցական ծրագրերով, սեփական լրատվամիջոցներով, կլոր սեղաններով և գիտաժողովներով, տեղեկատվություն տարածելու ժամանակակից այլ տեխնոլոգիական հնարավորություններով, մասնավորապես` սոցիալական ցանցերով,
  • հյուրընկալել խորհրդարանական, գիտական և կառավարական պատվիրակություններ, ինչպես նաև հրավիրյալ հետազոտողներ և պրակտիկանտներ, ովքեր աշխատում են Հիմնադրամի հետազոտական ծրագրերին առնչվող հիմնախնդիրների վրա:
  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
    1. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը  ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
    2. Հիմնադրամը IV բաժնում թվարկված նպատակները և խնդիրները հետապնդելիս կարող է անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
      • գրքերի, ամսագրերի, թերթերի և նմանատիպ այլ պարբերականների, ինչպես նաև՝ շաբաթական, ամսական կամ այլ պարբերականությամբ տպագիր և կամ էլեկտրոնային զեկույցների, հաշվետվությունների և վերլուծական նյութերի հրատարակում, տարածում կամ վաճառք,
      • ռեպորտաժների (տպագիր մամուլ), հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պատրաստում, տարածում և հեռարձակում,
      • տեղեկատվական ցանցի ստեղծում, տվյալների շտեմարանի մշակում և վաճառք, նաև՝ խորհրդատվություն այդ բնագավառում,
      • ռազմավարական հետազոտություններ և զեկույցներ հասարակական, հումանիտար, բնական, տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում,
      • գիտահետազոտական աշխատանքներ՝ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կրթության, տնտեսության, բնապահպանության, տնտեսագիտության, կառավարման (ներառյալ՝ տեղական ինքնակառավարում), ֆինանսների, գործարարության, սոցիոլոգիայի, իրավագիտության և այլ բնագավառներում,
      • խորհրդատվություններ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կրթության, տնտեսության, բնապահպանության, տնտեսագիտության, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, առևտրային գործունեության, ֆինանսական վերլուծության, իրավական հարցերով,
      • քաղաքական ու տնտեսական մարքեթինգ, շուկայի վիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում,
      • գովազդի արտադրություն և տեղաբաշխում, ինչպես նաև՝ էլեկտրոնային կամ տպագիր միջոցներով գովազդի տեղաբաշխում և տարածում,
      • միջազգային փաստաթղթերի, օրենքների և այլ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակում,
      • գիտակրթական գործունեության և մասնագետների պատրաստման ու վերապատրաստման իրականացում, այդ թվում՝ ուսուցման կենտրոնների, սեմինարների, դասընթացների, գիտական դասախոսությունների, նպատակային և ուսումնական այցերի, շրջագայությունների, հավաքների, ժողովների, սեմինարների, գիտաժողովների և համաժողովների կազմակերպում,
      • այլ անձանց համար ներկայացուցչական, այդ թվում՝ առևտրային ներկայացուցչության գործունեության ծավալում:
    3. Հիմնադրամի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվություն ստանալու պահից՝ նրանում նշված ժամկետում:
    4. Եթե օրենքով և իրավական ակտերով սահմանված դեպքերում գործունեության որևէ տեսակով զբաղվելը բացառում է գործունեության այլ տեսակներով զբաղվելու հնարավորությունը, ապա Հիմնադրամը կարող է իրականացնել նաև ձեռնարկատիրական գործունեություն՝ ստեղծելով դուստր կամ կախյալ տնտեսական ընկերություն (ընկերություններ):
  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
  1. Հիմնադրամի հիմնադիրն է  Արմենուհի Լարվենտի Մանուկյանը,  ՀՀ քաղաքացի, ծնված 22.09.1975թ., հաշվառված` ք. Երևան 0017, Սարի Թաղ 5 փողոց, 16 տուն, 13.07.1993, բնակվող` ք. Երևան 0096, Դավիթ Մալյան նրբանցք 3, բնակարան 56 հասցեում, անձնագիր` AM 0669527, տրված` 12.03.2012թ., 009 կողմից:
  2. Հիմնադրամի շահառուներն են այն անձինք, որոնց օգտին Հիմնադրամը կատարել է վճարումներ, մատուցել ծառայություններ կամ նրանց փոխանցել Հիմնադրամի գույքն ամբողջությամբ կամ դրա որոշ մասը:
  3. Հիմնադրամի շահառուները գիտական, կրթական, նորարարության և սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են, մասնավորապես.
    • ՀՀ-ն և նրա համայնքները, ՀՀ կառավարության անդամները և պաշտոնյաները, քաղաքականություն վարողներն ու կատարողները, համայնքները, քաղաքացիական/հանրային ծառայողները, գործարար մարդիկ, վերլուծաբանները և փորձագետները՝ քաղաքագիտության, կրթության, տնտեսագիտության, բնապահպանության, կառավարման, ֆինանսների, մշակույթի, մամուլի, սոցիոլագիայի և իրավագիտության բնագավառներում գործունեություն ծավալող՝ ՀՀ և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, այլ պետությունները և միջազգային կազմակերպություններ և հաստատություններ, որոնց Հիմնադրամը կարող է մատուցել իր կանոնադրական նպատակներից բխող ծառայություններ,
    • քաղաքագիտության, կրթության, տնտեսագիտության, բնապահպանության, կառավարման, ֆինանսների, մշակույթի, սոցիոլոգիայի և իրավագիտության բնագավառներում գործող տեղական, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ հետազոտություններ իրականացնող, գիտելիքներ տարածող կամ լուսաբանող գիտական, կրթական և/կամ հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև այդ ոլորտներում ընդգրկված ֆիզիկական անձինք,
  • ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  1. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի.
    • անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին,
    • հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ,
    • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար,
    • ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ,
    • ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը,
    • ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին,
    • իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
  2. Հիմնադրամը պարտավոր է՝
  • գործել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան,
  • օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ,
  • իրականացնել օրենով սահմանված այլ պարտականություններ,
  • Հիմնադրամում ներդրում կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով 5-օրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, դրանում կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն, այդ անձանց պահանջով նրանց տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Նշված փաստաթղթերն իրավասու պետական մարմիններին տրամադրվում են անվճար:
  • ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
  1. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից փոխանցված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը, որը կազմավորվում է Հիմնադրամի պետական գրանցումից հետո 3 ամսվա ընթացքում՝ այդ գումարը Հիմնադրամի հաշվարկային հաշվին մուտքագրելով:
  2. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, գույքային իրավունքներ (ներառյալ՝ արժեթղթեր, բաժնետոմսեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), ինչպես նաև` օրենքով չարգելված այլ գույք:
  3. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր գործունեության առարկային և նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:
  4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են.
  • հիմնադրի ներդրումը,
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները, նվիրաբերությունները և հանգանակությունները, կամավոր ֆինանսական և նյութական ներդրումներն ու անհատույց հատկացվող միջոցները,
  • դրամական մուտքերը պետական բյուջեից,
  • դրամաշնորհները,
  • Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
  • հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (միջոցառումների միջոցով հայթայթված գումարներ),
  • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:
    1. Հիմնադրամի հիմնադրի և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ներդրումները, նվիրաբերությունները կամ հանգանակությունները կարող են կատարվել ինչպես դրամական և գույքային տեսքով (ներառյալ` սարքավորումներ, շենքեր, շինություններ, մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), այնպես էլ գույքի նկատմամբ գույքային իրավունքների, այդ թվում՝ ծառայությունների մատուցման տեսքով: Ընդ որում, տրամադրվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է համապատասխան անձի և Հիմնադրամի միջև կնքվող պայմանագրում:
    2. Հիմնադրամի տնօրինման, օգտագործման, տիրապետման տակ գտնվող անշարժ գույքը, այդ թվում` հողամասը, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրական նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գիտական, փորձարարական (գիտական ենթակառուցվածք) գույքը կարող է օտարվել միայն հիմնադրի համաձայնությամբ:
    3. ՀՀ տարածքում Հիմնադրամի սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո:
    4. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:
    5. Հիմնադրամի ծախսերը լինում են կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսեր և վարչակառավարչական ծախսեր:
    6. Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար նախատեսված ծախսերը Հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին՝ ըստ նպատակների (ծրագրերի) և օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար նախատեսված ծախսերում ներառվում են նաև Հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև՝ կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, վարձակալության, շինարարության ծախսերը:
    7. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերն իրենց մեջ ներառում են Հիմնադրամի կառավարման, Հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:
    8. Հիմնադրամի գործարքները և բանկային հաշիվներից վճարումները կատարվում են ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով:
    9. Հիմնադրամը ինքնուրույն է իրականացնում իր կանոնադրական խնդիրները: Հիմնադրամը ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում իր զարգացման հեռանկարները և որոշումներ ընդունում իր գործունեության վերաբերյալ:
    10. Հիմնադրամի հարաբերություններն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր բնագավառներում իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:
    11. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ Հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունել ՀՀ գործող օրենսդրությանը չհակասող որոշումներ:
  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  1. Հիմնադրամի մարմիններն են.
  • Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը,
  • Հիմնադրամի Տնօրենը:
    1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և Հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որը կազմված է 3 անդամից:
    2. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:
    3. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամը չի կարող լինել Հիմնադրամի տնօրեն:
    4. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած ֆիզիկական անձինք, այդ թվում` հիմնադիրը:
    5. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են Հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից` իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
    6. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են Հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է Հոգաբարձուների խորհուրդը:
    7. Հիմնադրամի նպատակներին ու գործունեությանը համապատասխան Հիմնադրամի աշխատանքներին օգնություն ցուցաբերող, ինչպես նաև Հիմնադրամի ծրագրերի իրականացմանը նպաստող անձանց Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ շնորհվում է Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները կարող են խորհրդի աշխատանքներին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելու միջնորդությունը ներկայացնում է Հոգաբարձուների խորհրդի նախագահը:
    8. Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամների իրավազորությունների շրջանակը, Հիմնադրամի գործունեությունում նրանց մասնակցության կարգը և այլ հարցերը սահմանվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվող Հիմնադրամի համապատասխան ներքին կանոնակարգով:
    9. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները:
    10. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն.
  • առաջարկություններ ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ,
  • նախապատրաստել և Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր,
  • ստանալ տեղեկություններ hիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ,
  • ստանալ իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
    1. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են.
  • մասնակցել Հոգաբարձուների խորհրդի նիստերին,
  • իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով hիմնադրամի շահերից:
    1. Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը ձևավորվում է հիմնադրի որոշմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունները սկսվում են Հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:
    2. Հոգաբարձուների խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են ռոտացիոն սկզբունքով՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ 65-րդ կետով նախատեսված դեպքի:
    3. Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամները նշանակվում են հետևյալ սկզբունքով. առաջին անդամը՝ երեք տարի, երկրորդ անդամը՝ երկու տարի, իսկ երրորդ անդամը՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետներով: Հոգաբարձուների խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակվում է խորհրդի նոր անդամ՝ ազատված անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:
    4. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է.
  • Հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված նրա գրավոր դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից,
  • նրա կողմից իր պարտավարությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ Հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով` խորհրդի տվյալ նիստում ընդունված որոշմանը հաջորդող օրվանից,
  • լիազորությունների ժամկետի ավարտի դեպքում,
  • նրա մահվան դեպքում՝ մահվան մասին տեղեկությունը Հիմնադրամին հայտնի դառնալու օրվանը հաջորդող օրվանից:
    1. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամի ընտրության համար թեկնածու է առաջադրում հիմնադիրը, իսկ եթե հիմնադիրը մահացել է, կամ Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 20 օրվա ընթացքում թեկնածու չի առաջադրում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել Հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում տնօրենը պետք է այդ մասին պատշաճ ձևով (առձեռն կամ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով) ծանուցի հիմնադրին, Հոգաբարձուների խորհրդի անդամներին և օրենքով նախատեսված այլ անձանց:
    2. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամն ընտրվում է խորհրդի կողմից՝ 65-րդ կետում նշված ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների 2/3-ով: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար ձայների անհրաժեշտ քանակ, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է նոր քվեարկություն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է ձայների առավելագույն քանակ:
    3. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են.
  • Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը և ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը,
  • Հիմնադրամի բյուջեի, դրանում փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը,
  • Հիմնադրամի գույքի տնօրինման (գույքի նպատակային օգտագործման) կարգի հաստատումը,
  • Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը,
  • Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
  • Հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը, լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի և ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը,
  • Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
  • Հոգաբարձուների խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը,
  • Հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարման կարգը,
  • Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելու, պատվավոր անդամին այլ շնորհակալագրեր, պատվոգրեր և այլ իրավունքներ վերապահելու, խորհրդի պատվավոր անդամների իրավազորությունների մասին որոշումների (աշխատանքային ներքին կանոնակարգում) ընդունումը,
  • Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը,
  • տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցություն ձեռք բերելու մասին որոշումների ընդունումը,
  • Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը,
  • Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը,
  • սույն կանոնադրությամբ հաստատված պարբերականությամբ տնօրենի հաշվետվությունների լսումը,
  • իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը,
  • Հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտոր ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը և աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը,
  • տնօրենի ներկայացմամբ հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը,
  • Հիմնադրամի տնօրենին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը,
  • ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավասությունների իրականացումը,
  • Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը:
    1. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
    2. Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալ Հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:
    3. Հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է խորհրդի նախագահը, որն ընտրվում է խորհրդի կողմից, նրա կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ: Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
  • կազմակերպում է Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել Հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված hիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և օրենքով նախատեսված դեպքերում հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար,
  • հրավիրում է Հոգաբարձուների խորհրդի նիստեր՝ անձնական նախաձեռնությամբ, խորհրդի յուրաքանչյուր անդամի կամ տնօրենի առաջարկությամբ և նախագահում է դրանք,
  • նախապատրաստում է Հոգաբարձուների խորհրդի նիստերը, որոշում և հաստատում խորհրդի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի արձանագրությունների վարումը,
  • ստորագրում է Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները և խորհրդի որոշումները,
  • Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ,
  • Հիմնադրամի տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր,
  • իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
  1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև խորհրդի յուրաքանչյուր անդամի կամ Հիմնադրամի տնօրենի առաջարկությամբ կամ պահանջով՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև՝ հարցման կարգով: Եթե նշված ժամկետում Հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
  2. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, Խորհրդի որոշմամբ, կատարում է Խորհրդի անդամներից մեկը: Եթե Խորհրդի նիստում քննարկվում է Հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
  3. Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 10 օրվա ընթացքում՝ առնվազն երկու օրինակով, որը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող բոլոր անդամները: Նիստը նախագահողը պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար: Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստում ընդունված որոշումները: Արձանագրության մեջ նաև նշվում են.
  • նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
  • նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քանակը,
  • նիստին մասնակցած անձանց քանակը,
  • նիստի օրակարգը:
    1. Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները կազմվում են հայերեն լեզվով:
    2. Հիմնադրամի գործադիր մարմինը տնօրենն է, որի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Տնօրենը կազմակերպում է Հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը: Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է Հոգաբարձուների խորհուրդը իր ընդհանուր թվի կազմի մեծամասնությամբ: Տնօրենի պաշտոնում առաջին անգամ նշանակում կատարվել է Հիմնադրամի հիմնադրի որոշմամբ:
    3. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է Հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ Հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորված այլ անձ:
    4. Տնօրենը.
  • տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից,
  • ներկայացնում է Հիմնադրամը ՀՀ-ում և օտարեկրյա պետություններում,
  • գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր,
  • սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային,
  • բանկերում բացում է Հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝ արտարժույթային) և այլ հաշիվներ,
  • Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու Հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը,
  • իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
  • սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին,
  • աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
  • իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և Հոգաբարձուների խորհրդի կողմից տնօրենին վերապահված այլ լիազորություններ:
    1. Տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն Հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:
    2. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով: Տնօրենի բացակայության դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես (մինչև տնօրենի կամ տնօրենի պաշտոնակատարի նշանակումը) կատարում է տնօրենի տեղակալը:
    3. Տնօրենն իր գործունեության համար, յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո 70 օրվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում Հոգաբարձուների խորհրդին, որի կողմից հաշվետվությունը հավանության չարժանացնելը հիմք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:
  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ մարմիններ: Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
  2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի հիմնադրամի անվանումը:
  3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանմումների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա:
  4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են հաշվառման:
  1. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՏԱՐԻՆ,  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ,  ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
  1. Հիմնադրամի ֆինանսական տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին օրը և վերջանում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին օրը, բացառությամբ առաջին ֆինանսական տարվա, որը սկսվում է Հիմնադրամի գործունեության առաջին օրը: Հիմնադրամն ընթացիկ հաշվապահական հաշվառում է վարում ՀՀ գործող օրենսդրությանը և հաշվապահական չափանիշներին համապատասխան:
  2. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ հաշվետվությունները պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև` Հիմնադրամի մարմինների և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
  3. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
  4. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ, եթե Հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում Հոգաբարձուների խորհրդի կողմից:
  5. Հիմնադրամը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը, հրապարակում է տարեկան հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվության բովանդակությունը պետք է համապատասխանի Օրենքի պահանջներին:
  • ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
  1. Հիմնադրամի գործունեության դադարումը կարող է իրականացվել նրա լուծարման կամ միացման և միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում:
  2. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն Հիմնադրամի` այլ Հիմնադրամին միացման կամ այլ Հիմնադրամի հետ միաձուլման ձևով: Հիմնադրամի վերակազմակերպումն իրականացվում է Հիմնադրամի հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ դրա անհնարինության դեպքում Խորհրդի որոշմամբ՝ Խորհրդի անդամների ձայների 2/3-ով:
  3. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելու իրավունք ունի միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի լուծարման մասին որոշումը ընդունվում է Խորհրդի անդամների ձայների 2/3-ով:
  4. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է oրենքով նախատեսված հիմքերով և սահմանված կարգով: Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե.
  • hիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ,
  • իր գործունեությամբ Հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից,
  • հնարավոր չէ հասնել Հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ,
  • օրենքով նախատեսված այլ դեպքերում:
    1. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, նրա մնացած գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` ուղղվում է ՀՀ պետական բյուջե:
  • ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. Սույն կանոնադրության մեջ ցանկացած փոփոխություն և (կամ) լրացում, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրության հատատում իրականացնելու իրավասությունը պատկանում է Հիմնադրամի հիմնադրին՝ վերջինիս որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին՝ վերջինիս անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ով ընդունվող որոշմամբ:
  2. Սույն կանոնադրությունն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում գրանցման պահից: